Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀՈԳՍԵՐԸ



Քարոզչության եւ հակաքարոզչության մեր խնդիրները. ներկայացնում ենք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ եւ հրապարակախոս, մեր թերթի աշխատակից ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ զրույցը։

«Քարոզչական պատերազմում փաստերի պակաս մենք չենք զգում…»

ՀՀ պաշտպանության նախարար
Ս. ՕՀԱՆՅԱՆ

-Պարոն Մարգարյան, եկեք մի կողմ թողնենք քարոզչության տեսական հարցերն ու խոսենք գործնականի մասին, խոսենք մեր քարոզչության թերությունների եւ առավելությունների (եթե այդպիսիք կան) մասին։ Ում՝ ում, բայց գոնե մեզ համար չպետք է նորություն լինեն ադրբեջանական քարոզչամեքենայի վայրենի հարձակումները մեր պատմության, մշակութային ժառանգության վրա։ Դրանք երեկ չէ, որ սկսվել են. հիշենք տխրահռչակ Բունիաթովին ու նրա հետեւորդներին, բայց ընդունենք նաեւ, որ ադրբեջանական քարոզչությունը վերջին ժամանակներս շատ ավելի նենգամիտ ու սանձարձակ բնույթ ու կերպարանք է ընդունում։ Եվ հենց այն փաստը, որ այդ երկրի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքը հրապարակավ հայտարարում է Արեւելյան Ադրբեջան, արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս…

-Անշուշտ, այդպես է։ Ասեմ ավելին՝ մեր հարեւանների նման պահվածքը պետք է ընկալվի որպես մեր երկրի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք։

-Եթե այդպես է, ուրեմն եկեք ինքներս մեզ համար անընդհատ չասենք ու կրկնենք, թե ով ենք, որտեղից ենք գալիս… Մանավանդ ասողների ու կրկնողների, փառք Աստծո, պակաս չունենք։ Թե ով ենք, ինչ ենք, որտեղից ենք գալիս, մենք լավ գիտենք, մնում է՝ ուրիշներն էլ իմանան, այսինքն՝՝ պետք է ճիշտ ու նպատակային քարոզչական աշխատանք կազմակերպել։ Ահա թե ինչն է մեր մտահոգության առարկան։

-Լիարժեք, համակողմանի քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնելը մեծ գումարների խնդիր է, բայց…

-Հենց այդ բայցի մասին էլ եկեք խոսենք, այսինքն՝ մեր այն հնարավորությունների մասին, որը մենք չենք օգտագործում։

-Իհարկե, ես կխոսեմ իմ ընկալումների մասին եւ, քավ լիցի, բոլորովին էլ հավակնություն չունեմ դրանք բացարձակ ճշմարտություններ համարելու։ Իմ համոզմամբ, մեր քարոզչական եւ հակաքարոզչական աշխատանքը մեծ հաշվով չի կրում կանոնակարգված, համակարգված բնույթ, էլ չխոսեմ նրա դանդաղկոտության, ոչ ճկուն, մանավանդ կրավորական կեցվածքի մասին։ Մեր քարոզչությունը նախաձեռնող, նախահարձակ չէ։ Պատկերավոր ասած՝ ինչ-որ ֆիդայական բան կա մեր մղած քարոզչական պատերազմում, մինչդեռ մեզ հարկավոր է «կանոնավոր բանակ»։ Շատ հաճախ մեր քարոզչությունը հենվում է առանձին անհատների էնտուզիազմի վրա…

-Սակայն կարծես քարոզչությանն ու հակաքարոզչությանը նվիրված հրապարակումների, հրատարակությունների, տարբեր տրամաչափի գիտաժողովների պակաս էլ չունենք, ա՛յ, ուրիշ բան, որ արդյունքը չի երեւում։ Ուրեմն՝ ովքե՞ր են Ձեր ասած անհատ էնտուզիաստները։

