ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆՍԱԿԵՐՊ
Իմ ապրած կյանքը, փորձառությունը թույլ են տալիս ասելու, որ հայրենիքին ամեն օր, ամեն ժամ ծառայելը, հայրենասիրաբար ապրելը պակաս դժվար չէ, որքան պատերազմի դաշտում սխրանք գործելը։ Երբ հայրենասիրությունը դառնում է կենսակերպ, կամա-ակամա հայրենիքի շահը դառնում է գերակա և՛ աշխատանքում, և՛ անձնական կյանքում։ Հայրենասիրությունը առաջին հերթին մարդասիրություն է։ Սեր հայրենակցիդ հանդեպ, նրա ցավին, հոգսին մոտիկ լինելու ներքին մղում ու բարոյականություն։ Հիշեցի երկրաշարժի օրերը… Ցավը մոտեցրել էր մարդկանց։ Մեր տանը մի քանի ընտանիք էր պատսպարվել։ Մարդը պաշտպանում էր մարդուն, հոգում էր, օգնում էր, խնամում էր։ Մարդը մենակ չէր տանում իր ցավը, մարդը կիսում էր կողքինի դժվարությունը։ Ու դա էր պատճառը, որ մենք կարողացանք օրհասից դուրս գալ է՛լ ավելի տոկուն, կենսալի, համախմբված ու ուժեղ։ Ու երբ մեզ պատուհասեց հաջորդ աղետը՝ պատերազմը, մենք այնքան հզոր ու ոգեղեն էինք մեր ցավի, կորուստների ու զրկանքների մեջ։ Այդ տարիներին ես աշխատում էի Գյումրու հիվանդանոցում։ Բանակի կազմավորման սկզբնական տարիներն էին։ Կենսապայմանները վատ էին, և մենք անընդհատ զորամասերում էինք։ Տեղում կազմակերպում էինք բուժօգնություն… Եվ որ պակաս կարևոր չէ, լինում էինք զինվորի կողքին՝ մեր բարի խոսքով, սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Ինձ համար չկար ավելի մեծ վարձատրություն, քան զինվորի երախտագետ հայացքը, շնորհակալությամբ լի աչքերը… Ու որոշում կայացրի աշխատանքս շարունակելու զինված ուժերում, լիովին նվիրվելու բանակին ու բանակաշինությանը, զինվորին ու հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանին։ Բժշկի կոչումը կրկնակի է կարևորվում, երբ նա բժշկում ու շարք է վերադարձնում հայրենիքի զինվորին, հայրենիքի սահմանապահին։ Սա է հայրենիքին ծառայելու ինձ տրված հնարավորությունը։
ԳՈՀԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երևանի կայազորային հոսպիտալի
պետի բուժ. գծով տեղակալ
մայոր