ԻՄ ՈՐԴԻՆ՝ ԻՄ ՈՒԺԸ
Մենք՝ հայերս, զավակ դաստիարակելու լավ ավանդույթներ ունեք։ Մենք սիրում, խնամում, պաշտպանում ենք մեր զավակներին, պատասխանատու ենք մեր երեխաների վարքի, արարքների համար, որ տարիքում էլ նրանք լինեն։ Հայերիս պատկերացմամբ՝ լավ զավակը պետք է լինի ծնողասեր, մեծին հարգող, աշխատասեր, ազնիվ, խիզախ… Երևի մեր պատմությունից է եկել. մենք ցանկանում ենք արու զավակին հզոր տեսնել։ Մեր որդին մեր ուժն է։ Երևի մեր դարավոր անպաշտպանվածությունն է պատճառը, որ մենք երջանկանում ենք, երբ մեր զավակին հասցնում ենք բանակի տարիքի ու տեսնում ենք նրան զինվորական համազգեստով ու զենքով։ Մենք աչքալույս ենք տալիս ծնողին որդու զինվորանալու կապակցությամբ։
Եթե արու զավակը հայրենիքինն է, ապա հայրենիքին ծառայելը նրա առաջին ու ամենամեծ պարտքն է։ Ու հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում միայն սահմանը պահելով։ Հայրենիքը սկսվում է սահմանից և ներառում է սահմանով պարփակված այն տարածքն ու մարդկանց, որը քեզ տրված է Աստծո կողմից։ Յուրաքանչյուր երկու հայ արդեն իսկ իրար են կապված ճակատագրով, իրենց հայ լինելու իրողությամբ։ Ես որդուս այ սա եմ սովորեցրել առաջին հերթին՝ նվիրվել հայրենիքին ու ազգին… Բանակում լինի, թե քաղաքացիական կյանքում։ Տղաս՝ Սերյոժա Գրիգորյանը, ծառայում է փոխգնդապետ Ռ. Գալստյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Ծառայում է նվիրումով։ Արդեն շնորհակալական նամակ ենք ստացել հրամանատարից։ Մեր հպարտությունը սահման չունի։ Ուզում եմ խնդրել, որ բանակի թերթում տպագրեք որդուս լուսանկարը մեր Հրազդանի «Կոճոռ» կամավորական ջոկատի ազատամարտիկ Վաչագան Գալստյանի հետ։ Տղաս հպարտանում է այդ լուսանկարով։ Հայրենիքի ազատագրության համար զենք վերցրած յուրաքանչյուր հայորդի պիտի արժանանա մեր սիրուն և խոնարհումին, ակնածանքին ու հպարտությանը։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
զինվորի հայր