-Իհարկե խոսքս լուրջ գիտնականների մասին է, որոնք պատկառելի փորձ ու վաստակ, նաեւ բարոյական բարձր նկարագիր ունեն։ Ավաղ, քիչ չեն նաեւ «գիտնականի», «հայրենասեր գիտնականի» պատմուճան հագած միջակությունները, ճոռոմաբանները։ Մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր քարոզչության զինանոցից պետք հանենք «մենք խելք ունենք, նրանք` նավթ» և նման բնույթի համեմատությունները, պետք է, ի վերջո, հասկանանք, որ հակառակորդին հայհոյելը հայրենասիրություն, մանավանդ քարոզչություն չէ, Երեւանում նստած՝ սրան-նրան «բաց նամակ» հղելը հերոսություն, քաջագործություն, մանավանդ քարոզչություն չէ: Ես չեմ կարող նրանց լուրջ մտավորական, գիտնական անվանել, թեեւ նրանցից շատերը նույնիսկ պատկառելի գիտական կոչումներ ունեն… Որքան բարձր ու անզիջում է «հայրենասիրական» սնապարծ աղմուկ-աղաղակը, այնքան ավելի խոցելի են դառնում մեր դիրքերը քարոզչական մրցակցության դաշտում։

-Ձեր խոսքերն ինձ հիշեցրին խորհրդային ժամանակները, երբ ադրբեջանցի «գիտնականների» «գիտական դատողություններն» ու «հայտնագործություններն» իրենց պետության եւ մշակութային ժառանգության մասին երեխայի ծիծաղն էին առաջ բերում, էլ ուր մնաց՝ գիտական աշխարհի։ Դրանք այնքան հիմնազուրկ էին, մտացածին…

-Մենք երբեմն ինքներս ենք ջուր լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, ինչով էլ քարոզչական ու հակաքարոզչական աշխատանք ծավալելու ձեռնտու եւ շահեկան առիթ ենք նրանց տալիս։ Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի՝ ֆիզիկոսը ֆիզիկայով եւ ոչ թե պատմությամբ, աստղաֆիզիկոսը աստղաֆիզիկայով եւ ոչ թե, ասենք, հնագիտությամբ կամ լեզվաբանությամբ… Երբ նման մարդիկ ներթափանցում են գիտության ուրիշ ոլորտ, բացի ավերածությունից, ուրիշ ոչինչ չի կարող լինել։ Նրանց ազնիվ, այսպես ասած, հայրենասիրական մղումները մեծ վնաս են հասցնում առաջին հերթին հենց մեզ։ Ի՞նչ անուն տաս այն հեղինակներին, որոնք հայ ժողովրդի ծագումը ձգո՜ւմ-ձգձգո՜ւմ, հասցնում են ընդհուպ մինչեւ նախադինոզավրյան ժամանակաշրջան, եւ ինչ-ինչ՝ միայն իրենց հայտնի մեթոդներով շումերական արձանագրությունը «կարդում» են որպես հայերեն, երբ հայտարարում են, որ, իբր, հայկական բանակները մասնակցել են Մերձավոր Արեւելքի անխտիր բոլոր ճակատամարտերին, եւ պնդում են, որ Ք.ա. 6-րդ հազարամյակում հայերը երկրագործությունը տարածել են, նախ, Եգիպտոսում, ապա՝ Չինաստանում, հետո հասցրել Հունաստան ու դեռ ավելի հեռու… Մեքսիկա։ Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր ամեն հայկական բանի մեջ ինչ-որ խորհրդավոր կոդեր են փնտրում ու հայտնաբերում։ Եվ նմանների ոգեւորությունը հասնում է այն աստիճանի, որ արդեն պնդում են, թե Եգիպտոսի բոլոր փարավոնները հայեր են եղել, ուրեմն եւ՝ բուրգերը հայերի ձեռքի եւ հանճարի գործն են։ Նման հակագիտական պնդումներն ու դատողությունները այլ կերպ, քան անհեթեթություն չես անվանի, որքան էլ որ դրանք հաճելի լինեն շարքային քաղաքացու հոգուն ու սրտին։

-Համաձայն եմ, բայց դրանք, ախր, հատուկենտ մարդիկ են, որոնք թերեւս իրավունք ունեն իրենց մասնավոր տեսակետը հայտնելու…

