Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՈՒՂԻՆ



Հովհաննես Ղուկասյանը ծնողների միակ երեխան է: Ծնվել եւ մեծացել է Երեւանում: Ընտանիքում միշտ հետեւել են, որ առողջ ապրելակերպ վարի, ուստի Հայաստանում մեծ մասսայականություն վայելող մարզաձեւերով` ձյուդոյով եւ սամբոյով զբաղվել սկսեց վաղ հասակից: Հովհաննեսի համոզմամբ` այդ մարզաձեւերը կոփում են երիտասարդին, դարձնում ավելի կազմակերպված, պարտաճանաչ, համբերատար և դիմացկուն: Ծնողները վստահ էին, որ ձեռք բերած կամային հատկություններն ու նվաճված հաղթանակները (Հայաստանի 2010 թ ձյուդոյի չեմպիոն է, Հայաստանի բաց առաջնության ժամանակ գերծանր քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը) հետագա մեծ հաջողությունների սկիզբն են։ Նրանք երազում էին, որ իրենց որդին միջազգային ճանաչում եւ վարպետի կոչում ձեռք բերի: Մինչդեռ Հովհաննեսը պատմում է, որ իր համար շրջադարձային էր մարզչի որդու` Նարեկի հետ հանդիպումը. «Մի օր Նարեկն ինձ ասաց, թե որոշել է ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այնքան ոգեւորված էր ընդունելության քննությունների արդյունքներից, որ աչքերն ուրախությունից շողում էին: Ինձ էլ խորհուրդ տվեց դպրոցն ավարտելուն պես հետեւել իր օրինակին»:

Հովհաննեսը նոր էր ավարտել 9-րդ դասարանը եւ մտածեց, որ հապաղելու կարիք չկա. չէ՞ որ օրեր առաջ հեռուստացույցով լսել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ընդունելության ազդարարման մասին. «Ինձ թվաց, որ զինվորական կենսաձեւի օգնությամբ ես կկարողանամ վեր հանել իմ այն հատկանիշները, որոնց մասին ինձ շրջապատող մարդիկ անգամ պատկերացում չունեն: Զինվորականի ուղին խոհուն եւ վստահ քայլերով կյանքում կայանալու եւ ինքնահաստատվելու հնարավորություն էր ինձ խոստանում: Ծնողներս չխոչընդոտեցին: Վարժարանի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով հայրիկիս ուղեկցությամբ եկա պահակակետ։ Զրուցեցի սաների հետ եւ համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Մնում էր միայն բարեհաջող հանձնել ընդունելության քննությունները»:

ՎԱՐԺԱՐԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Հովհաննեսն արդեն երկրորդ կուրսի սան է, հասցնում է նաեւ սպորտով զբաղվել, վարժարանի հրամանատարությունը նրան պարապմունքների համար ազատ է արձակում. «Հիմա արդեն սպորտն ինձ անհրաժեշտ է կոփված զինվորական դառնալու համար: Կարծում էի, թե զինվորականի համար առաջնայինը ֆիզիկականն է, բայց վարժարանում սովորելու ընթացքում հասկացա, գնահատեցի կրթված լինելու կարեւորությունը, և այժմ ֆիզիկական ընդունակություններիս վերաբերվում եմ որպես անհրաժեշտության: Այստեղ բացահայտեցի ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաների գրավչությունը: Երբ որոշակի գործողություններ եմ կատարում խնդիրները լուծելու համար, մի տեսակ ավելի առույգ եմ դառնում»:

Մաթեմատիկա առարկայից վարժարանում անցկացված օլիմպիադայի ժամանակ Հովհաննեսը զբաղեցրել էր առաջին տեղն ու պետք է մասնակցեր շրջանային փուլին, բայց մեկնեց ՌԴ Պերմ քաղաք` մասնակցելու «Երիտասարդ հայրենասերներ հավաք-մրցույթին», որտեղ էլ վարժարանի սաները թիմային հաշվարկով բարձր արդյունք ապահովեցին` գրավելով երկրորդ տեղը. «Անցած տարի մասնակցեցի նախնական ստուգարքներին եւ չընդգրկվեցի հիմնական կազմում, արդյունքներով զիջեցի եւ որոշեցի բարելավել, ստացվեց: Հավաքների ընթացքում նույնիսկ «Օրվա հերոս» անվանակարգում հաղթեցի»: Երկու տարվա ընթացքում ակնառու փոփոխություններից մեկն էլ այն է, որ Հովհաննեսը 15 կգ նիհարել է: Մեր այն հարցին, թե ինչու է նիհարել, արդյոք սնունդը չէ պատճառը, Հովհաննեսը պատասխանեց, որ ճիշտ սննդակարգն ու դրան զուգակցվող ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգնեցին իրեն հանդես գալ իր երազած քաշային կարգում, նաեւ ավելի մարզված կազմվածք ունենալ։

Հովհաննեսի համար հիշարժան է 2010թ. անցկացված սպարտակիադան, որին մասնակցում էին ռազմական կրթական հաստատությունների թիմերը. «Պարանի ձգմանն էինք նախապատրաստվում: 8-10 մ երկարությամբ էր պարանը, կենտրոնում ամրացրել էին գունավոր ժապավենը: Թիմերը կանգնել էին դեմդիմաց` պարանը բռնելով երկու ձեռքով, իսկ ես վերջինն էի, կանգնել էի` պարանով փաթաթված: Մրցավարի սուլիչի ազդանշանից հետո սկսեցինք այն ձգել: Հաղթեց մեր թիմը, մեզ հաջողվեց հակառակորդին պարանի ձգումով քաշել մեր դաշտ: Այդ ընթացքում ես զգացի, որ տղաները կյանքիս անբաժանելի մասն են, որ նրանց հետ ես ավելի լավն եմ դարձել, որ մեր միասնությունը անպարտելի է, ամուր: Վարժարանում ես սովորեցի գնահատել մարդկանց, չլինել անտարբեր, յուրացրի այն բոլոր հմտությունները, որոնք հետագայում ինձ պետք կգան հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործում, ձեռք բերեցի լավ ընկերներ՝ Հարությունին, Կարենին եւ Նվերին,- ասում է Հովհաննեսն ու ավելացնում,- «Այս տարվա դիմորդներին մաղթում եմ բարձր գնահատականներով հանձնել քննությունները, դառնալ վարժարանի սան եւ պատվով ու պատասխանատվությամբ կատարել զինվորականի առաքելությունը` դառնալով փառքի ավանդույթների ժառանգորդը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ


01/08/2012