ԾԱՅՐԱՀԵՂ ԱՋ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Իսրայելում զինվորական ծառայությունը ամենաքննարկվող, մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից է: Այնքան կարևոր, որ երկրում քաղաքական խոշոր ճգնաժամի պատճառ է հանդիսացել: Ինչպես հայտնի է, Իսրայելում ծառայությունը պարտադիր բնույթ է կրում, զորակոչվում են 18 տարին լրացած և՛ տղաները, և՛ աղջիկները: Բացառություն են կազմում միայն օրթոդոքս հրեաներն ու արաբական ծագում ունեցողները: Արաբների դեպքում ամեն ինչ հասկանալի է. կարելի է ասել, որ Իսրայելը արաբական պետությունների հետ կիսապատերազմական վիճակում է, անկախությունն էլ ձեռք է բերել հենց արաբների դեմ պատերազմում, և դժվար թե երկրի քաղաքացի արաբները անհրաժեշտ պահին զենք ուղղեն, ասենք, պաղեստինցիների դեմ: Իսկ, ահա, օրթոդոքս հրեաներին բանակ չզորակոչելը արդարացիորեն հարուցում է հասարակության մյուս շերտերի դժգոհությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախաձեռնեց Կնեսետում նոր օրինագծի ընդունումը, որով հավասարեցվում են բոլոր խավերին զորակոչելու իրավունքները: Սակայն ներկայացված օրինագիծը իր հիմնական տարբերակով չընդունվեց: Կառավարող ուժերի դաշինքի մաս կազմող «Քադիմա» կուսակցությունը, ի նշան բողոքի, լքեց կոալիցիան` բավականաչափ կոշտ և հետևողական չհամարելով Նեթանյահուի դիրքորոշումը:
Փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Օրթոդոքս հրեաները հուդայականության փակ ճյուղավորումներից մեկի ներկայացուցիչներ են: Նրանք պարտադիր են համարում երեխաներին մանուկ հասակից հուդայականության ուսմունքը սովորեցնելը: Նրանց հոգևոր դպրոցներում ուսման կոնկրետ ժամանակաշրջան չկա. մարդ պետք է սովորի անընդհատ: Այսինքն` գործնականում օրթոդոքսը ոչինչ չի անում, բացի իր հոգևոր գիտելիքները զարգացնելուց: Դեռ 1948թ. իսրայելական պետության ստեղծումից հետո երկրի առաջին վարչապետ Բեն-Գուրիոնը օրթոդոքս հոգևորականներին ուսման ընթացքում, ասել է թե՝ ողջ կյանքի համար բանակից տարկետում տրամադրելու մասին որոշում ընդունեց: Նա ցանկանում էր վերականգնել նացիստների կողմից ոչնչացրած հրեական հոգևոր դպրոցները: Սակայն հաշվի առնենք, որ այդ շրջանում տարկետումից օգտվում էր շուրջ 400 օրթոդոքս, իսկ այժմ արդեն նրանց թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում: 2001թ. Իսրայելում գործում էր, այսպես կոչված, Տալի օրենքը, որը կարգավորում էր հոգևորականների զորակոչի հարցերը: Մինչև 22-23 տարեկան երիտասարդներին հնարավորություն էր տրվում ընտրություն կատարել` գնալ բանակ, ապա աշխատե՞լ, թե շարունակել հոգևոր ուսումը: Բնականաբար, բոլորն էլ մտածում էին` ինչու ծառայել, եթե կարելի է չծառայել և օգտվել պետական արտոնություններից: Իսկ դրանք քիչ չեն:
Օրթոդոքսը աշխատելու իրավունք չունի, նա պետք է միայն սովորի: Փոխարենը պետությունը նրան սոցիալական նպաստ է վճարում: Բոլոր արտոնությունները այժմ էլ պահպանվել են, սակայն Տալի օրենքը այս տարվա օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Այն մի անգամ երկարացվել էր 2006թ., իսկ այս տարվա փետրվարին երկրի սահմանադրական դատարանը օրենքը համարել է հակասահմանադրական: Այսուհետ հոգևորականներին զորակոչելու խնդիրը բացառապես պաշտպանության նախարարության իրավասության ներքո է, ինչպես եղել է մինչև 2001թ.: Այժմ միայն նախարարը կարող է տարկետում տրամադրել կոնկրետ հոգևորականի: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը արդեն կարգադրել է բանակի ղեկավարությանը մեկ ամսվա ընթացքում համապատասխան կարգ մշակել օրթոդոքս հոգևորականներին զորակոչելու համար: Պետք է նշել, որ ծառայության պայմանները օրթոդոքսների համար այնքան էլ վատ չեն: Նրանց առաջարկվում է այլընտրանքային ծառայություն անցնել նախընտրած կառույցում: Այնինչ դա չի գոհացնում վերջիններիս:
