Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ



Գնդապետ Ա. Ցականյանի նախնիները պատմական Չարդախլու գյուղից են։ Ծնվել է Վանաձորում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հովհաննես Բաբաջանյանի անվան ռազմական թեքումով հատուկ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։ Ստանալով լեյտենանտի կոչում՝ ծառայել է տարբեր զորամասերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Այնուհետև սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում։ Վերադարձել և ծառայությունը շարունակել է ՀՀ սահմանային զորամասերում։ Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության» I, II աստիճանի մեդալներով։ Վերջերս նշանակվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի հրամանատար։ Շնորհավորելով հարգարժան գնդապետին, խնդրեցինք հակիրճ ներկայացնել զորամասի առօրյան, իր տպավորությունները.

-Զորամասն անցած ուսումնական փուլին գլխավոր ռազմական տեսչության կողմից գնահատվել է բավարար, և գլխավոր ռազմական տեսուչը դրական է արտահայտվել զորամասի մասին։ Ձևավորված ավանդույթներ ունեցող զորամաս է։ Տեղյակ եմ զորամասի ձեռքբերումներին։ Ստանձնելով մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարությունը կաշխատենք եղածը պահպանել, ընթացիկ թերությունները վերացնել և ձգտել առավելի։

Խորհրդակցություն եմ անցկացրել սերժանտական կազմի հետ՝ այսինքն՝ սկսել եմ ծանոթությունը ներքին օղակներից։

Այնուհետև զրուցել եմ պայմանագրային զինծառայողների հետ։ Նրանց հիմնական խնդիրը ընտանեկան է՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Նրանց փոխարինել են ժամկետային զինծառայողները։ Պայմանագրայիններին տրվել է մեկ ամսով արձակուրդ։ Դա մեծ ոգևորություն առաջ բերեց, որովհետև կային պայմանագրային ծառայողներ, որոնք զուտ նմանատիպ պայմաններից ելնելով չէին ուզում շարունակել ծառայությունը։ Զորամիավորման հրամանատարությանը ներկայացրել եմ ոչ թե խնդիրը, այլ լուծման ճանապարհը՝ գարնանային-աշնանային շրջաններում (ապրիլ-մայիս, հուլիս-օգոստոս) մեկ ամիս ու կես մարտական հերթապահությունն իրականացնել ժամկետային զինծառայողների ուժերով, և հնարավորություն ընձեռել պայմանագրայիններին զբաղվելու իրենց վարուցանքով, բերքահավաքով և այլն։ Նշեմ, որ ովքեր որոշել էին թողնել ծառայությունը, շատերը կնքեցին ծառայությունը շարունակելու նոր պայմանագրեր։ Կան պայմանագրայիններ, որոնք ընտանիքով տեղափոխվում են այլ բնակավայրեր, կան նաև պայմանագրային զինծառայողներ, որոնք բարեխղճորեն չեն կատարում իրենց պարտականությունները, և որոնց ներկայացրել եմ զորացրման։ Բանակը չպետք է նման մարդկանցով ծանրաբեռնել։

Շրջել եմ մարտական դիրքերով, հենակետերում ծանոթացել անձնակազմի հետ, դիրքերի առանձնահատկություններին, ընդհանուր պաշտպանական համակարգին։ Նշեմ, որ մեծ ծավալի աշխատանքներ են կատարված։ Ծանոթացել եմ ինժեներական աշխատանքներին։ Որոշ հենակետերում արդեն ավարտված են աշխատանքները։ Տրվել է ժամկետ, և ըստ կարգի պետք է զեկուցեն կատարված աշխատանքների մասին։

Հանդիպել եմ նորակոչիկներին։ Տպավորությունս դրական է. ուսումնական վաշտի սպաները լավ են աշխատել նորակոչիկների հետ։ Մեր հիմնական խնդիրը առողջական սահմանափակումներ ունեցող զինծառայողների առկայությունն է, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի համար դա ծանր խնդիր է։

Ընդհանրապես, ես փորձում եմ ծառայությունը կառուցել մարդկային հարաբերությունների վրա։ Մարդկային լավ փոխհարաբերություններն ամեն ինչի հիմքն են, դրական արդյունքի հասնելու միակ ճանապարհը։

Ամեն մի հանձնարարությունից առաջ ես փորձում եմ բացատրել, թե դա ինչի համար է անհրաժեշտ։ Եվ երբ զինծառայողը դա հասկանում է՝ հանձնարարությունը նա կատարում է սիրով ու հավատով և այն գիտակցությամբ, որ դա ընդհանուր գործի համար է։

Ինչպես պաշտպանության նախարարն է նշում՝ զինվորների և հրամանատարության գործողությունները տարբերվում են միայն պատասխանատվության աստիճանով։ Ես փորձեցի դա բացատրել և՛ սերժանտական խորհրդի, և՛ պայմանագրային զինծառայողների, և՛ սպայական անձնակազմի հետ իմ հանդիպումներում, որովհետև մեր բոլորիս առաքելությունը մեկն է՝ մեր երկրի պաշտպանությունը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ազգային բանակ


08/08/2012