Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՄՆ ԱՅՐՎԵՑ-ՎԵՐՋԱՑԱՎ



1.

Մայոր Սիդելնիկովը Տատյանինսկոյե գյուղ բերեց իր գումարտակի սպանված սերժանտի դագաղը։

Մեքենան կանգ առավ լորենիներով շրջապատված տան մոտ։ Իսկույն հավաքվեցին մարդիկ ու լուռ նայում էին, թե ոնց են շրջզինկոմիսարիատի պրապորշչիկներն ու անծանոթ մայորը թափքից իջեցնում ցինկե դագաղը։

-Էս էլ քեզ Չեչնիա, ժողովրդի քթից է բերում։

-Էդ շան որդիք կկոտորեն մեր երեխեքին։

-Հա… վարպետ են էդ գործում։ Մերոնց գնդակի բերանն են ղրկում, իսկ իրենց երեխեքին հարուստ քոլեջներում են դրստել ու արտասահմաններ ուղարկել, որ բանակում չծառայեն։

-Բա ո՜նց, նրանց երեխեքը բնատուր տաղանդներ են…

Ինչքան մայորն ու պրապորշչիկները դագաղը մոտեցնում էին տան առմուտքին, այնքան ավելի պարզորոշ էին լսվում ամբոխի ձայները։

-Երբ է էս մարդակերությունը վերջանալու։

-Մինուճարին սպանեցին…

-Տան միակ կերակրողին…

Դագաղը ծանր չէր։ Մայորը ուսին դրած ու գլուխը կախ գնում էր առջեւից։ Սերժանտ Գոլուբեւի մարմինը լրիվ այրվել էր ու արդեն ծանր չէր։ Հետեւակի մարտական մեքենան խփեցին հենց այն անիծյալ գյուղի ծայրին, որը պետք էր գրավել։ Բոլորը հասցրին դուրս նետվել, բայց Գոլուբեւը, որն օգնում էր դեռ կռվի երես չտեսած նորեկ դեսանտնիկներին դուրս գալ ԲՄՊ-ի միջից, չհասցրեց. երկրորդ նռնակը պայթեց շարժիչի մոտ, ու մեքենան վայրկենապես բռնկվեց, սկսեց պայթել զինամթերքը…

Սիդելնիկովի գումարտակի կորուստները մեծ չէին։ Մեկ տարվա համարյա անընդմեջ մարտերում ինը սպանված ու երեսուն վիրավոր։ Եվ իննից ընդամենը չորս զինվոր։ Մնացածը պրապորշչիկներ ու լեյտենանտներ։ Լեյտենանտներն էլ, ի դեպ, նույնպիսի տղեկներ էին, բայց ժամկետայինների վրա Սիդելնիկովն ավելի էր դողում-պահպանում։

Երեքին էլ նա ինքն էր տարել ծնողներին։

Գոլուբեւը չորրորդն էր։

Երբ մոտեցան առմուտքին, դուռն աղմուկով բացվեց։ Դռան մեջ կանգնած էր վիթխարի մի ծերունի եւ, ալեհեր գլուխը թափահարելով, մի ձեռքում կացինն էր բռնել, իսկ մյուսով շոշափում էր առջեւի տարածությունը։ Նրա անշարժ աչքերի բիբերը թաքնված էին կոպերի տակ, եւ այդ կույր հայացքը խոցեց մայորին, ու նա փախցրեց հայացքը։

-Ձեզնից ո՞վ է Վանյայի հրամանատարը։ Ո՞վ,-որոտաց ծերունին ու կացինը թափահարեց այնպիսի ուժով, որ կարծես ձեռքին ոչ թե կացին էր, այլ միայն դրա կոթը։

Ամբոխը չէր կարեկցում մայոր Սիդելնիկովին, ու վերջինս դա զգում էր։ Ու հասկանում, որ իրեն այստեղ չեն խղճալու։ Եթե այս հսկան հիմա իր գլուխը ջարդի, մարդիկ իրենց բավարարված կզգան։

Մայորը գիտակցում էր, որ ինքը, հենց ինքը՝ դեսանտային գումարտաի հրամանատարը, որ տասնմեկ ամիս շարունակ չդադարող կռվում կորցրել է զգալիորեն ավելի քիչ անձնակազմ, քան հարեւանները, եւ որին, ինչպես իրեն թվում էր, սիրում էին զինվորները եւ հարգում կրտսեր սպաները, հենց ինքն է հիմա սերժանտ Գոլուբեւի համագյուղացիների աչքում չարի եւ ողջ այն կեղտի մարմնավորումը, որ արդեն քանի տարի իր կպչուն ու նողկալի սարդոստայնի մեջ է առել երկիրը։