-Բայց եթե նման հակագիտական զառանցանքը գալիս-մտնում է դասագի՞րք՝ ներկայացվելով որպես դասագրքային ճշմարտություն… Եվ դեռ մի բան էլ հրատարակվում է ակադեմիական հաստատությունների հովանու ներքո։ Միայն վերջին երեք տարում գիտական՝ ամենաբարձր համարում ունեցող հիմնարկություններում բազմիցս գիտաժողովներ, քննարկումներ են անցկացվել վերը թվարկված «գիտական հայտնագործությունների» թեմաներով։ Ահա թե ինչն է սարսափելին, վտանգավորը։ Սա՛ է խոցելի դարձնում մեր քարոզչությունը։ Մեր ակադեմիական գիտությունը, որ դեռ երեկ աշխարհին հայտնի էր իր լուրջ գիտական ներուժով, բարձր վարկանիշով, այսօր, ավաղ, վայրընթաց զարգացում է ապրում։ Ո՞վ կարող էր մտածել, որ հայ գիտնականը մի օր կարող է լուրջ-լուրջ հաստատել, որ գիրը դեռ Ք.ա. 13-12-րդ հազարամյակներում Հայաստանից, ավելի որոշակի՝ Սյունիքից տարածվել հասել է Եվրոպա, հետո՝ Ասիա… Ահա թե նաեւ որտեղից է սնունդ առնում ադրբեջանական քարոզչությունը։ Այո՛, իսկապես զավեշտ է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե ներկայիս Հայաստանը Արեւելյան Ադրբեջանն է, որ իրենք իրենց համարում են աղվանների հետնորդները, նրանց մշակույթի կրողները, իսկ Արցախի տարածքը հռչակում են որպես ադրբեջանական մշակույթի օրրան, երբ իրանցի Խուրամյան Բաբեկին հայտարարում են ադրբեջանցիների ժողովրդական հերոս՝ մոռանալով, որ Բաբեկի ժամանակներում Հարավային Կովկասում թուրքական տարրի, իրենց իսկ խոսքերով ասած՝ «իզն ու թոզն» էլ չի եղել, եւ այլն, եւ այլն։ Ուրեմն եկեք մենք ինքներս էլ գիտական աշխարհը չծիծաղեցնենք մեզ վրա…

-…Ու չասենք՝ Քրիստոսի մայրը հայ էր (Մարիամ, հայկական որոշ բարբառներում՝ ՄԱՅՐամ), որ Քրիստոսը իր վերջին բառերը հայերեն է արտասանել, ավելի ճիշտ՝ արեւմտահայերեն…

-…Մանավանդ մեր պատմությունն ու մշակույթը այնքան հարուստ ու ներկայանալի է, որ նման հավելագրումների կարիք եւ անհրաժեշտություն բոլորովին չունի։ Դեռ մենք մեր ունեցածին տեր կանգնելու, մեր ունեցածը պահպանելու, աշխարհին անխաթար ներկայացնելու, ի ցույց դնելու խնդիր ունենք, էլ ուր մնաց՝ հավելագրումների։

