Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ



Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանց գնահատականներով ավարտած ինը շրջանավարտներ շուտով կհամալրեն հայոց բանակի սպայական կուռ շարքերը` դառնալով պետության եւ ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը: Չորս տարի նրանք պատվախնդրորեն կրեցին կուրսանտական ուսադիրները եւ այժմ, երբ նրանց հանձնվեց սպայի անձնական վկայականը, հնարավորություն ունեն իրենց արհեստավարժությունը, գիտելիքների պաշարը, հաստատակամությունն ու վճռականությունը ծառայեցնելու հանուն մեր երկրի անվտանգության: Ի դեպ, գերազանց առաջադիմությամբ ինստիտուտն ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու ծառայության վայրը, նրանցից շատերը ցանկություն ունեն ծառայելու առաջնագծում:

ՎԱԶԳԵՆ ՍԱՀՐԱԴՅԱՆ, հետախույզ. Զինվորականի մասնագիտությունը ընտրած երիտասարդ սպան ասում է, որ 4 տարիների ընթացքում իր կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել` բացահայտել է ներքին կարողությունները, բնավորության առնական գծերն են ձեւավորվել, սովորել է չընկրկել դժվարություններից: Ըստ Վազգենի` հետախույզի մասնագիտությունը պետության համար ճակատագրական նշանակություն ունի, ուստի պետք է խուսափել արկածախնդրությունից եւ կարողանալ ինքնամոռաց նվիրվել։ «Ինստիտուտի դասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի պատրաստի փայլուն մասնագետներ, որոնք օժտված կլինեն բարձր մտավոր եւ վերլուծական մտքի կարողություններով, ֆիզիկական պատրաստվածությամբ, տոկունությամբ, հավասարակշիռ նկարագրով»,-նշեց նա:

Որպեսզի շահի զինվորի վստահությունը, Վազգենը սպա-զինվոր փոխհարաբերություններում հիմնվելու է հոգատարության եւ ազնվության, հավասարության եւ սոցիալական արդարության վրա:

ԱՐՄԱՆ ԱՇՈՏՅԱՆ, հրետանավոր. Արմանը պատմում է, որ ինստիտուտում զինվորական կյանքի առաջին օրերի դժվարությունը Զառ գյուղի Սեւաբերդ բարձունքի հաղթահարումն էր: Հիշում է, թե ինչպես տեղ հասան, բարձունքի կտրուկ թեքության եւ քարքարոտ լիելու պատճառով թերագնահատեցին իրենց հնարավորությունները, իսկ այնուհետեւ զարմանք եւ հիացմունք ապրեցին , որ դժվարությունը իրենց հաստատակամության շնորհիվ հաղթահարվեց: 4 տարիների հեռավորությունից առաջին դժվարություններն ու մտահոգությունները ծիծաղ են հարուցում, այսօր Արմանին մտահոգում է այն, թե արդյոք կարդարանան իր սպասելիքները զորամասում. «Առջեւում սպասվող շրջադարձը` ծառայությունը առաջնագծում, հմտություններ եւ որոշակի փորձ է պահանջում: Դրական արդյունք եմ ակնկալում եւ դրա համար իմ ստորաբաժանումում ծառայող յուրաքանչյուր զինվորին անհատական մոտեցում եմ ցուցաբերելու, փորձելու եմ պարտականություններս անտրտունջ եւ փայլուն կատարել, ինչպես այս տարիներին»:

ԱՐՑԱԽ ՀԱԿՈԲՅԱՆ, մոտոհրաձիգ. 1992 թ. ծնվեց ազատամարտիկ Արթուր Հակոբյանի որդին, եւ նա որդուն անվանակոչեց Արցախ աշխարհի պատվին` վստահ լինելով, որ որդին արժանի հետնորդը կդառնա հանուն նրա ինքնիշխանության եւ ամբողջականության զոհված իր ընկերների. «Չափազանց պատասխանատու եւ պատվաբեր է նման անուն ունենալը: Հայրս եւ իր ընկերները մեզ անառիկ սահմաններով հայրենիք պարգեւեցին, ես էլ կփորձեմ իմ ավանդը ունենալ մեր զինված ուժերի կայացման եւ հզորացման գործում: Նրանց նվիրումի շնորհիվ է, որ այսօր մեկնում ենք ծառայելու տարածաշրջանի ամենակայացած եւ մարտունակ բանակում: Ուսանելու տարիներին 2 անգամ ստաժավորման եմ գնացել եւ հնարավորություն եմ ունեցել հմտություններս գործնականում կիրառելու, շփվել եմ զինվորների հետ եւ ամբողջական պատկերացում ունեմ, թե ինչ է ինձ սպասում զորամասում: Կարեւորում եմ բարոյահոգեբանական ճիշտ մոտեցումը, որի շնորհիվ ծառայության ընթացքում հնարավոր է ձեւավորել միասնականություն, համախմբվելու, դժվարությունները համատեղ հաղթահարելու կամք»:

