ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Եվ այսպես, իրավիճակը Սիրիայում շարունակվում է լարված մնալ: Եվ իշխանությունները, և հակակառավարական ուժերը բացահայտ ցույց են տվել իրենց նպատակներն ու կարողությունները: Երկու կողմերն էլ արդեն չեն թաքցնում, որ ընտրել են հակամարտության լուծման ուժային ճանապարհը` առաջնորդվելով «հաղթանակի համար բոլոր միջոցներն էլ լավ են» կարգախոսով: Դիվանագիտական ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս, շատերի կարծիքով ՄԱԿ-ի խաղարարար առաքելությունն էլ ձախողվել է, թեև օրեր առաջ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը երկարացվեց մեկ ամսով: Հուլիսի 27-ին` երկարացման որոշումն ընդունելուց ընդամենը մեկ շաբաթ անց, դիտորդների մի մասը անվտանգության նկատառումներից ելնելով լքեց երկիրը: Իսկ երկու օր առաջ ՄԱԿ-ի տարբերանշաններով ավտոշարասյունը անհայտ ուժերի կողմից գնդակոծվեց հրաձգային զենքից: Նույն օրը դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ Սիրիայում շարունակվող բռնությունների համար պատասխանատու են երկու կողմերն էլ:
Ինչպես նշեցինք, դիվանագիտությունը նահանջել է, փոխարենը օրեցօր զարգանում է հարցի լուծման ռազմական կողմը: Միջազգային հանրությունը վաղուց արդեն այդ երկրում կատարվողը բնութագրում է որպես պատերազմ: Դիտորդներն այն անվանում են քաղաքացիական պատերազմ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որակում է իբրև արտաքին աշխարհի կողմից Սիրիային պարտադրված պատերազմ: Ինչևէ, ապստամբների սկզբնական հաջողություններից հետո իրավիճակը կարծես թե ավելի վստահ սկսում են վերահսկել կառավարական ուժերը: Դամասկոսից գրոհայիններին դուրս քշելուց հետո վերջիններս անցել են հակահարձակման Հալեպի ուղղությամբ: Փորձագետների կարծիքով երկրի երկրորդ` տնտեսական մայրաքաղաքը համարվող Հալեպի համար ճակատամարտը կկանխորոշի ողջ հակամարտության ելքը: Այդ պատճառով էլ երկու կողմերն էլ այստեղ են կենտրոնացրել իրենց հիմնական ուժերը: Հատկապես Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ զոհվեցին սիրիացի մի քանի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երկրի պաշտպանության նախարարը, բանակը սկսեց ավելի կոշտ և կտրուկ մարտավարություն կիրառել: Օգտագործելով ողջ ներուժը` բանակային ստորաբաժանումները ծանր հարվածներ են հասցնում ապստամբներին, մաքրում կոնկրետ տեղանքը, ապա անցնում հաջորդ շրջանում նրանց ոչնչացմանը: Ճիշտ է, առայժմ նրանց որոշակի դիմադրություն ցույց են տալիս, սակայն հենց իրենք` ապստամբները, խոստովանել են, որ առկա ներուժով չեն կարող երկար դիմադրել, առավել ևս հաղթել կանոնավոր ստորաբաժանումներին:
Ինչևէ, Հալեպի համար մարտերը շարունակվում են: Երկու կողմերն էլ հայտարարում են իրենց հաջողությունների մասին: Բանակի ղեկավարությունը նշել է, որ երեք օրում կավարտի Հալեպի ազատագրումը գրոհայիններից: Երկրի ղեկավարությունը գիտակցում է, որ հապաղել չի կարելի: Տարատեսակ պատժամիջոցների պայմաններում երկրի տնտեսությունը հսկայական վնասներ է կրում, սպառվում են պետական ռեսուրսները: Իսկ ընդդիմադիրներին զգալի օգնություն է հատկացվում արտերկրից: Մի շարք սահմանային անցակետեր նրանց ձեռքերում են, հենց այդ անցակետերով էլ մի շարք պետություններ զենք-զինամթերք, ֆինանսական միջոցներ են փոխանցում գրոհայիններին, համակարգում նրանց գործողությունները: Արտասահմանյան մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սիրիայի հարևան Թուրքիայի տարածքում նույնիսկ գաղտնի ռազմական բազա է գործում այդ ծրագիրն իրականացնելու նպատակով: Նման բազայի գոյությունը միանգամայն իրական կարելի է համարել, եթե հիշենք Փարիզում կայացած «Սիրիայի բարեկամների» հանդիպման ժամանակ տեղի ունեցած մի հետաքրքիր միջադեպ: Քաթարի ներկայացուցիչ շեյխ Համադ բին Ջասիմ Ալ Թանին իր ելույթում նշել է. «Կարող ե՞նք մենք ինչ-որ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներից դուրս: Կարող ենք: Իսկ արե՞լ ենք նախկինում: Բազմիցս»: Այս խոսքերի ենթատեքստը մեկն է. եթե Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակում են Սիրիայի նկատմամբ կոշտ բանաձևերը, ուրեմն պետք է մոռանալ ՄԱԿ-ի մասին: Լիբիայում Քաթարը հենց այդպես էլ վարվեց` աջակցելով Քադաֆիի հակառակորդներին: Պետք է նշել, որ սիրիացի զինվորականները մարտերի ընթացքում ոչնչացված գրոհայինների մոտ հայտնաբերել են արտասահմանյան զենքերի բազմաթիվ նմուշներ, ինչը փաստացի ապացուցում է Ասադի հակառակորդներին ռազմական մատակարարումների առկայությունը:
Բաշար Ասադի վարչակազմը դեռ ամուր է կանգնած: Դամասկոսի ահաբեկչությունից, մի շարք բարձրաստիճան զինվորական և քաղաքական գործիչների` ընդդիմության կողմն անցնելուց հետո թվում էր, թե ուր որ է այն կտապալվի: Սակայն խուճապ չառաջացավ, Դամասկոսը աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի, Հալեպում շարունակվում է հատուկ գործողությունը, որի բարեհաջող ավարտից հետո կառավարական ուժերը մտադիր են վերականգնել հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետերում, ինչպես նաև քրդաբնակ հյուսիսային շրջաններում: Սիրիայի կառավարությունը չի հրաժարվում նաև դիվանագիտական քայլերից: Արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի անդամներին` կոչ անելով զինված խմբավորումներից պահանջել հեռանալ քաղաքներից և դադարեցնել բռնությունները: Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան մեղադրվել են ահաբեկիչներին զինելու և ֆինանսավորելու մեջ: Թե ինչքանով պինդ կմնա Ասադի իշխանությունը, ժամանակը ցույց կտա: Իսկ առայժմ հարևան պետություններից յուրաքանչյուրը փորձում է յուրովի օգուտ քաղել Սիրիայում տիրող իրավիճակից: Բոլորից առանձնահատուկ է գտնվել Իսրայելը: Երկիրի տուրիստական գործակալությունները սկսել են ուղեգրեր առաջարկել դեպի Գոլանի բարձունքներ, որտեղից համապատասխան օպտիկական սարքավորումներով կարելի է հետևել հարևան պետության տարածքում ընթացող մարտական գործողություններին: Տուրիստական այդ նոր ուղղությունը սկսել է ծաղկում ապրել այն բանից հետո, երբ իսրայելական հեռուստաընկերություններից մեկը ցուցադրել է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին, որն իր ենթակաների հետ բարձունքից հետևում էր հարևան պետության տարածքին:
Պատրաստեց
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
մայոր