Մարտական մեքենաների շարասյունը ինքը՝ կոմբատ Սիդելնիկովն է ղեկավարել։ Ո՛չ երկրի պրեզիդենտը, ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ գնդի հրամանատարը, այլ ինքը՝ մայոր Սիդելնիկովը։

Իսկ գուցե հենց այստեղ էլ պետք է մեռնել։ Մեռնել, քանի դեռ տանից դուրս չի եկել սերժանտի մայրը։ Որպեսզի հարկ չլինի նայել նրա աչքերին։ Որպեսզի բառեր փնտրելու հարկ չլինի։ Այս հանկարծահաս միտքը բարակ պողպատալարի պես ծակեց- անցավ ողջ մարմնով։

-Ես եմ։ Գումարտակի հրամանատար մայոր Սիդելնիկովը։

-Ուրեմն, էդ դու՞ ես մեր Վանյուշկային մահվան ուղարկել։

-Ճիշտ այդպես, ես։

Մայորը նայում էր ծերունու դեմքին, նրա ճակատին թռած սարսափազդու աչքերին։

-Հիմա ես քեզ կտոր-կտոր կանեմ,- ասաց ծերունին,-որպես անմեղ հոգի կործանող□ ծնողի իրավունքով։ Ախր, Վանյուշային հոր տեղ եմ եղել…

-Խփի՛ր, հայրի՛կ,-պատասխանեց մայորը։- Ահա կանգնած եմ ուղիղ քո առաջ։

Ամբոխը քարացել էր։ Բայց հիմա արդեն նրա լռության մեջ ինչ-որ բան փոխվել էր։

Ծերունին դանդաղ իջեցրեց ձեռքն ու դեն գցեց կացինը, ապա դողացող ձայնով արտաբերեց.

-Տուն տարեք Վանյային։ Տարեք մոր մոտ։

Մայոր Սիդելնիկովն ու պրապորշչիկները բարձրացրին դագաղը։ Նրանց մոտեցան մի քանի տղամարդ եւ օգնեցին։ Եվ երբ հաղթահարում էին առաջին աստիճանները, ծերուկը բարձրացրեց վիթխարի դողացող ձեռքերը՝ հեծկլտաց.

-Նայեք, մարդիկ։ Որդիս բանակից վերադարձել է։ Հարազատ մոր մոտ է եկել։ Վա՛յ, մերիկ ջան…

2.

Մայրը նստած էր անկյունում, Կազանյան Աստվածամոր սրբապատկերի տակ։ Մայորը հիշեց, որ նույնպիսի նկար տեսել է սերժանտ Գոլուբեւի ԲՄՊ-ի մեջ։ Երբ ներս բերեցին դագաղը, կինը ուզեց կանգնել, բայց միայն դողաց ողջ մարմնով, գլուխը ետ ընկավ ու կամացուկ հոգոց հանելով՝ սահեց հատակին□ Նրան բռնեցին, արձակեցին կոֆտայի օձիքը…

-Դրեք բազմոցին,-կարգադրեց ծերունին։-Թող պառկի։ Նվաղեց, նվաղեց□աղջիկս։ Մենակ թողեք մեզ։ Հեռացեք…

Մայորը դուրս եկավ վերջինը։

-Դե ինչ, ընկեր մայոր,-հարցրեց մուտքի մոտ, բազրիքին հենված տղամարդը, որ ոտքը առաջ էր պարզել ու հետեւում թաքցրել անթացուպը։-Շա՞տ եք դեռ մինիստրներին ու նրանց խորհրդականներին սիրաշահելու, թե սկսելու եք կռվել ոնց հարկն է։

Մայորը նայեց նրա գորշ աչքերին ու պատասխանի փոխարեն ծխախոտ խնդրեց։

-Կներես, էժանագին եմ ծխում։

-Տու՛ր։ Զինվորի ծխախոտ է։

-Հա, ինձ էլ Աֆղանն է հիշեցնում։ Դրա համար էլ ծխում եմ… հին սովորությամբ□

-Իսկ ես էնտեղ չհասա։ Չորս անգամ զեկուցագիր գրեցի։ Չհասցրի։

– Ափսոսու՞մ ես, որ չես եղել։-Գորշ աչքերով տղամարդը քմծիծաղեց։-Մի ափսոսա։ Թե՞ էդ աղբից Չեչնիայում չկա։

-Չեմ կարող համեմատել։-Մայորը խոր ներս քաշեց ծուխը, հարցրեց։- Անթացուպդ էնտե՞ղ ես վաստակել…

-Էնտեղ։ Ականի վրա։ Հակահետեւակային էր, իտալական։ Լեյտենանտը առջեւից էր գնում։ Ես երկրորդն էի։ Բախտս բերեց։ Լեյտենանտինը՝ չէ։ Ճիշտ է, ոտքս էնտեղ մնաց, էնպես որ՝ հիմա մի ոտքով էստեղ եմ, մեկով՝ էնտեղ□ Բառի բուն իմաստով։-Եվ աֆղանցին կարճ ու չար ծիծաղեց։

