Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՆԴՈՆ-2012



ԾԱՆՐԱՄԱՐՏ
Օլիմպիական խաղերի 10-րդ եւ 11-րդ օրերը մեր մարզիկներին հաջողվեց նվաճել միանգամից երեք՝ մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։ Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը (բրոնզե) պարգեւեց ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (մեր ծանրորդների նվաճած միակ մեդալը օլիմպիադայում), որը +75 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 254 կգ արդյունք։ Չեմպիոնի կոչումը 333 կգ արդյունքով նվաճեց չինուհի Լուլու Զուն, իսկ ռուսաստանցի ծանրորդուհի Տատյանա Կաշիրինան 332 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր։

ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Երկրորդ մեդալը, այն էլ արծաթե, Հայաստանին պարգեւեց 74 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։

«Ցանկացած ոսկե մեդալ – դա տարիների քրտնաջան աշխատանքի համար պարգեւատրում է։ Ես հպարտություն եմ ապրում իմ երկրի համար։ Եթե Ռոմանն այսօր հաղթեց, ուրեմն նա ավելի ուժեղ էր։ Ես տրամադրվել էի, որ նվաճեմ օլիմպիական ոսկին, բայց ստացա արծաթը։ Կփորձեմ ավելի լավ պատրաստվել, որ Ռիո դե Ժանեյրոյում նվաճեմ բաղձալի օլիմպիական ոսկին»,- ասել է Արսենը։

Վերջում տաղանդաշատ մարզիկը ավելացրել է՝ «Հայրս՝ Լեւոն Ջուլֆալակյանը, 88-ին Սեուլում նվաճեց իր ոսկին, ես էլ ցանկանում էի նվաճել իմ ոսկին»,- իր խոսքը եզրափակել է Արսենը։

-Հաղթանակից հետո ահա թե ինչ է ասել օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը. «Ինձ շատ լավ եմ զգում, անկեղծ ասած՝ դեռ չեմ հավատում։ Հետո երեւի կհասկանամ, թե ինչ արդյունք եմ գրանցել։ Արսեն Ջուլֆալակյանը իրոք իմ կուռքն է»:

Օգոստոսի 8-ին հայկական ըմբշամարտի հույս համարվող տաղանդաշատ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը 96կգ. քաշային կարգում Հայաստանին պարգեւեց 2-րդ բրոնզե մեդալը՝ ցնծության եւ հիացմունքի պահեր պատճառելով աշխարհասփյուռ հայությանը: «Հայ զինվորը» սրտանց շնորհավորում է մեր օլիմպիականներին պատմական հաղթանակների կապակցությամբ:

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Մարզաշխարհ


15/08/2012