Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



Համեմատելով այս զորակոչին զորամասերը համալրած նորակոչիկների որակական հատկանիշները նախկինում նույն զորամասերի երիտասարդ համալրման տվյալների հետ՝ վստահորեն կարելի է ասել, որ ներկա զորակոչն էականորեն տարբերվում է բոլոր նախորդներից, այսինքն՝ որակական համամասնությունը բոլոր զորամասերի միջև պահպանվում է։ Հարցի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնում նաև զորամասերի հրամանատարները, ուսումնական գումարտակների նորակոչիկների հետ աշխատող սպաները։ Զորամասում երիտասարդ զինվորների հետ տարվող աշխատանքները ղեկավարում է մայոր Կ. Սիմոնյանը։ Նա այս գործում բավական փորձառու է։ Նրան օգնում են մայոր Ա. Մելքոնյանը, ավագ լեյտենանտներ Ն. Հախվերդյանը, Ս. Ստեփանյանը և լեյտենանտ Վ. Փարվանյանը։

-Ընտրված են հմուտ և կիրթ սերժանտներ, որոնք առանձնանում են մարդկանց հետ շփվելու, բացատրություններ ու պարզաբանումներ տալու ունակությամբ,- ասաց մայոր Կ. Սիմոնյանը։ -Երբեք դեռ այսքան շատ բարձրագույն կրթություն ստացած կամ բուհերում սովորող նորակոչիկներ չենք ունեցել։ Նրանց առողջական վիճակից նույնպես գոհ ենք, այսինքն՝ նվազել է ոչ շարային ծառայության զորակոչվածների թիվը։ Թեև կա կլիմայափոխության խնդիր, այս պահին բոլորն էլ առողջ են, իրենց շատ լավ են զգում։ Ունեցել ենք վիրահատության դեպքեր։ Պարապմունքներ անցկացնում ենք հաստատված ժամին, կեսօրվա շոգին շարային և ֆիզպատրաստության պարապմունքներ չեն լինում։ Առաջադիմությունը նկատելի է, չկան ծառայությունից դժգոհողներ, չկան նաև աղանդավորներ։ Զորամասի ճաշարանում շատ համեղ ճաշեր են պատրաստում, բոլոր տղաներն էլ ուտում են ախորժակով։ Հրաժարվողներ, նազ ու տոզ անողներ չկան։ Նորակոչիկները ուսումնական գումարտակում մնալու են հինգ ամիս, դրանից հետո միայն կներգրավվեն մարտական ծառայության մեջ։ Առաջիկա զինվորական երդումը նշանակված է հուլիսի 28-ին, իսկ համալրումը շարունակվելու է մինչև ամսվա վերջը։

Հայտարարված դադարի պահին զրուցում ենք երիտասարդ զինվորների հետ.

-Ես շարքային Արազ Սարգսյանն եմ՝ ծնունդով Արարատի մարզի Դիտակ գյուղից։ Արդեն 30 օր է, ինչ ծառայությունում եմ, քսան տարեկան եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

Ֆիզկուլտուրայի ինստիտուտի բասկետբոլի բաժնի շրջանավարտ է երևանցի 22-ամյա Արթուր Սիմոնյանը։ Նույն ինստիտուտի բռնցքամարտի բաժինը, այնուհետև մագիստրատուրան է ավարտել Սամվել Մնացականյանը։ Նա նույնպես երևանցի է։ Ղուկաս Մադոյանը զորակոչվել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսից։

Մասնագիտությամբ խոհարար Արթին Յակոբյանը նույնպես Երևանից է, սովորել է N 157 միջնակարգ դպրոցում։

-Ես ինտերնացիոնալ ընտանիքից եմ,- ասաց նա։

Խնդրեցինք պարզաբանել։

-Հայրս ռուս է, մայրս՝ բեյրութահայ։

-Իսկ դու քեզ ո՞ր ազգից ես համարում։

-Իհարկե, հայ։

-Քեզ բարի ծառայություն։

-Ես էլ Սիսիանից եմ, բայց մեր ընտանիքն ապրում է Ստեփանակերտում, հայրս այնտեղ է աշխատում, ես էլ սովորում եմ Ստեփանակերտի ագրարային համալսարանում,- ասաց շարքային Անուշավան Դավթյանը։

Վանաձորցի Վանիկ Պետրոսյանն էլ ներկայանալով նշեց, որ սովորում է տեղի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժնում։

Երիտասարդ զինվորները, իրար հերթ չտալով, շարունակում էին ներկայանալ, մինչև որ հերթը հասավ Արմեն և Սարգիս Եղիազարյան եղբայրներին։ Սարգիսը մեծն է, Արմենը՝ փոքրը։ Երկուսն էլ ձյուդոյիստ են, Սարգիսը սովորում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Արմենը զորակոչվել է դպրոցն ավարտելուց հետո։ Նա 16 տարեկանների Եվրոպայի գավաթակիր է։ Մրցաշարն անցկացվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Սարգիսն ասաց, որ ունեն նաև տասը տարեկան եղբայր՝ Էրիկ անունով, որը նույնպես իրենց ընտրած մարզաձևով է պարապում։

Զրույցը նորակոչիկների հետ հետաքրքիր էր և դեռ էլի կերկարեր, եթե մայոր Կ. Սիմոնյանն ազդարարեր հանգստի ավարտը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/08/2012