ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԿԻՐՃՈՒՄ
Բնության գեղատեսիլ վայրերից մեկում է գտնվում «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբարը։ Եղեւնաշատ այս տարածքն իր գունագեղ փոքրիկ տնակներով իսկապես հեքիաթային տպավորություն է ստեղծում.
-Ճամբարում հանգստանում են պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի ծառայողների, ազատամարտիկների երեխաները,- պարզաբանում է ԶՍՊ վարչության զինծառայողների սոցօգնությունների կազմակերպման եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը,- ամեն ինչ արվում է, որ ամառային հանգիստը երեխաների համար դառնա հագեցած ու հետաքրքիր։
-Ճամբարի կրթական դերը երեխայի կյանքում անչափ մեծ է եւ կարեւոր,- լրացնում է ճամբարի պետը՝ Մկրտիչ Բադալյանը եւ ավելացնում,- այս շփումները նպաստում են համերաշխության, ընկերական մթնոլորտի ձեւավորմանը։ Ճամբարը նաեւ մի յուրօրինակ ինքնուրույնության դպրոց է հատկապես տղաների համար, այստեղ նրանք է՛լ ավելի են վարժվում կարգուկանոնին եւ, բնականաբար, վաղն է՛լ ավելի հեշտ կհաղթահարեն բանակային կյանքի դժվարությունները։ Բոլորովին վերջերս պաշտպանության նախարարությունը մեզ երկհարկանի 40 մահճակալ եւ կողասեղան է նվիրել։ Անգամ այս առումով ճամբարն է՛լ ավելի է մոտենում բանակային կյանքին։ Հաճախ ենք կազմակերպում ռազմահայրենասիրական միջոցառումներ, ուսուցողական արշավներ բնության գրկում։ «Մեր տունը մենք ենք կառուցում». սա է մեր ճամբարի նշանաբանը, ու երեխաները սեփական ուժերով գեղեցկացնում են այս տարածքը՝ նկարում, նկարազարդում։ Սա մեծ իմաստ ունի,- շարունակում է ճամբարի պետը,- տեր զգալ մեր հայրենիքի ամեն սանտիմետրի նկատմամբ, գեղեցկացնել եւ խնամքով վերաբերվել։ Հետաքրքիր է անցնում նաեւ ճամբարային խարույկի արարողությունը. ամեն տարի ավագ որեւէ զինվորական վառված ջահը անձամբ հանձնում է ճամբարականներից մեկին, սա էլ իր ուրույն խորհուրդն ունի՝ ավագ սերունդը հավատով եւ վստահությամբ էստաֆետը հանձնում է կրտսերին, զինվորականը՝ վաղվա զինվորին։
Ջոկատավարներ Աշխենը, Արմինեն, Անահիտը, Ծաղիկը, Աննան, Մերին ջանք չեն խնայում, որ ճամբարականների առօրյան ավելի բազմազան ու հետաքրքիր դառնա։
Ճամբարի երեխաներին կանչում եմ «Հայ զինվոր» թերթի համար նկարվելու, մինչ այդ հասցնում եմ մի քիչ զրուցել հետները։ Գոհ են, ժպտում են, սննդից եմ հարցնում։
-Լավ է, խորոված ու քյաբաբ էլ են տալիս։ Շատերն էլ նշում են, որ առաջին տարին չէ, որ այս ճամբարում են հանգստանում ու մեծ սիրով էլի կգան։
Հրաժեշտ եմ տալիս ճամբարին, լիաթոք ու կուշտ շնչում տեղի սառն ու մաքուր օդը եւ ուղեւորվում դեպի երեւանյան տապեր, իսկ ականջիս դեռ երեխաների զվարթ երգն ու կատակն է։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր