ԳԵՐԻՇԽՈՂԸ ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԵՆ
Յուրաքանչյուր սերունդ իր կռիվն է ունենում։ Հորս սերունդը ֆաշիզմի դեմ էր կռվում։ Իմ սերնդի կռիվը հայոց Արցախ աշխարհի ազատագրության համար էր, ու մենք հաղթեցինք առանց կողմնակի օգնության, միմիայն մեր կամքի ու արյան գնով ու հիմա շարունակում ենք մեր հաղթական ձեռքբերումները պահպանել մեր որդիների օգնությամբ։ Ասում են՝ երբ եղբայրները կամ հայր ու որդի միասին են կռվում, նրանց հաղթելը անհնար է լինում։ Ես հավատում եմ մեր հաղթանակին, հավատում եմ, որովհետև, ինչ էլ լինի, ինչ էլ ասեն, մեր ժողովրդի արյամբ ստեղծված բանակը հենց եղբայրների, հայրերի և որդիների բանակն է, ու վստահ եմ, որ իմ թոռը ո՛չ իմ որդուց և ո՛չ էլ ինձնից հայրենիքի սահմանների մասին պատասխաններ չի պահանջի, որովհետև առանց հոգնելու մենք շարունակում ենք մեր կռիվը…
Պետական սահմանի այն հատվածը, որի պահպանությունն իրականացնում է գնդապետ Հ. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը, անցնում է բարձր, երբեմն շատ բարդ լեռնային տեղանքով։ Ասել, թե հակառակորդի զբաղեցրած դիրքերը մերոնց նկատմամբ գերիշխող են, սխալ կլինի, որովհետև առանձին հատվածներում գերիշխողը մեր դիրքերն են։ Բայց իրականությունն այն է, որ սահմանային անդորրը, հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտողը, իրավիճակը սրողը միշտ ադրբեջանցիներն են լինում։ Նրանք են կրակում դպրոցում դաս անող մեր երեխաների, դաշտերում աշխատող գյուղացիների վրա, իսկ վերջերս էլ գրոհեցին մեր հենակետերից մեկը։ Ու թեև դրա համար նրանք մի քանի անգամ ավելի թանկ վճարեցին, բայց մեզ համար կարևորը մեր զինվորների կյանքն ու առողջությունն է։ Ազգային բանակի հրամանատարությունն անում է ամեն ինչ, որ հնարավորինս անվտանգ ու ապահով լինեն մեր զինվորների ծառայության պայմանները։ Այնուամենայնիվ, սահմանային այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կան պաշտպանական հենակետեր, որոնք հավելյալ ամրացման, պաշտպանական տեսանկյունից կատարելագործման կարիք ունեն։ Ուստի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ուսումնասիրվում, հայտնաբերվում ու վերացվում են բացթողումները, ամրացվում թույլ կետերը։ Այցելելով առաջնագիծ՝ հենց այդպիսի աշխատանքների ակամա ականատեսն ու մասնակիցը եղանք։ Մարտական հենակետը գտնվում է բարձրաբերձ, դժվարամատչելի ժայռի գագաթին՝ դեմ հանդիման հակառակորդի հենակետին։ Այսինքն՝ հենակետի առկայությունն այստեղ պարտադիր է։ Նախկին պաշտպանական դիրքի փոխարեն նորն էր կառուցվում։ Ասել, թե այստեղ աշխատանքը եռում էր, նշանակում է ոչինչ չասել։ Թվում էր՝ հայտնվել ենք մի մեծ շինհրապարակում։ Ժայռի ստորոտից սկսվում էր ամուր ու ապահով աստիճանասանդուղքը։ Վերևում արդեն կանգնեցված էին նոր գետնատնակի, ճաշարանի պատերը։ Նոր դիտակետերը նախկինի համեմատ անխոցելի էին։ Շինանյութի պակաս չկար։ Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ս. Երիցյանի ղեկավարությամբ տղաները քրտնաթոր աշխատում էին։
-Ստեղծում ենք շատ ամուր պաշտպանություն, որը, իմ կարծիքով, հնարավոր չի լինի ճեղքել,- ասաց փոխգնդապետը։
Իրոք, այն, ինչ արդեն ստեղծված էր, նմանվում էր ժայռի ծերպին կառուցված ամրոցի։
Աշխատողները հիմնականում զորամասի պայմանագրային զինծառայողներն էին՝ շարքայիններ Համո Ասլիբեկյան, Վիկտոր Ասլիբեկյան, Վարդգես Ասլիբեկյան, Արթուր Ասլիբեկյան…։ Եղբայրները իրենց հոր հետ օր ու գիշեր աշխատում, ամրապնդում են մեր երկրի սահմանների պաշտպանունակությունը։ Հարազատ սրտերի այս ստորաբաժանմանը հաղթե՞լ կլինի։ Իհարկե, ոչ։ Արծվակերտցի այս հզոր տղաները և՛ բուլդոզերավարներ են, և՛ վարորդներ, և՛ եռակցողներ ու որմնադիրներ։ Նրանց ձեռքից ամեն ինչ գալիս է։ Նրանք անխոնջ զինվորներ են։
Շինարարությունն ընթանում է մարտական հերթապահության ուղեկցությամբ։ Հենակետի ավագը ավագ լեյտենանտ Մարտին Մաթևոսյանն է, որին ճանաչում եմ վաղուց, հոգով արի, ուժեղ տղա է։ Լեյտենանտ Միքայել Սարգսյանն այդ պահին հանգստանում էր։ Զինվորները՝ շարքայիններ Փարիզյան Համլետը, Բադալյան Գագիկը, Վահանյան Գևորգը, Հարությունյան Սուրենը և Պապոյան Գևորգը վարպետներին շինանյութ էին մատակարարում։ Նրանց հետ էր նաև դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Գառնիկ Ավալյանը։ Դիտորդը շարքային Գևորգ Պապոյանն էր, որն էլ ուրախ-ուրախ ցույց տվեց դիտարկման և պաշտպանության համար ստեղծված պայմանները, խրամաճեղքերը։ Իրոք, շատ լավ գործ էր արված. հակառակորդը ոնց էլ շարժվի, հայտնվելու է մերոնց նշանառության տակ…
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան