Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ



Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռևս քրիստոնեության տարածման առաջին շրջանում, մասնավորապես՝ 4-րդ դարում (թեպետ մինչ այդ էլ հատկապես Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը և հայերը կապեր են ունեցել Պաղեստինի հետ)։

♦♦♦

Հայոց աշխարհիկ համայնքը Երուսաղեմում առաջացել է 7-րդ դարում։ Հիմնականում կազմված էր վաճառականներից և արհեստավորներից։ Նրանք բնակվել են Սիոն թաղամասում, Հայկական կոչված փողոցում։ Ի դեպ, Պետրոս Առաջինի ոսկե խաչը հենց Երուսաղեմի հայ ոսկերիչների ձեռքի գործն է։

♦♦♦

Երուսաղեմում հայկական սրբավայրեր են գոյություն ունեցել 4-րդ դարի վերջերում և 5-րդ դարի սկզբներում՝ Ս.Պողիկյան, Գավազոնի և Ձիթենյաց լեռան Ս.Կարապետի մատուռները։ Վերջինս երկար ժամանակ ծածկված է եղել հողի հաստ շերտով։ Երբ ցարական արքունիքը ձեռնարկում է Ձիթենյաց լեռան վրա ռուսական խոշոր վանքի կառուցումը, շենքի հիմքը փորելիս բացվում է նախկին մատուռի հատակի գեղակերտ խճանկարը՝ հայկական երկաթագիր արձանագրություններով։

♦♦♦

Երուսաղեմում կան հին հայկական խճանկարներ, որոնք վկայում են այստեղ հայերի վաղեմի ներկայությունը. Դամասկոսյան դարպասի մոտ սենյակի հատակը ամբողջությամբ ծածկված է խճանկարով, որում կա հայերեն արձանագրություն՝ թվագրված 5-րդ դարի վերջին։ Դամասկոսյան դարպասների մոտ է Պողիկտոսի եկեղեցին, որտեղ ամփոփված են հայ զորականներ։

♦♦♦

7-րդ դարում Երուսաղեմում 70 հայկական վանք է գոյություն ունեցել։

♦♦♦

Երբ խաչակիրները գրավեցին Պաղեստինը (1099թ.) և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, մեծ թվով հայ ռազմիկներ, որոնք խաչակիրներին էին միացել Կիլիկիայում և Սիրիայում, հաստատվեցին այստեղ։

♦♦♦

Սուրբ քաղաքն ունեցել է երեք հայազգի թագուհի՝ Արդա, Մորֆի (Մորֆիա) Մալթիացի, Մելիսանդա Մալաթացի։ Վերջինս այսօր դասվում է մեծ թագուհիների շարքը։ Նրա կառավարման շրջանում երկիրը բարեկարգվել է։ Թագուհին մեկ հարկի տակ է ամփոփել Ս.Հարության տաճարի բոլոր մատուռները։ Թագուհին նորոգված տաճարում հիմնել է նաև գրչանոց, որի ստեղծած լավագույն նմուշն է «Մելիսանտի սաղմոսագիրքը»՝ փղոսկրյա կազմով, որն այժմ գտնվում է բրիտանական թանգարանում։

1970թ. կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերվել է Մելիսանդի դամբարան-խորանը՝ մարմարյա քանդակով և տասը սյուներով գերեզմանը։

♦♦♦

Գողգոթայում՝ Հիսուսի խաչելության վայրում է Ս.Հարության տաճարը։ Այստեղ է նաև պատանքի տեղը, որտեղ Հիսուսին իջեցնելով խաչից պատանեցին։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Պատմության էջերից


01/08/2012