Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ



Եգիպտաիսրայելյան սահմանին գտնվող Քերեմ-Շալոմ հսկիչ անցագրային կետում երկուշաբթի օրը գրոհայինների հարձակման արդյունքում սպանված 16 զինվորների հուղարկավության հազարավոր մասնակիցները դատապարտող կոչեր են վանկարկել երկրի նախագահ Մուրսիի հասցեին, որը հուղարկավորությանը մասնակցելու փոխարեն այցելել էր հոսպիտալում գտնվող յոթ վիրավոր զինվորների: Մուրսիի այդ քայլը խիստ քննադատության են արժանացրել Եգիպտոսի բոլոր քաղաքական գործիչները:

Վերլուծաբանների մի մասը հուղարկավորությանը Մուսիի բացակայությունը բացատրել է երկրի վարչապետ Հաշիմ Քանդիլիայի դեմ կազմակերպվող մահափորձի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո նախագահի կյանքի համար նրա անվտանգության ծառայության աշխատակիցների մտահոգությամբ:

Սահմանային հսկիչ անցագրային կետը գրոհած ծայրահեղականները գրաված երկու զրահամեքենաներով փորձել էին ներխուժել Իսրայելի տարածք, սակայն մի մեքենան պայթել էր ականի վրա, իսկ երկրորդ զրահամեքենան, հայտնվելով Իսրայելի տարածքում, ոչնչացրել էր ռազմաօդային ուժերի ուղղաթիռը: Արդյունքում սպանվել է ութ գրոհային, որոնց մարմինները իսրայելական կողմը երեկ հանձնել է Եգիպտոսին:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» կազմակերպությունը կտրականապես հերքել է հարձակմանը պաղեստինցի մարտիկների մասնակցության մասին լուրերը և խստորեն դատապարտելով կատարվածը` ցավակցություն հայտնել Եգիպտոսի իշխանություններին ու ժողովրդին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/08/2012