-Դեռ հարց է՝ կարողանո՞ւմ ենք ներկայացնել։ Չէ՞ որ քարոզչության մասին ենք խոսում։ Տեսեք. նշելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանը, մենք մեր հարուստ անցյալն ու մշակույթը, քրիստոնեական մեր բարձր արժեքները քաղաքակիրթ աշխարհին ճանաչել տալու հրաշալի հնարավորություն ունեինք։ Մինչդեռ ի՞նչ արեցինք. շատ քիչ բան։ Քարոզչության այդ եզակի հնարավորությունը, այդ իսկապես մեծ տոնը մենք վերածեցինք հերթական, հասարակ մի միջոցառման՝ անարվեստ եւ ամենակարեւորը՝ անպտուղ։ Տոն, որը մեզ գրեթե ոչինչ չտվեց՝ ո՛չ մեր հոգուն, ո՛չ էլ մեր ինքնության բացահայտմանը։ Մեր ունեցածը, մեր միս ու արյունից, մտքից ու հոգուց ծնվածը թողել, Եգիպտոսի փարավոններին ենք հայացնում, մեր մշակույթի «բուրգերը» թողած, Եգիպտոսի բուրգերն ենք սեփականում… Լավագույն վկայությունը հայ տպագրության հինգհարյուրամյա հոբելյանի և Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու հիրավի նշանակալի տոներ են, որոնք, այդպես էլ չիմացանք, ավարտվեցի՞ն, թե՞ դեռ շարունակվում են…(իսկ ինչի՞ց պետք է գլխի ընկնենք…): Կարողացա՞նք պրոպագանդել մեր մշակույթը, ինչ-որ բան շահեցի՞նք` հոգևո՛ր, նյութակա՛ն, մայրաքաղաքում, որևէ գյուղում մի գրադարան կամ գրախանութ ավելացա՞վ, մեր ժողովրդի պաշտամունքի առարկա հռչակված ԳԻՐՔԸ հանվե՞ց մութ ու խոնավ, գարշահոտ ստորգետնյա անցուղիներից… Ո՛չ, ո՛չ, ո՛չ… Գիրքը, ինչպես որ տոնից առաջ էր, այնպես էլ տոնից հետո, նույն տեղում` բորբոսի մեջ մնաց… Եվ ի՞նչ ասես այն մարդկանց, որոնք իրենց հուլությամբ, անտարբերությամբ, մեղմ ասած, չեն կարողանում նման բացառիկ հնարավորությունները ծառայեցնել մեր պետության շահերին… Ախր, համոզված եմ, որ դրանք հենց այն մարդիկ են, ովքեր սիրում են պատեհ-անպատեհ, տեղի-անտեղի, շուտասելուկի նման կրկնել՝ «մենք սրի դեմ գրիչ ենք հանել, ատյանի դեմ՝ մատյան»։ Նմանները ունեն մի մեծ թերություն՝ չունեն պետական մտածողություն։

-Հայրենասիրությունը ինքնագոհ գլուխգովանություն չէ, այլ կոնկրետ գործ, կատարած քայլ։

