ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 27-ին մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի կրակադաշտերից մեկում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության գլխավոր՝ կրակային փուլը։
Զորավարժության թեման էր. «Զորամասի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում։ Պաշտպանական մարտի վարումը, մխրճված հակառակորդի առաջխաղացման կասեցումը և հակագրոհով հակառակորդի լիակատար ոչնչացումն ու առաջնագծի վերականգնումը»։
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԹԱՑՔԸ
Պայմանական հակառակորդը, օգտագործելով ցամաքային զորքեր և օդուժ, խախտելով պետական սահմանը, ձգտում է առաջանալ, զավթել մեր երկրի տարածքները։ Տարածքի պահպանությունն իրականացնող զորամասի հրամանատարությունը կազմակերպում է պաշտպանությունը։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ
Մինչ կրակային փուլի մեկնարկը զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Գրիգորյանը տվեց կողմնորոշումը և կրակային դաշտի կողմնորոշիչները, որից հետո ստեղծված իրադրության և ընդունած որոշումների մասին զեկուցեց հրամանատար գնդապետ Ա. Օհանյանը։ Ներկայացնելով հակառակորդի հավանական գործողությունները՝ նա ասաց.
-Օգտագործելով ավիացիա և հրթիռներ՝ «հակառակորդը» կարող է հարվածներ հասցնել մեր երկրի պետական և ռազմական կարևորագույն օբյեկտներին։ Նա ծավալում է ռադիոէլեկտրոնային պայքար, կարող է օգտագործել դիվերսիոն հետախուզական խմբեր, ունի մեծաքանակ զրահատեխնիկա և հրետանային միջոցներ։ Որոշել եմ, համագործակցելով զորամասը համալրած ստորաբաժանումների հետ, անցնել պաշտպանության, առաջապահ ուժերի ակտիվության, հրետանային և ՀՕՊ միջոցներով ոչնչացնել նրա ավիացիան ու զրահատեխնիկան։
Զորավարժության առանձնահատկությունները ներկայացրեց զորավարժության ղեկավարը՝ զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը.
-Զորավարժության առանձնահատկություններից առաջինն այն է, որ անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխությունը կատարվել է երկաթուղով, հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ անցկացվում է բնակլիմայական բարդ պայմաններում։ Հաջորդը՝ ընդգրկված են բանակային ավիացիա, ճակատային ավիացիա, մարտական ստորաբաժանումներ, թիկունքային ստորաբաժանում։ Մարտակարգում նախատեսել ենք առաջավոր դիրք։ Նմանակումները ձգտել ենք հնարավորինս մոտեցնել իրականին։ Կրակադաշտում ստեղծվել է բավական հարուստ թիրախային իրադրություն բոլոր զենքերի, զորատեսակների համար։
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
Հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու կամ ընթացքը դանդաղեցնելու նպատակով հետախուզական խումբը պայթեցրեց կամուրջները, բայց ընկավ շրջափակման մեջ։ Խմբին այնտեղից դուրս բերեց Մի-8 ուղղաթիռը։ Հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակեցին ներխուժումը և անցան մարտակարգի։ Մեր առաջապահ ուժերը դիմադրում են, ոչնչացնում ռազմական տեխնիկայի առաջին միավորները, սակայն հակառակորդը դեռևս շատ ուժեղ է, և որոշվում է նահանջել և դիմադրությունը կազմակերպել հաջորդ հանդիպման կետում։ Երկու ՍՈՒ-25 ինքնաթիռները ռմբահարեցին առաջացող հակառակորդի շարասյուները և ոչնչացրին մեծաքանակ հետևակայինների։ Այնուամենայնիվ չի հաջողվում կանգնեցնել հակառակորդին։ Նահանջի ընթացքում կրակային խոցումները շարունակվում էին։ Վերջապես հաջողվում է պոկվել հետապնդող հակառակորդից և փակել նրա ճանապարհը։ Այնուհետև մարտի մեջ մտավ կազմավորված առաջին շարժակազմը։ Այստեղ ամենամեծ թիրախային իրադրությունն էր, նախատեսված տանկերի և հրաձգային բոլոր միջոցների համար։ Րոպեներ տևող հզոր ինտենսիվ հրաձգության արդյունքում թիրախային իրադրությունն ամբողջովին ոչնչացվեց։ Մարտի մեջ մտած երկրորդ շարժակազմը սրընթաց հակագրոհով ոչնչացրեց «հակառակորդի» վերջին մնացորդները և վերականգնեց առաջնագիծը։
