Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ



Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
ռազմական ինստիտուտի շրջանավարտներ,
ծնողներ եւ հյուրեր

Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ այս օրերին ապրում ենք նույն վիթխարի ուրախությունը. մենք ունենք կայացած ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հրամանատարական տարբեր օղակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են այդ հաստատություններն ավարտած հազարավոր սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ: Նրանք բանակում զբաղեցնում են հրամանատարական գրեթե բոլոր պաշտոնները` դասակի հրամանատարից մինչեւ բանակային կորպուսների ղեկավար պաշտոններ: Արդեն միանշանակ կարելի է փաստել, որ մեր ռազմաուսումնական հաստատությունները կայացել են ու ծառայում են իրենց նպատակին, ինչը բոլորիս վաղեմի մեծ երազանքն էր: Անցնող տարիները վկայեցին, որ Հայաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները պատրաստեցին արժանի հերթափոխ, հրամանատարական կազմ, որը շարունակում է թե՛ հայկական բանակի հերոսական ավանդույթները, թե՛ լավագույնս տիրապետում է այսօրվա զինվորական գործին: ՀՀ զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների եւ խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունը եւ բարոյակամային բարձր որակները:

Աշխարհաքաղաքական առկա մարտահրավերները, ԼՂՀ հիմնախնդրի արդարացի լուծման ձգձգումը եւ վերջապես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեզ թելադրում են մշտապես զարգացնել եւ կատարելագործել պաշտպանական համակարգի ձեռքբերումները:

Գիտության զարգացման արդյունքում այսօր մարտական գործողություններում էապես կրճատվել են տարածությունն ու ժամանակը: Բայց նույնքան աճել է մարդու` կրթություն ստացած, ժամանակի բարդագույն տեխնոլոգիաներին տիրապետող, գրագետ ու իր հայրենիքին նվիրված սպայի դերը: Այս տեսակետից ուզում եմ նշել, որ մենք հենց նման ակնկալիքներ ունենք ձեզանից. համալրելով զինված ուժերի սպաների շարքերը` դուք նոր ու թարմ գաղափարներով զարկ կտաք բանակաշինության առաջընթացին:

Վստահեցնում եմ, որ բանակի ղեկավարությունը հստակ որոշում է կայացրել` «Դեմքով շրջվել դեպի երիտասարդ սպան»: Ասել է թե` երիտասարդ սպայի ողջ բանակային կենսագործունեությունը հավուր պատշաճի գտնվելու է պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում` թե՛ սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու առումով, թե՛ բարեխիղճ ծառայության համար գնահատման ու առաջխաղացման:

Զինվորների համար դուք պիտի լինեք ուսուցիչ եւ առաջնորդ, այն միակը, ով արեւի, անձրեւի եւ թե ձյան տակ մշտապես քայլում է առջեւից, ծառայության ընթացքում խստորեն պահանջում, իսկ դժվար պահին թիկունք է դառնում զինվորին: Այսպիսին եմ ես պատկերացնում մեր բանակի սպային ու հրամանատարին: Այլապես, ինչպես խնդիրը դիպուկ կերպով բանաձեւել է Գարեգին Նժդեհը՝ «Հենց այնպես ծառայել, ծառայել, որովհետեւ պահանջում են, կամ ստիպված ես մի զույգ ուսադիրներ կրել մի կտոր հացի համար` նշանակում է դատապարտված լինել կատարելու սովորական մահկանացուին հատուկ ամենաաննշան ու անփառունակ գործերը»: Կարծում եմ` ամենաաննշան ու անփառունակ գործերը Հայաստանի զինված ուժերի սպաների, առավել եւս` երիտասարդ սպաների համար չեն:

Քիչ է ասել, որ հայոց բանակը այսօր ձեր կարիքն ունի: Իմ խորին համոզմամբ՝ զինված ուժերի ցանկացած ստորաբաժանումում պարզապես անփոխարինելի է երիտասարդ, եռանդուն եւ մասնագիտական թարմ գիտելիքներով օժտված սպան: Նա, ով իր ենթակա անձնակազմի համար բոլոր առումներով իսկական առաջատար է ու բոլորի համար կատարյալ օրինակ: Այդպիսի զինվորականը ոչ միայն ենթակա կառույցը, այլեւ ամբողջ ստորաբաժանումը կարող է տանել դեպի հաղթանակներ: Համոզված եմ, որ փայլուն համագործակցություն կստացվի ձեր` երիտասարդ կադրերի եւ ստորաբաժանման ավելի տարիքով եւ ռազմական փորձով իմաստնացած սպաների միջեւ: Եվ երիտասարդական այդ ավյունի ու փորձի միաձուլումից միմիայն հրաշալի գործեր ու արդյունքներ կարելի է սպասել:

Ձեզանից իմ ամենամեծ ակնկալությունն այն է, որ պայքարեք բոլոր այն բացասական երեւույթների դեմ, որոնք, հնարավոր է, վաղուց արմատացած ու սովորական դարձած լինեն տվյալ ստորաբաժանումում, որոնց հետ, սակայն, երբեք ու երբեք չպետք է համակերպվեք, չընկնեք արդեն «փորված հունը», եթե այն սխալ է, այլ նորը` ճիշտը կառուցեք ու վստահորեն ընթանաք դեպի ձեր պատկերացրած ու երազած զինվորական կառույցի ստեղծումը:

Զինվորականությունը հասարակության յուրահատուկ խավն է: Որպես սպաներ` դուք կրում եք ուսադիրներ, որոնք զինված ուժերում ընդգծում են ձեր իրավունքներն ու պարտականությունները, որպես զինվորականներ` դուք կրում եք համազգեստ, որը հասարակության մեջ ընդգծում է ձեր առանձնահատուկ դիրքը: Պատվով կրեք ձեր համազգեստն ու ուսադիրները, որոնք ոչ միայն ձեզ ուղեկցելու են մանր ու մեծ փորձությունների միջով, այլեւ տալու են հնարավորություն` հաղթահարելու դրանք:

Ցանկանում եմ, որ դուք եւ սպայական ողջ անձնակազմը ունենաք ձեր ավագ եղբայրների նվիրումը եւ հրամանատարական անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի հայրենիքի պաշտպանության նվիրական գաղափարն ու այն իրականացնելու հստակ խնդիրները ձեր ծառայության մեջ հանդես գան միահյուսված: Դժվարին ճակատագիր ունեցած եւ պատերազմի թոհուբոհով անցած հայ սպաների նախորդ սերունդը, որոնց շատերի հետ դուք առնչվել եք` հանձին ինստիտուտի հրամանատարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի, ձեզ հարուստ ավանդույթներ ժառանգեց, ուստի լիահույս եմ, որ դրանք ինքներդ հարստացրած կփոխանցեք մեր զինվորական կրթօջախների շրջանավարտների հաջորդ սերունդներին:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական ողջ կազմին` հայկական բանակի համար սպաների հերթական հոսքի պատրաստման համար: Շնորհակալությունս եմ հայտնում նաեւ երիտասարդ սպաների ծնողներին` իրենց զավակներին զինվորական մասնագիտության ուղղորդելու եւ ուսումնառության ընթացքում նրանց մշտապես հետեւելու եւ ոգեւորելու համար: Վստահ եղեք, որ նկատելի արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Կրկին շնորհավորելով ինստիտուտի շրջանավարտներին զինվորական ուսումնառությունն ավարտելու եւ սպայական կոչումներ ստանալու առիթով` մաղթում եմ խաղաղ ու հայրենանվեր ծառայություն, հետագա հաջողություններ, առողջություն ու երջանկություն:

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2012