Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՕՐՅԱ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ



Հունիսի 28-ին գնդապետ Ռ. Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասում (այն 2011թ. ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվել է լավագույն գերատեսչական պահպանության կազմակերպման զորամաս և ունի լավ ուսումնանյութական բազա) անցկացվեց ԶՈՒ կենտրոնական ենթակայության զորամասերի ռազմականացված ստորաբաժանումների պետերի մեկօրյա մեթոդական հավաք, որը ղեկավարում էր ԳՇ ԶԾ և զինծառայության անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ. Կարապետյանը։ Հավաքի նպատակը տեսական և գործնական պարապմունքների համադրմամբ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի մեթոդական պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։

-ՀՀ ԶՈՒ նոր ներդրված գերատեսչական պահպանության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾ ԱԱ վարչությունը և արդեն 2-րդ տարին անընդմեջ կազմակերպում ենք գերատեսչական պահպանության ստորաբաժանումների պետերի հավաքներ,- մեզ հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾ ԱԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Պետրոսյանը։

Այս ծառայության առանձնահատկությունն այն է, որ սկզբում քաղաքացիական անձանցից ընտրությամբ կազմավորվում է գերատեսչական պահպանության ստորաբաժանում, այնուհետև օբյեկտների պահպանության համար այդ նույն աշխատակիցներից նշանակում են պահակային խմբեր, որոնք չեն համարվում զինծառայողներ, այլ քաղաքացիական պահակներ են, զինված հրաձգային զենքով և որոնց նկատմամբ կիրառական չէ ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային կանոնագիրքը, փոխարենը կիրառական է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և գերատեսչական պահպանության կանոնակարգման ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը։ Գերատեսչական պահպանության աշխատակիցներին աշխատանքի ընդունում, ազատում, կարգապահական պատասխանատվության է ենթարկում և խրախուսում է ռազմական օբյեկտի պետը, այս դեպքում զորամասի հրամանատարը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան։ Գերատեսչական պահպանության աշխատակիցները մասնագիտական պատրաստություն են անցնում համապատասխան ծրագրով և եռամսյակը մեկ անգամ կատարում պարտադիր հրաձգության վարժություն։

Ուսումնական ավանում, ըստ տեղամասերի՝ գործնական պարապմունքները անցկացվեցին ԶԾ վարչության բաժնի պետ գնդապետ Ա. Գալստյանի առաջնորդությամբ։ Զուտ գործնական առումով բավականին հագեցած էր ժամապահի և պահակախմբի գործողությունները հրդեհի ժամանակ։ Ստեղծվեց հրդեհի փոքրիկ օջախ, որից հետո պահակախումբը անցավ հրդեհաշիջման գործողությունների։ Հաշված վայրկյանների ընթացքում շարքայիններ Մ. Սարգսյանն ու Է. Միքայելյանը 4Փ-Կ կրակմարիչներով հանգցրին հրդեհի օջախը։

Ցուցադրվեցին ինչպես պահակախմբի նախապատրաստումն ու փոխարինումը, պահակային ծառայության կազմակերպումը, այնպես էլ զենքի լիցքավորման և լիցքաթափման կարգը, չմոռանալով պարապմունքների մասնակիցներին հիշեցնել զենքի հետ ճիշտ վարվելու անվտանգության կանոնները։

Գործնական աշխատանքներից հետո սկսվեց տեսական պարապմունքների փուլը, որը հաջորդաբար վարեցին ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾ անվտանգության ապահովման վարչության պետ գնդապետ Հ. Կարապետյանն ու նրա տեղակալ գնդապետ Ա. Պետրոսյանը, նույն վարչության բաժնի պետ Ա. Ստեփանյանը, բաժնի պետ գնդապետ Ա. Գալստյանը և ավագ սպա փոխգնդապետ Տ. Մաթևոսյանը։

-Լսարանային պարապմունքները նպատակաուղղված են նաև գերատեսչական պահպանության գործող կանոնակարգի դրույթները լուսաբանելուն,- ասաց փոխգնդապետ Տ. Մաթևոսյանը։

Վերջում հավաք-խորհրդակցության մասնակիցների տեսական գիտելիքների յուրացման աստիճանը ստուգելու նպատակով առաջին անգամ անցկացվեց թեստային ստուգարք։ Արդյունքների ամփոփումը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր։

Նրանք, ովքեր նախկինում ծառայել են զինված ուժերում, գիտելիքի բավականաչափ պաշար ունեն, իսկ ովքեր քաղաքացիական կյանքից են եկել, նրանց գիտելիքները խիստ թերի են։ Թեստային ստուգատեսից բարձր գնահատականներ ստացան Գագիկ Համբարձումյանը, Վրեժ Սամվելյանը։ Անբավարար գնահատվածներին տրվեց 30 օր ժամանակ, որպեսզի պարապեն, վարժվեն և կրկին հանձնեն թեստ-ստուգարքը։

-Եթե երկրորդ անգամ էլ գնահատականը անբավարար լինի, տվյալ աշխատակիցը կազատվի աշխատանքից,- ասաց գնդապետ Ա. Պետրոսյանը։

Ներկայումս աշխատանքներ են տարվում ծառայության մեջ իրավանորմատիվային փոփոխություն կատարելու նպատակով։ Իրավանորմատիվային փոփոխության դեպքում, աշխատավարձի որոշակի բարձրացմամբ կավելանա և՛ ծառայության մեջ ընդգրկվողների քանակը, և՛ թե նրանց ծառայության որակը։

Գերատեսչական պահպանության զարգացումն ու ընդլայնումը ԶՈՒ հնարավորություն կընձեռի ապահովման բազաներից բացի, այն ներդնելու նաև զորային օղակում, ինչի արդյունքում պահպանությամբ կզբաղվեն «քաղաքացիական պահակները», իսկ զինծառայողները կզբաղվեն միմիայն մարտական պատրաստությամբ,- վստահեցրեց գնդապետ Ա. Պետրոսյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2012