Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»-ԻՆ



Ուղիղ մեկ ամիս է մնացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը, որն այս անգամ անցկացվելու է մեր երկրում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։ Ազգային բանակի համար կարևոր այս իրադարձությանը հավուր պատշաճի նախապատրաստվելու համար ուսումնական կենտրոնում դեռ անցած տարվանից կատարվում են շինարարական ծավալուն աշխատանքներ։ Պարզելու համար, թե որ փուլում են գտնվում նախապատրաստական աշխատանքները, և ինչպես է ուսումնական կենտրոնը պատրաստվում ընդունել շուրջ 1600 զինծառայողների, եղանք տեղում, հետևեցինք գործերի ընթացքին, զրուցեցինք ուսումնական կենտրոնի պետ փոխգնդապետ Լևոն Գալստյանի և «Աշխատանք» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ծառուկյանի հետ։

-Առաջին անգամ է մեզ մոտ նման ներկայացուցչական զորավարժություն անցկացվելու, և պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծվեն լավագույն պայմանները մեր գործընկերների կեցության և նախատեսված մարտական խնդիրների իրականացման համար,- ասաց փոխգնդապետ Լ. Գալստյանը։ -Արդեն բավական ժամանակ է, ինչ հիմնանորոգվել է զորավարժության կենտրոնական դիտաշտարակը, ստեղծվել են ժամանակակից պայմաններ զորավարժության ընթացքին հետևող մասնագետների, հյուրերի, լրագրողների համար։ Նորոգվել, ընդարձակվել է հրամանատարական կետը։ Լիովին պատրաստ են նաև զորային հրաձգության և տանկային ուղեգծի դիտաշտարակները։ Գրեթե ամբողջությամբ պատրաստ է զորային հրաձգարանը։ Այժմ աշխատանքներ են տարվում նռնականետորդների և դիպուկահարների կրակային, ինչպես նաև հրաձգությունից առաջին և երկրորդ ստուգողական զորավարժությունների համար նախատեսված կրակային ուղղությունները վերջնական տեսքի բերելու համար։ Ամբողջ ուսումնական կենտրոնի տարածքում փոխվում է մալուխային ցանցը, ինչը շատ կարևոր է թիրախների աշխատանքի հուսալիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ ամբողջ տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Այժմ ընթանում են նաև վրանային ավանի պատրաստման վերջնական աշխատանքները։ Ասեմ նաև, որ թիկունքի վարչությունն արդեն սկսել է ուսումնական կենտրոնի կառույցների կահավորման աշխատանքները։

Վրանային ավանի շինհրապարակում մեր հարցերին պատասխանեց նաև շինարար Համլետ Ծառուկյանը։

-Աշխատանքները բոլոր տեղամասերում կամ ավարտված են կամ կավարտվեն երկու-երեք օրից։ Ինչպես տեսնում եք, ամենածավալունը վրանային ավանն է։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է վրանները տեղադրել և կահավորել։ Ջրի խնդիրը նույնպես լուծված է։ Անցկացրել ենք ութ կիլոմետր ջրագիծ, իսկ ավանում տեղադրել ենք (ցույց է տալիս) երկու 25 տոննայանոց տարողություններ։ Պատրաստ են սանհանգույցները, կոյուղին, և, որ ամենակարևորն է, լուծված է ջրահեռացման համակարգի գործարկման հարցը։ Հաջորդ կարևոր խնդիրը, իհարկե, ճանապարհների, շարահրապարակների ասֆալտապատումն է։ Քանի դեռ աշխատում են շինարարական մեքենաները, ասֆալտապատում չենք անի, այսինքն՝ կասֆալտապատենք, երբ ամեն ինչ ավարտված կլինի, որպեսզի մինչև զորավարժության մեկնարկը ասֆալտը մնա մաքուր։ Ասեմ նաև, որ սկսվել է և շուտով կավարտվի ուղղաթիռների թռիչքի ու վայրէջքի համար նախատեսված հրապարակի կառուցումը։

Շրջելով ուսումնական կենտրոնում՝ տեսանք այն ամենը, ինչի մասին խոսեցին փոխգնդապետ Լ. Գալստյանը և շինարար Հ. Ծառուկյանը։ Իրոք որ, շատ լավ աշխատանք է կատարված բարձր մակարդակով զորավարժություններ անցկացնելու համար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


08/08/2012