Կրակի ավարտից հետո զորավարժության ղեկավար կազմին, մասնակից ստորաբաժանումների հրամանատարներին և զորավարժության ընթացքին հետևողներին իր նկատառումները հայտնեց ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
-Զորամասը ԶՈՒ-ում լավ համարում ունի, և հաջողությամբ է կատարում պետական սահմանի պահպանության առաջադրանքը։ Թերություններ, իհարկե, նկատել եմ։ Կարծում եմ ընտրված կրակադաշտի տարածքը նեղ էր այսպիսի մեծաքանակ տեխնիկա օգտագործելու համար, որոշ տեղերում զրահատեխնիկայի միջոցները միմյանց մոտ էին գտնվում։ Նույնը վերաբերում է հրետանային միջոցներին։ Ես գնահատում եմ մասնակից բոլոր ստորաբաժանումների, սպաների ու զինվորների աշխատանքը, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ուսումնական փուլը նոր է սկսվել, կոչ եմ անում ոչինչ բաց չթողնել, աշխատել, սովորել ու սովորեցնել։
***
Զորավարժության ավարտից հետո, առավել բարձր արդյունքներ ցույց տված ավելի քան հարյուր հիսուն զինծառայողներ պարգևատրվեցին տարբեր կարգի խրախուսական պարգևներով՝ պատվոգրերով, շնորհակալագրերով, կրծքանշաններով, կարճատև արձակուրդով։
ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ
Զորավարժությունը, այն էլ մարտական հրաձգությամբ, ուսումնական գործընթացի ամենակարևոր ու արդյունավետ մասն է։ Դաշտային պարապմունքներին զուգահեռ, զինծառայողները հասցրին ստեղծել պաշտպանական ամրություններ, նախապատրաստել կրակադաշտ։ Իրավիճակի վերլուծությունը, որոշումների ընդունումը, հրամանների, առաջադրանքների կատարումը պարզ էր ու տեսանելի։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ զորացրումից հետո ստորաբաժանումները նոր են համալրվել, և շատ ու շատ նշանառու օպերատորներ, հաշվարկների ու անձնակազմերի հրամանատարներ, մեխանիկ-վարորդներ ուսումնական զորամասերում սովորելուց հետո առաջին անգամ էին մարտական կրակ կատարում, նման բարդ պայմաններում մարտական տեխնիկա վարում, ապա միանշանակ կարելի է ասել, որ անձնակազմը մարտական գործողությունների կարևոր փորձ ձեռք բերեց, երիտասարդ զինվորներն զգացին վառոդի հոտը, թիրախը խոցելու հաճույքը։
Զորավարժության ընթացքը ցույց տվեց, որ կազմակերպիչները բավական ուժեղ հակառակորդ են ընտրել։ Նրան կանգնեցնելը, ջախջախելը դժվար էր, և պաշտպանական բնագծերը ճեղքելու, երկրի խորքը մխրճվելու ընթացքը երկար տևեց։ Հասկանալի է, սա արված էր առկա զենքերը, ռազմական տեխնիկան կիրառելու, այսպես ասած, մարտի մեջ մտցնելու նպատակով, բայց այդ ձգձգումն ազդում էր գործողությունների արագության վրա, ընտրված կրակադաշտն էլ, իրոք, նեղ էր առկա զինտեխնիկայի համար։ Բայց չմոռանանք, որ ընտրության հնարավորությունները շատ չեն, որովհետև ուսումնական կենտրոնի հիմնական կրակադաշտում նորոգման աշխատանքներ են ընթանում։ Ամեն դեպքում վստահաբար կարելի է ասել, որ ուսումնական փուլի սկզբում անցկացված զորավարժությունը բավական հաջող էր։ Այն ցույց տվեց, որ զորամասը մարտունակ է։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան