Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ ԵՎ… ԶՈՀԸ



1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ամերիկյան ռազմաօդային ուժերը ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետեցին մարդկության պատմության մեջ առաջին ատոմային ռումբերը։
Ճառագայթահարման հետևանքով մահը, որը 1945թ. օգոստոսին ոչնչացրեց հարյուր հազարավոր ճապոնացիների, վրա հասավ նաև Լոս Ալամոսի գիտնականներից մեկին, որը մեծ ավանդ էր ներդրել ԱՄՆ ատոմային ռումբի ստեղծման գործում։

Նա հայ էր, հետազոտող ինժեներ Հարրի Դաղլյան (1921-1945)։ Նրա հայրը՝ բժիշկ-ռենտգենոլոգ Կարապետ Դաղլյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից էր և Նոր աշխարհ էր տարագրվել 1913թ., աշխատում էր Նյու Յորքում, որպես հոսպիտալի ռենտգենյան լաբորատորիայի վարիչ։ Հարրի Դաղլյանը փայլուն կերպով ավարտեց համալսարանը և աշխատանքի անցավ որպես կրտսեր գիտաշխատող։

1943թ. նոյեմբերին Դաղլյանին ընդգրկեցին «Մանհեթն նախագծի» անձնակազմում, մի կոլեկտիվ, որն իրականացնում էր ԱՄՆ-ի ատոմային ռումբի ստեղծումը։
Ատոմային ռումբի գյուտը և ստեղծումը «Մանհեթենյան նախագծի» ամբողջ կոլեկտիվի հաղթանակն էր, որը կոորդինացրել էր ԱՄՆ-ի տեխնիկական ու տեսական մտքի լավագույն գիտնականներին։ Հարրի Դաղլյանն այդ խմբի գիտնականներից մեկն էր։

1945թ. սեպտեմբերյան մի օր, ամբողջ աշխարհն ահաբեկած ատոմային ռումբի պայթյունի մասին հաղորդումից մոտավորապես մեկ ամիս անց, երիտասարդ հետազոտող-ինժեները վախճանվեց՝ դառնալով այն առաջին գիտնականը, որն իր վրա «փորձեց» այդ սարսափելի զենքի ազդեցությունը հենց լաբորատորիայում։
Հետազոտական լաբորատորիայում այդ երեկո նա մենակ էր, երբ կառավարում էր արդեն ժամեր տևած գիտափորձը՝ ատոմային ռումբի մարտական լիցքը կազմող բաղադրիչներ ուրան-235-ի և պլուտոնիումի կիրառմամբ։ Դաղլյանը, իհարկե, գիտեր, որ եթե պայթյունի այդ բաղադրիչներն ունեն ոչ կրիտիկական զանգվածի չափեր, ապա ոչ մի ուժ չի կարող ստիպել նրանց պայթել, սակայն, եթե դրանք մոտ են բեկումնային զանգվածին, ապա պայթյունն անխուսափելի է։ Նա գիտեր նաև, որ գոյություն ունի ուրան-235-ի և պլուտոնիումի անվտանգ փոքր և ֆանտաստիկ մեծ զանգվածի չափերի միջև միջանկյալ մի փուլ, որի դեպքում դրանք դառնում են ռադիոակտիվ։ Եվ չնայած դեռ պայթյուն չկա, սակայն զանգվածը մեծանալու դեպքում օպերատորի (Դաղլյանի) հետ, որը կանգնած է արդեն փոխակերպված այդ ռադիոակտիվ նյութի մոտ, կարող է դժբախտություն պատահել։ Կանխազգալով այս ամենը և հիշելով անվտանգության մասին, Հարրին սառը դատողությամբ այդ երեկո աշխատեցնում էր գործիքներն ու սարքերը։ Սակայն, ինչպես լինում է դժբախտության պահին (կամ գուցե հայի բախտ), նա կա՛մ չէր վերցրել հատուկ ունելի, կա՛մ հետազոտվող նյութի կտորն ինքն իրեն քայքայվել էր, որի հետևանքով տրոհվող նյութի փոքրիկ բաժինն ընկել էր մեծ կտորի վրա՝ խախտելով անվտանգության հավասարակշռությունը։ Դաղլյանը, իհարկե, կարող էր իրեն փրկել՝ անմիջապես դուրս վազելով լաբորատորիայից, սակայն նա գիտեր, թե դա ինչպես կարող է վնասել գործընկերներին և ամբողջ նախագծին։ Հարրին որոշեց իրեն զոհաբերել և ձեռքով բարձրացրեց ընկած կտորը, իսկ հետո շտապեց բժշկական կլինիկա։ Թեև նրա մատների վրա ոչ մի հետք չկար, բայց բժիշկները հաստատեցին, որ նրա աջ ձեռքը ենթարկվել է հրեշավոր ճառագայթահարման, և նա դատապարտված է մահվան։ Հարրին բժիշկներին և կենսաբաններին առաջարկեց իր կյանքի մնացած օրերը և մարմինն օգտագործել փորձերի և հետազոտությունների համար՝ մշակելու միջոցներ և մեթոդներ ատոմային ճառագայթումով վարակված հետագա հիվանդներին բուժելու նպատակով։

Հարրի Դաղլյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից կես ժամ անց նրա ձեռքերը սկսեցին ավելի ու ավելի ուռչել, իսկ ընդհանուր վիճակը գնալով վատանում էր։ Երբ մայրը և կրտսեր քույրը մտան ինժեներական հոսպիտալի պալատը, Հարրին դեռ կենդանի էր և թույլ ժպտաց, թեև այդ պահին դաժան ցավեր էր զգում. դա մարմնի ներքին մասերը ներթափանցած գամմա ճառագայթների ազդեցության հետևանքն էր։ Շուտով նրա մազերը թափվեցին, արյան սպիտակ գնդիկների թիվը աղետալի կերպով աճում էր։ 24-րդ օրը Հարրի Դաղլյանը վախճանվեց։ Նա աշխարհում առաջին մարդն էր, որ բժիշկների աչքի առաջ տառապեց և մեռավ մինչ այդ անծանոթ, առեղծվածային այրվածքներից, որոնք առաջացել էին տրոհվող նյութերից։ Դաղլյանին թաղեցին Նյու Լոնդոնում՝ Սեդար Գրոուֆ գերեզմանոցում։ Թաղման արարողությունը համեստ էր, թեև գերեզմանը գաղտնի պահպանվում էր։ Տեղական լրագրում զետեղեցին սովորական մահախոսականի նման մի փոքր տեղեկություն՝ սովորել է, աշխատել, մեռել։

Միայն յոթ ամիս անց՝ «Մանհեթենյան նախագիծը» գաղտնազերծելուց հետո, աշխարհն իմացավ Հարրի Դաղլյանի մահվան իսկական պատճառը։ Նրա խիզախության մասին մամուլում բազմաթիվ ու բազմաբնույթ նյութեր տպագրվեցին։
Մահից 50 տարի անց նրա ծննդավայր Նյու Լոնդոնում հուշատախտակ դրվեց, որի վրա գրված է. «Թեև նա համազգեստով չէր, բայց մահացավ հայրենիքին ծառայելիս»։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ճակատագրեր


08/08/2012