-Ծանր խոսակցություն է։ Իսկ իմ սերժանտը քեզ նման էր։ Նույն աչքերն են, ճակատը…

-Զարմիկս էր։ Շուրան՝ նրա մայրը, քույրս է։ Իսկ դռան առաջ քեզ դիմավորողը մեր հայրն է։ Նա էլ է տանկում վառվել։ Օդերի վրա։ Անձնակազմից միայն ինքն է ողջ մնացել։

Լռեցին։

-Ես զինկոմիսարիատում խոսել եմ, էնտեղ ոնց որ վատ մարդիկ չեն, հասկանում են…-Մայորը փախցրեց հայացքը եւ զգաց, թե ինչպես սկսեց չորանալ ու այրվել կոկորդը, թվաց, թե իրեն նայում է ոչ թե աֆղանցին, այլ սերժանտ Գոլուբեւը։

-Փողի համա՞ր ես ասում, ինչ է։

-Հա, նրանք պարտավոր են… թոշակը…

-Թարգը տուր։ Մեկ է, Իվանին ետ չես բերի։ Իսկ ինչ վերաբերում է փողին□ Գիտենք դրանց փողն ու թոշակը… Միայն ստորանալու ենք ու նյարդեր քայքայենք։ Շուրան է մեղք։ Մենակ մնաց։ Իսկ քեզ, մայոր, չեմ մեղադրում։ Մեզ էլ էին շարքով քշում։ Ես երկու վաշտի հրամանատար ու երեք կոմբատ եմ թաղել։ Էնպես որ՝ հայացքդ մի փախցրու։

Տանից ինչ-որ խլրտոց լսվեց. ողբում էր կինը, միալար ու հոգնած։ Ասես մի ծանր բան տանելիս լիներ, որ բռնի գցել էին վրան, ու ցած նետել անհնար էր։ Տանում էր ու մեռնում։

3.

Երբ դագաղը դրեցին գերեզմանի մոտ, սերժանտի մայրը՝ 38 տարեկան, ցածրահասակ, նիհարիկ, մուգ գորշավուն աչքերով կինը, մոտեցավ նրան։

Մանր անձրեւ էր մաղում, եւ մայորը, նայելով նրա թաց դեմքին, մտածեց, որ դրանք այլեւս արցունքներ չեն։ Արցունքներն էլ անձրեւի պես երբեւէ պետք է վերջ ունենան։

-Ինչու՞ սպանեցիք իմ Վանյային։ Ինչու՞։

Կինը ցնցում էր նրան, շինելից բռնած փոքրիկ բռունցքներով խփում կրծքին։

-Օ՜հ, օ՜հ, ինչու՞։ Ին-չու՞,-նրա ձայնը դողում էր ու կորչում, նրանում այնպիսի անել թախիծ կար, որ մայորն այլեւս չկարողացավ զսպել իրեն։

Նա կախեց գլուխը, կզակը սեղմեց կրծքին, ուսերը վեր ելան, ասես թեւերով ուզում էր ծածկել գլուխը։

Բերանն սկսեց ծռվել։ Նա սեղմեց ատամները, կծեց շրթունքը, բայց դա էլ չօգնեց։ Ակնդետ նրան էր նայում այդ փոքրիկ կինը, նայում էին դագաղի շուրջ հավաքված տղամարդիկ, պառավներ, կանայք, երեխաներ։ Նա չգիտեր՝ ինչ պատասխաներ կնոջը։ Եվ այդժամ ուսերը ցնցվեցին, նա սկզբում պպզեց, ապա ծնկի իջավ ու հեկեկաց, գրկելով կնոջ ոտքերը։

Մայորը երեխայի պես լաց էր լինում։ Նրա մեծ մարմինը ջղագալարվում էր։ Կինն ուզեց ազատվել նրանից, բայց մայորը բաց չէր թողնում։ Ու որոշ ժամանակ նրանք այդպես միասին հեկեկում էին…

4.

