Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԻՍԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐ ԷՐ



Այլևս մեր շարքերում չէ Արցախ (Դալտոն) Բունիաթյանը։ Միշտ էլ դժվարությամբ է ընկալվում բժշկի կորուստը, չես հավատում, որ բազմաթիվ մարդկանց ցավը ամոքող, կյանքեր փրկած մարդն էլ կարող է հանձնվել, անողոք ժամանակի զոհը դառնալ։ Բժիշկ Բունիաթյանի կորուստն առավել ցավալի է այն հարյուրավոր ազատամարտիկների, զինվորների համար, որոնց նա առանց հապաղման վիրահատում էր հենց ռազմադաշտում։ Նա իր գործն անում էր չափազանց բարձր մասնագիտական վարպետությամբ, ինչի շնորհիվ էլ վիրավորների, բուժվողների ճնշող մեծամասնությունը վերադառնում էր շարք և շարունակում էր ազատագրական պայքարը։

Բնիկ արցախցի էր, ապրում, աշխատում էր Աբովյան քաղաքում։ Աբովյանցիների, շրջանի գյուղերի բնակչության համար դարձել էր հոգատարության, ազնվության ու բարության խորհրդանիշ։ Հաշվի առնելով մասնագիտական կարողությունները՝ կոմունիստները նրան նշանակեցին հիվանդանոցի բաժնի վարիչ։ Որոշ ժամանակ աշխատեց ու հրաժարական տվեց։ Նա չէր կարողանում մերվել կոմունիստական վարքուբարքի հետ, առնել ու տալ, բավարարել ղեկավարության պահանջները։ Հայրենասեր էր բառիս բուն իմաստով. երկար տարիներ ամեն օր մեկուսի խոսում էր Արարատ լեռան հետ և իր թաքուն խոսքերը, մտորումները գրառում էր օրագրում։ Նա այն առաջադեմ ազգային գործիչներից էր, որոնց մեջ էին լրագրողներ Արամայիս Հարությունյանը, Արփեն Մովսիսյանը, Կամո Տոնյանը, բանաստեղծ, հրապարակախոս Իգնատ Մամյանը, նկարիչներ Սամվել Սևադան, Ժորա Բարսեղյանը և ուրիշներ։ Նրանց մեջ էր նաև սիրելի կինը՝ լրագրող Սոնա Հովեյանը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա փորձեց միանալ Հայաստանում արմատավորվող ազգային կուսակցություններին՝ խոսքով, գործով օգուտ տալ երկրին, սակայն շուտով, բոլորից հիասթափված, մեկնեց Արցախ, որտեղ օր օրի թեժանում էին մարտերը, և ռազմադաշտային բժիշկների պահանջը չափազանց մեծ էր։ Պատերազմի ընթացքում և պատերազմից հետո աշխատեց առաջնագծում, հիմնականում՝ Մարտունու ուղղությամբ։

Մաքրամաքուր մարդկանց միջավայրում գործելը նրա տարերքն էր։ Հետագայում, երբ Քաշաթաղը նոր շունչ ու մարմին ստացավ, Արցախ Բունիաթյանին նշանակեցին նորաստեղծ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Կարճ ժամանակում նա ոչ միայն հիվանդանոցի աշխատանքները կարգավորեց, այլև դարձավ տարածաշրջանի մտավորականներին, արվեստագետներին միավորող, համախմբող մի ուժ՝ բոլորի համար էլ ցանկալի, սիրելի, որովհետև ո՛չ դիրքը, ո՛չ կոչումն ու պաշտոնը երբևէ չփոխեցին նրան։

Նա էությամբ շարքային էր, հայրենիքի շարքային զինվոր։ Քչերին է հաջողվում այդպիսին լինել, այդպես ապրել։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ճակատագրեր


01/08/2012