ՕԳՆԻՐ, ՈՐ ԿՈՂՔԻՆԴ ԲԱՐՁՐԱՆԱ
Երբեք չեմ մտածել, որ հայրենիքին ծառայելու պարտավորություն ունեմ, երբեք ինքս ինձ հարց չեմ տվել՝ հայրենասե՞ր եմ, արդյոք, թե՞ ոչ։ Ապրել եմ, ինչպես հրամայել է խիղճս, իմ բարոյական սկզբունքների թելադրանքով։ Երբ պահը եկավ, երբ թշնամին սպառնաց իմ հայրենիքին, երբ վտանգվեց իմ հայրենակիցների կյանքը, դարձյալ հետևելով խղճիս ձայնին, գնացի ճակատ։
Ծառայել հայրենիքին նշանակում է լինել այնտեղ, որտեղ քո կարիքը ավելի շատ են զգում, ոչ թե այնտեղ, որտեղ ապահով է, անվտանգ և հարմարավետ։ Ես մասնագիտությամբ բուժքույր եմ։ Երբ առաջին վիրավորներին բերեցին հիվանդանոց, մտածեցի, որ նրանք ավելի շուտ կապաքինվեն, երբ առաջին բուժօգնություն ստանան հենց մարտի դաշտում։ Ու մեկնեցի մարտադաշտ, որ օգնեմ կռվող տղաներին, բուժեմ վերքերը, թեթևացնեմ ցավերը։
Իսկ երբ Ստեփանակերտում հանդիպեցի որբ ու անտուն երեխաներին, երբ եղա նրանց ապաստարանում, վաճառեցի մայրաքաղաքում գտնվող բնակարանս և այդ գումարը նվիրեցի երեխաներին։ Որովհետև ինձ համար ավելի մեծ երջանկություն էր այդ երեխաներին կուշտ ու ապահով տեսնելը, քան մայրաքաղաքում ապրելու հարմարավետությունն ու բարեկեցությունը։ Ո՞րն է հայրենիքը, ի՞նչ է հայրենիքը… Հայրենիքը սահմանին կանգնած զինվորն է, հայրենիքը այն փոքրիկն է, որը վաղը դառնալու է բժիշկ, զինվորական, նախագահ ու … այս երկրի տերը։ Հայրենիքը այն տարեց հայն է, որ խնամքի ու հոգատարության կարիք ունի… Հայրենիքին ծառայել նշանակում է բազմապատկել հայրենիքի ուժը քո աշխատանքով, նվիրումով… Իսկ հայրենիքի ուժը պայմանավորված է յուրաքանչյուր հայի ուժով։ Ուրեմն ծառայել հայրենիքին նշանակում է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ ուժեղ լինի, օգնել, որ կողքինդ բարձրանա…
Իմ այս հորդորը ավելի շատ սահման պահող զինվորին եմ ուղղում։ Դուք միասին եք ուժեղ։ Սահմանին Ձեր հավաքական ուժն է պետք։
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ
ազատամարտիկ