Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ



Ես գյուղացու ընտանիքում եմ ծնվել, ինձ սովորեցրել են, որ եթե մարդը ապրում է, ուրեմն պիտի աշխատի։ Հայրս միայն քնած ժամանակ չէր աշխատում։ Երբեք փառքի ու հռչակի մասին չեմ մտածել, սիրել եմ իմ փեշակն ու ջանացել եմ…

Մորաքրոջս ամուսինը՝ Այվազը, վտիտ մարդ էր, Ալավերդիում էր ապրում, նրան հողամաս տվեցին Դեբեդի ափին։ Դե, Ալավերդիում հող որտեղի՞ց, քարքարոտ տարածք էր։ Այվազն այն դրախտ դարձրեց, մի օր Դեբեդը կատաղեց, դուրս եկավ ափերից ու քշեց տարավ Այվազի տարիների աշխատանքը։ Բայց Այվազը չհուսահատվեց, ասաց՝ աշխարհը չքանդվեց. նորից կտնկեմ, կցանեմ… Որոշ ժամանակ անց տարածքը կրկին ծաղկեց։ Էս է հայրենիքին ծառայելը…

Հայրենիքն ամեն ինչ էր իմ սերնդի համար։ Իմ սերունդը մի ուրիշ ամրությամբ էր կապված հայրենիքին։ Մենք հայրենիքով էինք ապրում. հայի, Հայաստանի, հայկականության հետ կապված ամեն բան շատ սրտամոտ էր մեզ, հարազատ էր։ Ես կարող եմ ասել, որ հայրենիքին ծառայելը այն է, ինչ ես ստեղծել եմ իմ կյանքի 80 տարիների ընթացքում։ Իմ արվեստը։ Ես այսպես եմ ծառայել։ Բայց ես ասում եմ՝ հայրենիքին ծառայելն այն է… որ ես ավելի շուտ կուլ կտամ իմ ծխախոտի կոթունը, քան փողոց կնետեմ։

Երբ տեսնում եմ մեր զինվորականների կուռ շարքերը, նրանց խրոխտ քայլքը, հրճվանքից լաց եմ լինում։ Երեխայի պես լալիս եմ, ու ինձ թվում է՝ Մամիկոնյանը, Դրոն, Նժդեհը, Բաղրամյանն են վերադարձել։ Մարդիկ բանակ ստեղծեցին։ Ազգի համար, հայրենիքի համար։ Ինչ զոհողությունների գնով։ Ահա դա է հայրենիքին ծառայելը։

Այսօր հայ տղան սահմանին է, հայրենիք է պահում զենքը ձեռքին։ Այսօր հայ սպան զինվորի կողքին է։ Նրանք միասին մի փոքրիկ հայրենիք են։ Նրանց թիկունքը ամուր պահելը հայրենիքին ծառայելու մեր բաժինն է։

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ժող. արտիստ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Բանակ և հասարակություն


01/08/2012