-Քանի տարի է՝ ազգովի ասում ենք՝ պատերազմում հաղթեցինք, իսկ, ահա, քարոզչական պատերազմո՞ւմ… Որպեսզի չթվա, որ գույները խտացնում եմ, մի օրինակ բերեմ՝ մեր անտարբերության մասին մի աղաղակող փաստ։ Ռուս հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների նախագահ Նիկիտա Միխալկովը, հեռուստատեսային մի հարցազրույցում խոսելով իր նկարահանելիք «Գրիբոյեդով» նոր կինոնկարի մասին եւ ներկայացնելով ռուս մեծ հայրենասերին, գրողին ու դիվանագետին, կարծես իմիջիայլոց հավելեց, որ «կինոնկարը հենց այն Գրիբոյեդովի մասին է, որ հայերին Պարսկաստանից բերեց եւ Ղարաբաղում բնակեցրեց»։ Աշխարհահռչակ ռեժիսորի խոսքերն ինձ շատ ծանոթ թվացին. «Աստված իմ, որտե՞ղ եմ լսել, որտե՞ղ եմ կարդացել, հանդիպել»,- գլուխ էի կոտրում։ Եվ հիշեցի՝ ադրբեջանական «Ցտեսությո՛ւն, հարավային քաղաք» կինոնկարում, որը նկարահանել է ոչ անհայտ ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը։ Ֆիլմի հերոսներից մեկը, անիծելով պատերազմը (Արցախյան- Գ. Ա.), ասում է. «Թերեւս այս դժբախտությունները չլինեին, եթե ժամանակին Գրիբոյեդովը հայերին Պարսկաստանից չբերեր եւ Ղարաբաղում չտեղավորեր»։ Հստակորեն հասկանալի է, թե ինչ է ակնարկում ռեժիսորը, նրան կրկնելով՝ նաեւ Նիկիտա Միխալկովը՝ արցախահայերը եկվորներ են, իրենց հայրենիքում չեն… Մի բան է, երբ այդ պատմական կեղծիքը հնչում է ադրբեջանցի ռեժիսորի շուրթերից, բոլորովին այլ բան, երբ նման կեղծիքը էկրան է ուզում բարձրացնել օսկարակիր ռեժիսորը՝ մեր ռազմավարական դաշնակից պետության Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։ Ինձ թվում էր՝ Միխալկովի հարցազրույցի հենց հաջորդ օրը մեր մտավորականները, արվեստագետները, կինոգործիչները, մշակութային ու կրթական հիմնարկությունները «կպայթեցնեն» մամուլն ու եթերը… Սակայն զուր սպասում. ոչ մի ձայն ու ծպտուն չհնչեց՝ ո՛չ վաղը, ո՛չ մյուս օրը եւ ո՛չ էլ ընդհանրապես… Հետաքրքիր է, քանի՞ անդամ ունի Հայաստանի կինեմատոգրաֆիայի միությունը, կինոյի հետ առնչվող քանի՞ հասարակական կազմակերպություն է գործում հանրապետությունում… Ինչո՞ւ ոչ ոք տեղյակ չէ, որ Մոսկվայում Նիկիտա Միխալկովը մտադիր է ահա այդպիսի բովանդակությամբ կինոնկար նկարահանել (ի դեպ, քառասուն միլիոն դոլար բյուջեով այդ կինոնկարի ութ հայուր էջանոց սցենարը, որ Միխալկովի խոստովանությամբ գրվել է պատմական փաստաթղթերի հիման վրա, արդեն պատրաստ է)։ Ախր, կան մարդիկ, էլ չեմ ասում՝ պատկառելի կազմակերպություններ, որոնք պարտավոր են իմանալ, պարտավոր են իրազեկ լինել մեր քթի տակ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եվ ահա թե ինչպես են կարողանում մեր հարեւանները պատմական կեղծիքը ծառայեցնել իրենց քարոզչական նպատականերին՝ չխորշելով ոչինչից։ Նման մի ֆիլմը շատ ավելի մեծ քարոզչական ուժ ու ազդեցություն կարող է ունենալ, քան մեր քարոզչության եւ հակաքարոզչության տարիների աշխատանքը… Քանի որ արցախցիների եկվորության մասին էկրան բարձրացած կեղծիքը միջազգային մի փառատոնից (ընդ որում, ամենահեղինակավոր) մեկ այլ փառատոն է քոչելու… Պարոն Մարգարյան, Դուք պատմաբան եք, մանավանդ՝ հենց Իրանի պատմության մասնագետ, հեղինակել եք «Իրանի պատմություն» ռուսալեզու դասագիրքը, որը տպագրվել է Ռուսաստանում. ի՞նչ է ասում պատմությունը, ինչի՞ մասին են վկայում պատմական փաստաթղթերը, ի՞նչ հենք ունեն նման դատողությունները՝ եթե Գրիբոյեդովը…

– Խոսքը պատմության խեղաթյուրման մի դասական օրինակի մասին է։ Ես չգիտեմ, թե կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն իր ձեռքի տակ ի՞նչ պատմական փաստաթղթեր է ունեցել սցենարը գրելիս կամ ո՞ւմ խորհրդով ու հորդորով է նման ասելիք դրել նկարահանվելիք կինոնկարի մեջ (թեեւ ենթադրելի է, թե ում), սակայն ինձ համար, որպես պատմաբանի, կարեւոր է պատմական փաստը։ Իսկ ճշմարտությունը հետեւյալն է. 18-րդ դարի վերջն ու 19-րդ դարի սկիզբը բնորոշվում է թյուրքական Ջավանշիր եւ Օթուզիքի ցեղերի մուտքով արցախյան տարածք։ Դրանք վաչկատուն ցեղեր էին եւ հենց այդպիսի կենսաձեւ էին վարում, այսինքն՝ արցախյան տարածքում մշտապես չէին բնակվում, այստեղ էին գալիս ամռանը լեռնային արոտավայրերն օգտագործելու համար։ 18-րդ դարի վերջերին Արցախում ապրում էր 60 հազար հայ ընտանիք։ Եթե հաշվենք, որ ամեն ընտանիք բաղկացած է եղել գոնե 5 անդամից, ապա հայերի թիվը կազմել է 300 հազար։ Մինչդեռ 200 տարվա ընթացքում թյուրքական ցեղերի հետնորդների թվաքանակը 1989 թվի մարդահամարի տվյալներով կազմում էր ընդամենը 42 հազար մարդ։