Սերժանտ Գոլուբեւի տանը տարածվել էր այրվող մոմերի բույրը։ Մոմերը դրված էին ալյումինե բաժակի մեջ՝ Կազանյան Աստվածամոր փոքրիկ նկարի տակ։ Կողքին նոր մոմերի կապոցն էր։ Մայորը հասկացավ, որ երբ դրանք այրվում-վերջանում են, սերժանտի մայրը փոխում է։ Հիշեց տատի ասացվածքը. «Մարդն էլ մոմի պես այրվում-վերջանում է»։ Սերժանտինը այրվեց։ Իսկ երկար է դեռ այրվելու քո՞նը, մտքում հարցրեց ինքն իրեն։ Երեւի, մտածում էր մայոր Սիդելնիկովը, գնդակը, որ խոցելու է ինձ, արդեն այնտեղ է, Չեչնիայում, արդեն բերված է ու սպասում է…

– Ալեքսանդրա Պետրովնա, ներեցեք ինձ։ Գիտեմ, որ հիմա, թերեւս, տեղը չէ□ Ներեցեք։ Մենք բոլորս այնտեղ մահապարտ ենք։ Եվ հավատացեք, ես ու իմ սպաները ձեր որդիների թիկունքում չենք թաքնվել։ Ներեցեք մեզ։

Կինը ծանր հոգոց հանեց։

-Դուք էլ ինձ ներեցեք,- ասաց նա հոգնած։-Ինչ ասես, որ ձեզ չասացի։ Ի՞նչ է ձեր անունը։

– Ալեքսեյ Սերգեեւիչ։

-Ներեցեք, Ալեքսեյ Սերգեեւիչ։ Բայց, ինչ արած, մայր եմ… Որդի եմ կորցրել։ Գիտեմ, որ դուք էլ ձեր կամքով չեք գնացել էնտեղ,- ասաց կինը եւ չնայելով մայորին, անսպասելի առաջարկեց։- Արդեն գիշեր է, մնացեք մեզ մոտ։ Քնեք Վանյայի մահճակալին։ Ախր, միասին եք էնտեղ կռվել, հաց կիսել իրար հետ։ Իսկ կռիվը դեռ չի վերջացել։ Մնացեք…

5.

Գիշերը մայրը մի քանի անգամ վեր կացավ ու փոխեց մոմերը։ Հետո կիսաքուն-կիսարթուն տոչորվում էր։ Իսկ առավոտին մոտ կարծես ննջեց, ասես ընկավ խիտ աճած մամուռով տաք ու փափուկ հորը, ինչպես փոքր ժամանակ խրամը՝ անտառում հաղարջ հավաքելիս։ Բայց շուտով արթնացավ որդու սենյակից եկող գոռոցից։ Խեղդվելով հազից ու խռմփոցից գոռում էր մայորը։

-Շու՛տ։ Երեք նռնակ էս կողմը…-հայհոյում ու ժամանակ առ ժամանակ անհասկանալի քրթմնջում էր նա.

-Երեք նռնակ անկյունի պատուհանին։ Կրա՛կ։

Կինը ցնցվեց՝ վախենալով խռպոտ գոռոցից ու այն անհասկանալի շուտասելուկից, որի մեջ մերթընդմերթ հայտնվում էր մայորը։

-Հեռանում ենք։ Հաղորդել շղթայով։ Գնդացիրն այնտեղ։ Պավլուշին, վերցրու էն երկուսին… Անկյունային տանը□ Երեք կրակահերթ…

Կինը վեր կացավ, բացեց դուռը, մի քիչ կանգնեց՝ նայելով մայորի գունատ դեմքին, մոտեցավ, շոյեց ճակատը.

– Աստված իմ, ոնց են ձեզ էնտեղ տանջել։ Տանջել□ Գոնե էստեղ հանգիստ քնիր…

Իսկ մայոր Սիդելնիկովն արդեն արշալույսին, երբ շրջկենտրոնից Տատյանինսկոյե էր սուրում նրա ետեւից ուղարկված մեքենան, մի երազ էր տեսնում, որն արդեն երկու շաբաթ հետապնդում էր նրան. իբր ինքը աստիճանազրկված շարքային է, նստած է դիրքում՝ ձեռքին օղակը քաշած նռնակ… Շուրջը իր գումարտակի զինվորներն են, շրջապատել են, նայում են իրեն վախեցած աչքերով, իսկ նռնակը նետելու ուժ չունի… Եվս մի ակնթարթ, էլի մեկը եւ էլի, թերեւս, վերջինը, երբ նրանք դեռ ողջ են։ Ու փայլատակում է շուրջը, բազմագույն, դանդաղեցված անջատվում են մեծ ու փոքր օղակներ՝ երկնագույն, դեղին, կարմիր, մանուշակագույն…

6.

Զինկոմիսարիատից մայոր Սիդելնիկովի ետեւից ուղարկված մեքենան շուտով կանգ առավ լորենիներով շրջապատված տան առջեւ։ Միայն կեսօրին մայորին հասցրին շրջկենտրոն։ Իսկ երեկոյան շրջանային հիվանդանոցի ներքնահարկում՝ սառը դիարանում, բժիշկը հերձեց մարմինը եւ արձանագրեց, որ մահը վրա է հասել քնած ժամանակ. սիրտը կանգ է առել։

ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՆԿՈՎ
Թարգմանեց՝ Մ.ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Հոգևոր-մշակութային


01/08/2012