Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ»՝ «ՓՈՔՐ ՄՀԵՐՈՒՄ»



«Հայ ամենափոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի եւ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրի սաների մտերմությունը տարիների պատմություն ունի։ Նրանց հանդիպումները պարբերական են։ Որեւէ տոնական առիթ հարկավոր չէ, որ փոքրիկ երգիչները այցելեն ապագա զինվորականներին, երգեն նրանց համար իրենց հայրենաշունչ, խրոխտ երգերը։ Միասին շրջեն վարժարանում, ծանոթանան նրանց կենցաղին, առօրյային, ռեժիմին, զրուցեն իրենց ընտրած մասնագիտության գաղտնիքների մասին։ Այս անգամ «Հայ ամենափոքրիկ երգիչները» որոշեցին շնորհավորել «Փոքր Մհերի» սաներին անկախության օրվա կապակցությամբ։ Լունարա Համբարձումյանի գլխավորությամբ՝ երգիչները Անկախության օրն սկսեցինք այցելությունից Ծիծեռնակաբերդ։ Ինչո՞ւ Ծիծեռնակաբերդ եւ ոչ Եռաբլուր՝ հարցնում եմ «Հայ ամենափոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանին։ «Շատ լավ է, որ մենք չենք մոռանում մեր հաղթանակները,- ասում է Էլմիրա Հեքեքյանը,- բայց մենք պետք է հիշենք նաեւ մեր պարտությունները։ Արցախի ազատագրությամբ հպարտանալիս չպետք է մոռանանք, որ Արցախը մեր բռնազավթած հողերի մի փոքրիկ հատվածն է միայն, այսինքն՝ մի փոքրիկ հաղթանակ է։ Իսկ Ծիծեռնակաբերդը մեր արեւմտյան գերեվարված հողերի խորհրդանիշն է, մեր անչափելի կորուստների, մեր ցավի, մեր վրեժի մարմնացումը։ Ես իմ սաներին ասացի, որ մենք անկախությունը կհամարենք լիարժեք միայն այն ժամանակ, երբ մեր եռագույնը կծածանվի մեր ամբողջ պատմական հայրենիքի վրա։ Գալիք սերունդները կունենան մի նոր անկախության օր, մի նոր անկախության տոն, որը կխորհրդանշի Մեծ Հայաստանի անկախացումը։ Գալիք սերունդները մեզ կնվիրեն եւս մեկ ազատագրված Արցախ, ամեն սերունդ կազատագրի իր բաժինը։ Մեր փոքրիկ երգիչները ոգեւորվել էին ու խոստացան, որ երբ մեծանան՝ ազատագրելու են Նախիջեւանը կամ Մշո դաշտը։ Ես այնքան երջանիկ էի։ Հետո մենք միասին երգեցինք Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտ, խոստացանք, որ այսուհետեւ միայն հաղթանակի կոթողներ ենք կառուցելու մեր հողի վրա։ Մենք Անկախության տոնը նշեցինք նաեւ «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրում։ Այցելությունը նախաձեռնել էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Աննա Հեքեքյանը։
Կրթահամալիրի սաները փոքրիկ երգիչներին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ։ Փոքրիկ երգիչները նրանց պատմեցին իրենց վերջին համերգների ու հաջողությունների մասին։ Փոքրիկ «զինվորները» ներկայացրին իրենց ձեռքբերումներն ու նվաճումները։ Հետո ելույթ ունեցավ Էլմիրա Հեքեքյանը։ Ինչպես միշտ Էլմիրա Հեքեքյանի խոսքը շատ ոգեւորիչ էր, գոտեպնդող։ Նա հիշեցրեց, որ ռազմամարզական կրթահամալիրի սաները ընտրել են ամենավեհ, հերոսական ու պատվելի մասնագիտությունը, որ նրանք պարտավոր են լինել ամենաօրինակելին ե՛ւ վարքով, ե՛ւ գիտելիքներով, ե՛ւ գաղափարներով։ Խոսեց Անկախության անմրցակից արժեքի մասին։ Օրվա ոգեւորությունը, հպարտությունը լրացրեց երգչախմբի բազմաձայն ու խրոխտ ելույթը։ Հանդիպումն իսկական տոնի վերածվեց։ Ապագա զինվորականները միացան երգիչներին ու մեկը մյուսի հետեւից երգեցին բանակին, հայրենիքին նվիրված ռազմաշունչ երգեր, պարեցին, զվարճացան։
Հետո, ինչպես ընդունված է «Փոքր Մհեր» վարժարանում, բոլորը միասին երգելով գնացին ճաշարան, միասին ընթրեցին, շարունակեցին զրույցը։
-Ի՞նչ է տալիս վարժարանի սաներին Ձեր այցելությունը,- հարցնում եմ Էլմիրա Հեքեքյանին։
-Առաջին հերթին նման այցելությունները մե՛զ են պետք, մեր սաներին՝ Հայաստանի վաղվա քաղաքացուն,- պատասխանում է պատերազմի վետերան արվեստագետը։ -Ես 13 տարեկանում ռազմաճակատ գնացի, որ պաշտպանեմ հայրենիքս, որովհետեւ ծնված օրվանից ինձ սովորեցրել էին, որ հայրենիքն ամեն ինչից թանկ է, որ հայրենիքիդ համար պիտի կյանքդ չխնայես։ Որքան էլ մեր փոքրիկները լավ երգեն, որքան էլ մեծ բեմեր նվաճեն, պետք չեն լինի հայրենիքին, եթե չսիրեն սեփական երկիրը, եթե մանկուց չգնահատեն այն մարդկանց սխրանքը, ովքեր զենքը ձեռքին հող են պաշտպանում, ովքեր իրենց կյանքն են տվել այսօրվա խաղաղության համար։ Մեզ առաջին հերթին ակտիվ քաղաքացիներ են պետք, պատվարժան ու հայրենասեր հայեր՝ անկախ մասնագիտությունից։ Ես ցանկանում եմ, որ մեր սաները հասակ առնեն՝ հայրենիքը հոգու մեջ, երախտագիտության զգացումով լի հայրենիքի պաշտպանի հանդեպ։ Իսկ «Փոքր Մհերի» սաներին միշտ էլ պիտի սիրենք, հարգենք ու մեծարենք, քանի որ նրանք զինվորականի մասնագիտությունն են ընտրել, որոշել են զենք վերցնել ու թշնամուց պաշտպանել սեփական ժողովրդի անվտանգությունը, սեփական հայրենիքի անդորրը։ Նրանք քաջ տղաներ են, հրաշալի տղաներ։ Մենք պիտի միշտ այցելենք նրանց ու հայտնենք մեր երախտագիտությունը։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Բանակ և հասարակություն


15/02/2011