ԳԵՆԵՐԱԼ ԲԵՀԲՈՒԹՈՎԸ
Ռուսական զորախմբի մերձենալուն պես բաշիբոզուկների առաջապահ ջոկատը մարտի չբռնվեց, այլ արագորեն նահանջեց դեպի Բայանդուր: Իշխան Օրբելիանին, առանց նախազգուշական միջոցներ ձեռք առնելու, նետվեց հետապնդելու թշնամուն: Բայանդուրի մերձակայքում ռուսական զորախումբն անսպասելիորեն ընկավ գյուղի շրջակա բարձունքների վրա դիրքավորված թշնամու հրետանային ուժգին կրակի տակ, որին հաջորդեց թուրքական մեծաքանակ ուժերի հարձակումը: Սակայն Օրբելիանու զորքերը կարողացան դիմակայել թվաքանակով շուրջ վեց անգամ գերակշռող թշնամու հզոր ճնշմանը և չընկրկեցին:
Շուտով օգնական ուժերով Բայանդուր հասավ գեներալ Բեհբութովը և, ծանոթանալով իրավիճակին, անմիջապես մղվեց դեպի թշնամու ձախ թևը, որպեսզի թևանցում կատարի և կտրի թշնամու նահանջի ճանապարհը:
Բեհբութովի այս խելամիտ և վճռական քայլը թշնամուն հարկադրեց նահանջել իր ելման դիրքերը: Մայրամուտին մարտը իսպառ դադարեց, իսկ առավոտյան այն չվերսկսվեց, քանզի թուրքական զորախումբը, խույս տալով հետագա առճակատումից, գիշերը նահանջել էր դեպի Կարս:
Սակայն, սպասվածին հակառակ, Ալի Ահմեդ փաշայի 36 հազարանոց բանակը Կարս չմտավ, այլ բանակեց նրանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Բաշքադըկլար բնակավայրի մոտ: Բեհբութովն իսկույն օգտվեց ընձեռված հնարավորությունից և նոյեմբերի 19-ին, իր Ալեքսանդրապոլյան 10000-անոց զորախմբով արագորեն առաջանալով, Բաշքադըկլարի մոտ վերջնականապես կտրեց թուրքական բանակի` դեպի Կարս նահանջի ճանապարհը:
Դիտելով ռուսական փոքրաթիվ զորախմբի անվեհեր առաջխաղացումը` թուրքական բանակի հրամանատար Ալի Ահմեդ փաշան, որն իր տրամադրության տակ քառակի ավելի զինվոր ուներ, արհամարհանքով քմծիծաղ տվեց. «Սա՞ է անհավատների զորքը: Ալլահը վկա, ռուսները խելքները թռցրել են. չէ՞ որ մենք նրանցից ամեն մեկի դիմաց չորս հոգի ունենք: Ի՞նչ իմաստ ունի կռվել նրանց դեմ: Կշրջապատենք նրանց, կկապոտենք ու կտանենք սուլթանին նվեր»: Շուտով, սակայն, թուրք փաշան հարկադրված էր շատ թանկ վճարել հակառակորդին թերագնահատելու համար:
Ճակատամարտը սկսվեց կեսօրին` հակառակորդ կողմերի նախապատրաստական հուժկու հրետակոծությամբ: Բեհբութովը առանց վարանելու նախահարձակ եղավ:
Բեհբութովի հրամանով իր զորախմբի լավագույն զորամասերը գեներալներ Բագրատիոն-Մուխրանսկու, Բրիմմերի և Օրբելիանու ղեկավարությամբ հանդուգն գրոհ ձեռնարկեցին թշնամու զորաբանակի աջ թևի վրա: Բագրատիոն-Մուխրանսկու գլխավորությամբ գրենադերների և կարաբիներների 4 գումարտակ թևանցում կատարեց և սվինամարտի նետվեց թշնամու աջ թևի վրա: Վերջինս, չդիմանալով ռուսական զորքերի ճնշմանը, խուճապի մատնվեց և սկսեց անկանոն նահանջել:
Խոշոր ուժեր կուտակելով ձախ թևում` Ահմեդ փաշան, օգտագործելով իր թվական գերակշռությունը, փորձեց հակահարձակման անցնել և այդ թևում նեղելով ռուսական զորքերին` վերականգնել կորսված դիրքերը: Ռուսական զորքերը հերոսաբար դիմադրում էին` հետ մղելով թուրքական զորքերի և քրդական ջոկատների անընդմեջ գրոհները:
Գեներալ Բեհբութովի հրամանով իշխան Օրբելիանիի գրենադերական գունդը գրոհ ձեռնարկեց թշնամու աջ թևում տեղակայված հրանոթների մարտկոցի վրա, որը և դարձավ ռուսական զորքերի գլխավոր հարվածի նշանակետը: Գրենադերները արագորեն իջան ձորակը և բարձրանալով հանդիպակաց թեքությամբ` մխրճվեցին մարտկոցի մեջ:
«Սակայն գրոհի արագությունն էլ հենց խանգարեց հասնել հաջողության: Իշխան Օրբելիանու հետ առաջին շարքի 40-50 գրենադերները արդեն հասել էին մարտկոցին, մինչդեռ մյուսները դեռևս ձորակի հատակին էին կամ նոր էին բարձրանում սարի լանջով: Թուրքերը, որ գրենադերների հանդուգն գրոհից շփոթահար, ընկրկել էին, նկատելով հակառակորդի փոքր քանակը, առաջ մղեցին պահեստային ուժերը, և գրենադերներին ետ մղեցին» (Մ. Բոգդանովիչ):
Ճակատամարտի վճռորոշ պահն էր: Հարկավոր էր մի հանդուգն, լիովին անսպասելի քայլով վերստին տիրել նախաձեռնությանը, ոգեշնչել զորքերին և վերջնական հարված հասցնել թշնամուն: Եվ ահա գեներալ Բեհբութովը, լքելով իր հրամանատարական դիտակետը, երկու վաշտի գլուխ անցած, շտապեց գրենադերներին օգնության:
Այս հանդուգն քայլը, ըստ էության, վճռեց ճակատամարտի ելքը: Մարտիկները, ոգեշնչված իրենց հրամանատարի անձնազոհ արարքով, նրա հետևից խոյացան թշնամու վրա: Սկսվեց արյունահեղ սվինամարտը, որում ռուս զինվորը իր հավասարը չուներ աշխարհում:
«Իշխան Բեհբութովը, որ օժտված էր անձնական քաջությամբ, հայտնվում էր մարտի ամենավտանգավոր հատվածներում և ոգևորում էր իր զինվորներին այնտեղ, որտեղ դրա հարկը կար» (Պ. Ռուդակով):
Այդ ընթացքում ռուսական հետևազորը, թևանցում կատարելով, գրավեց Ուղուզլիի բարձունքը` կտրելով թշնամու նահանջի ճանապարհը: Վերջինս, այլևս անզոր լինելով կազմակերպված դիմադրություն ցույց տալու, Մավրակչայ գետի ափին տրոհվեց երեք մասի և գրեթե լիովին շրջապատվեց ռուսական զորքերի կողմից:
Հայտնվելով ռուսական զորքերի օղակում` թուրքական բանակը մինչև ժամը 3-ը կատաղորեն դիմադրում էր, սակայն, չդիմանալով ռուսական զորամասերի հուժկու ճնշմանը, ի վերջո սկսեց նահանջել, ինչը հետզհետե վերածվեց խուճապահար փախուստի: Գեներալ Բեհբութովի զորքերը փառահեղ հաղթանակ տարան:
«Այս արյունահեղ ճակատամարտում իմ ենթակայության տակ եղած զորքերի գործողություններն արժանի են մեծագույն գովասանքի: Չհիշատակելով առանձին զորամասերի բազմաթիվ սխրագործությունների մասին` Ձերդ պայծառափայլությանը հայտնեմ միայն, որ 7000 հետևակ և 2800 հեծյալ զինվորներից բաղկացած ռուսական զորախումբը, որ սպառազինված էր 32 հրանոթով, այդ օրը կատարյալ պարտության և խուճապահար փախուստի մատնեց թուրքական կանոնավոր հետևազորի 20000-անոց կորպուսին, 4000-անոց կանոնավոր հեծելազորին և ավելի քան 12000 քրդերին` սպառազինված 46 հրանոթով»,- (Գեներալ Բեհբութովի` իշխան Վորոնցովին հղած զեկուցագրից):
Թշնամին մարտադաշտում թողեց ավելի քան 6000 սպանված ու վիրավոր, գրեթե ողջ հրետանին ու զինամթերքի պաշարը: Բեհբութովի զորախմբի կորուստները անհամեմատ սակավաթիվ էին. 317 զոհ և շուրջ 900 վիրավոր:
Այս փայլուն հաղթանակի համար Բարսեղ Բեհբութովը պարգևատրվեց Սուրբ Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշանով:
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ճակատագրեր, Պատմության էջերից