ՎԱՐԱԶԴԱՏ ԲԵԳՈՅԱՆ, մոտոհրաձիգ. Նորաշեն գյուղում, որտեղ ծնվել է Վարազդատը, կանգնեցված է Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ միշտ հավաքվում են վետերանները, ինքն էլ էր գնում, լսում նրանց պատմությունները եւ համոզվում, որ ռազմական գործի հանդեպ սերը հայերին ուղեկցել է իր պատմության բոլոր ժամանակներում: Նրան գյուղի տարեց վետերանները խորհուրդ էին տալիս ծառայության ընթացքում համբերատար լինել, վստահություն սերմանել, թերությունները չհանդուրժել, ծառայել նվիրումով, եռանդով եւ սիրով։ «Այդ ամենը հաշվի կառնեմ,-ասում է երիտասարդ սպան, ապա անդրադառնում ինստիտուտում ուսուցանվող առարկաներին։ -Պետք է նշեմ, որ 4 տարիների ընթացքում կարեւորել եմ հատկապես կրակային պատրաստությունը: Ստորաբաժանման մարտունակության, առաջնագծում ամուր կանգնելու համար պետք է զենքին շատ լավ տիրապետես, իսկ դա հնարավոր է, եթե հրաձգության կանոններն ու պայմանները լիարժեք ուսումնասիրել ես»: «Արդյոք հոգեբանորեն պատրաստ ես հարկ եղած դեպքում կրակել հակառակորդի վրա»,-հարցնում եմ: «Ձեռքս էլ չի դողա»,-վստահեցնում է Վարազդատը:

ՏԱՐՈՆ ԵՆԳՈՅԱՆ, հրետանավոր. Լեյտենանտ Ենգոյանը մասնագիտության հարցում կողմնորոշվել էր դեռեւս 2005թ., ընդունվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, այնուհետեւ 2008 թ. դարձավ ռազմական ինստիտուտի կուրսանտ եւ երդվեց հավատարմորեն ծառայել իր երկրին ու ժողովրդին: Այդ երդումն էլ նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց իր ընտրած ճանապարհի կայացմանը եւ հասկանալով, որ գերազանց արդյունքը գերազանց պատրաստվածություն է պահանջում, աշխատեց չթերանալ իր պարտականություններում. «Պատրաստ եմ ծառայել ամենապատասխանատու հատվածում եւ սեփական օրինակով ոգեւորել շարքային զինվորին, իսկ դա ինձ կհաջողվի, որովհետեւ ինստիտուտում ձեռք եմ բերել ենթականերին ուսուցանելու եւ առաջնորդելու հմտություններ: Վստահ եմ` իմ հաստատակամությունն ու վճռականությունը պետք են մեր երկրին»:

ՄԻՔԱՅԵԼ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ, հրետանավոր. Միքայելը Արցախյան պատերազմի մասին գիտի ոչ պատմության դասագրքերից. ծնված լինելով Արցախի Մարտունի քաղաքում, վերապրել է պարտադրված պատերազմի արհավիրքները. «Մորեղբայրս` Կարեն Ուլուբաբյանը, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, բայց ես զինվորական եմ դառել ոչ թե վրեժ լուծելու համար, այլ որ այս անհանգիստ աշխարհում խաղաղություն տիրի: Հետագա հաջող ծառայության համար, կարծում եմ, կարեւոր են լինելու ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլեւ ենթակաների հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու մարդկային որակը: Զինվորական գործում շատ բան կախված է հստակ եւ կանոնակարգված հրամաններից, փորձելու եմ պահանջներս ճիշտ ձեւակերպել, հասկանալ յուրաքանչյուրի հայացքներն ու համոզմունքները»:

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ, հրետանավոր. Գասպարյանների ընտանիքը` ի դեմս Արամի, եւս մեկ սպա է ուղարկում զորքեր: Արամի հորեղբոր որդիները, ինչպես նաեւ հորաքրոջ զավակը ավարտել են ռազմական ինստիտուտը. վերջինս նույնպես` կարմիր դիպլոմով: Ասում է` իրենց միավորում է բնավորության մեկ ընդհանուր գիծ` բոլորն էլ կարգապահ են. «Զինվորական կարգապահությունը զորքերի մարտունակության ապահովման հիմնարար գործոններից է, ուստի խստիվ կարգուկանոն եմ պահպանելու: Յուրաքանչյուր զինվորականի պարտքն է բարեխղճորեն ծառայել եւ գիտակցել իր անձնական պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության գործում»:

ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, հրետանավոր. Ռազմական ինստիտուտում, ըստ Մհերի, ստեղծված են բոլոր պայմանները զինվորական կյանքի այբուբենը յուրացնելու համար. «Ուսումնական ծրագիրը հագեցած է թե՛ տեսական, թե՛ գործնական առումով: Մեր ֆակուլտետն ունի հագեցած ուսումնանյութական բազա, այնպիսի դասախոսական կազմ, որ մեր բարձր մասնագիտական պատրաստությունը կասկածից վեր է: Իմ մասնագիտացումը ենթադրում է մաթեմատիկական գիտելիքների գերազանց իմացություն, նաեւ կոլեկտիվ ղեկավարման ունակություն, քանի որ հրետանին կոլեկտիվ զինատեսակ է: Հետեւելու եմ նաեւ հորս` փորձառու հրետանավոր Սերժիկ Պետրոսյանի խորհուրդներին, որ միշտ կրկնում է. «Հրետանու դերը վճռորոշ է, գիտակցիր դա եւ անընդհատ կատարելագործիր հմտություններդ»»:

ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, հրետանավոր. Հարգել յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, լինել հոգատար ու ազնիվ, բարեկիրթ ու աննկուն. ահա այսպիսի մոտեցում է ցուցաբերելու իր ծառայության ընթացքում Նարեկ Հովսեփյանը. «Բանակում ծառայում են չափահաս դարձած երիտասարդներ, ուստի եթե խուսափեն արատավորող արարքներով ինքնահաստատվելու փորձերից, եւ յուրաքանչյուրս գործենք մեր լիազորությունների շրջանակներում, վստահ եմ` ծառայությունը կդարձնենք անփորձանք»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #30 (946) 2.08.2012 – 8.08.2012, Ազգային բանակ


10/08/2012