ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Կուրիլյան կղզիներում տեղակայված ռուսական 18-րդ գնդացրա-հրետանային դիվիզիան կհամալրվի զենիթա-հրթիռային բրիգադով` սպառազինված հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներով, ընդհուպ մինչև Ս-400 համակարգերը: Որոշ աղբյուրների համաձայն Ֆրանսիայում Ռուսաստանի զինված ուժերի համար պատվիրած «Միստրալ» ուղղաթիռակիրների առաջին խմբաքանակը նույնպես ուղղվելու է այս տարածք: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ կղզիներում տեղակայված զորքերի վերազինման ամբողջական ծրագիրը պատրաստ կլինի փետրվարի վերջին: Նախատեսվում է արդիականացնել ողջ սպառազինությունը, նաև էականորեն բարելավել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանները: Ներկայումս ռուսական զորախումբն օգտագործում է մի քանի տասնյակ տարվա վաղեմության զինատեսակներ: Կուրիլյան կղզիներում ռուսական ստրատեգիական ներկայությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը` նշելով, որ դա Ռուսաստանի տարածքն է: Ռուսական կողմի քայլերը հանգեցրել են պաշտոնական Տոկիոյի դիվանագիտական կոշտ հակազդեցությանը, մասնավորապես Ճապոնիայի վարչապետը դա անվանել է «աններելի վիրավորանք»:
Խորագիր՝ Նորություններ