Նրանք բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար` ավելի բորբոքելով հասարակության մյուս հատվածի դժգոհությունը: Իսկ դժգոհելու առիթ իրոք կա: Իսրայելցի տղաներն ու աղջիկները 18 տարին լրանալուն պես զորակոչվում են, ծառայում բավական խիստ ռեժիմով մի բանակում, որը համարվում է աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը: Երիտասարդները հաճախ դժգոհում են, որ իրենք ծառայում են, ապա սովորում, անցնում աշխատանքի` փաստացի ապահովելով բնակչության մի հատվածին, որը չի աշխատում, հարկեր չի վճարում, ապրում է պետական վճարների և երեխաների սոցիալական նպաստների հաշվին: Դա էլ բավական մեծ գումար է կազմում. եթե սովորական հրեական ընտանիքում միջինը երեք երեխա է ծնվում, ապա յուրաքանչյուր օրթոդոքսի ընտանիք ունենում է միջինը հինգ-վեց երեխա և անհոգ ապրում նրանց հատկացվող նպաստներով: Սա հարցի սոցիալական արդարության ապահովման կողմն է: Կա նաև ֆինանսական կողմը: Կազմելով բնակչության մի զգալի մասը՝ հոգևորականները մասնակցություն չունեն երկրի տնտեսական կյանքին: Նրանք միայն կլանում են մյուսների աշխատանքի արդյունքը` փոխարենը չտալով ոչինչ: Ծառայության, ապա նաև աշխատանքի մեջ նրանց ներգրավումով մասնագետները հույս ունեն կտրուկ ավելացնել երկրի տնտեսական ցուցանիշները:
Իհարկե, օրթոդոքսների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել, սակայն սխալ կլինի ասել, թե նրանք ընդհանրապես չեն ծառայել ու չեն ծառայում: Ոչ շատ հաճախ, բայց նրանց կարելի է հանդիպել ՑԱՀԱԼ-ի ստորաբաժանումներում: Ընդ որում՝ վերջին երեք տարիների ընթացքում նրանց թիվը կառավարության մշակած հատուկ ծրագրի շնորհիվ զգալի աճել է: Ամեն ինչ արվում է, որ աստիճանաբար ավելանա ծառայող օրթոդոքսների թիվը թե՛ մարտական ստորաբաժանումներում, թե՛ այլընտրանքային կառույցներում: Այդպիսով հոգևորականը սոցիալականացվում է, նա շփվում է իր հասակակիցների հետ, ստանում է հասարակությանը պիտանի մասնագիտություն: Հատկանշական է, որ ծառայություն անցած ծայրահեղ աջ հայացքների տեր օրթոդոքսների գերակշռող մեծամասնությունը հետագայում անցնում է աշխատանքի որևէ քաղաքացիական հիմնարկում:
Ինչևէ, հոգևորականների զորակոչին վերաբերող խնդիրները դեռ մանրամասն կուսումնասիրվեն, համապատասխան առաջարկներ կարվեն: Երկրի պաշտպանական գերատեսչությունում հույս ունեն արդեն առաջին զորակոչի ընթացքում շուրջ 10-15 տոկոսով ավելացնել բանակում ծառայող օրթոդոքս հոգևորականների թիվը: Մի բան պարզ է. համայնքի ներկայացուցիչների մի մասը հոգնել է ամբողջովին փակ լինելուց, ինչի վկայությունը զորքերում նրանց ծառայությունն է: Իշխանությունն էլ լրջորեն մտադրվել է առաջիկա տարիների ընթացքում զրկել նրանց նախկին արտոնություններից: Նախնական ծրագրերի համաձայն` տարկետում կստանա մոտ 1500 սովորող, այն էլ գերազանց առաջադիմության դեպքում:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ռազմական