-Իսկ ավելի որոշակի՝ պատմությունն ի՞նչ է ասում Պարսկաստանից հայերին Արցախ բերելու եւ Արցախում տեղավորելու փաստի մասին։ Որքան գիտեմ, Գրիբոյեդովն իսկապես մեծ թվով հայեր է Պարսկաստանից Արեւելյան Հայաստան բերել։

-Ճիշտ է, բայց այս դեպքում մենք գործ ունենք մասը ամբողջով փոխարինելու իսկապես տարածված մի կեղծիքի հետ, որը հաճախակի է օգտագործում ադրբեջանական քարոզչությունը։ Ըստ ռուս հայտնի պատմաբան Ս. Գլինկայի «Հայերի տեղափոխությունը Կովկասյան տարածք» աշխատության, որը հրատարակվել է 1831 թվականին, Պարսկաստանից Արեւելյան Հայաստան է գաղթել 40 հազար մարդ, եւ նրանցից միայն չորս հազարն են Արցախ տեղափոխվել։ Ըստ պատմաբանի, Արցախում բնակեցվածների մի մասը, որոնք հիվանդությունների եւ համաճարակների զոհ չէին դարձել, ավելի ուշ վերադարձել է ու բնակություն հաստատել Թավրիզում եւ այլուր… Ի դեպ, հայերի վերաբնակեցումը պարտադիր բնույթ չի կրել. համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, երեք տարվա ընթացքում՝ 1829-31թթ., Պարսկաստանից Երեւանի եւ Նախիջեւանի խանություններ կարող էին տեղափոխվել միայն այն քրիստոնյաները՝ հայեր, ասորիներ, որոնք պատրաստ կլինեին հավատարմության երդում տալ ռուսական կայսրությանը։ Եվ հետագայում էլ եթե հայեր են Արցախ տեղափոխվել, ապա միայն այն պատճառով, որ տեղի ապրողները հայեր են եղել, այլապես ի՞նչ իմաստ կունենար։ Հակառակ դեպքում այն տպավորությունն ես ստանում, թե մինչեւ պարսկահայերի տեղափոխվելը, Արցախը անմարդաբնակ, ամայի տարածք է եղել։

Սա՛ է ճշմարտությունը։ Եվ ուրիշ ճշմարտություն չի կարող լինել։ Իսկ նման բառերի ու բառակապակցությունների վրա ակտիվորեն աշխատում է ադրբեջանական քարոզչությունը՝ ներկայացնելով իբրեւ պատմական վառ փաստ։ Եթե նման կեղծիքը տեղ գտնի ռուս կինոռեժիսորի գործում, ապա մեղավորը առաջին հերթին մենք ինքներս կլինենք, ուրիշ ոչ ոք…

– Քանի դեռ բարձրաձայն չենք խոսել սեփական թերությունների մասին, ինքներս մեր սխալները չենք շտկի։ Մենք սովոր չենք մեր թերությունները տեսնել, մեր պարտությունները՝ մեծ կամ փոքր, ընդունել, եթե պետք է՝ անգամ ծիծաղել ինքներս մեզ վրա, դասեր քաղել: Մինչդեռ մեր փառահեղ պատմությունը, մեր դարավոր ու հարուստ մշակույթը, մեր ժողովրդի անցած երկար ճանապարհը այդ ճշմարտությունների աչքերին անվարան նայելու իրավունքը մեզ տվել է։ Վկան՝ մեծն Թումանյանը։ Նա դեռ հարյուր տարի առաջ տրտնջում էր՝ երկիր ունենք-չենք ճանաչում, պատմություն ունենք-չենք ճանաչում, գրականություն ունենք-չենք ճանաչում, լեզու ունենք-չենք իմանում։ Իսկ ես կավելացնեմ՝ մեր մեծերին չենք ճանաչում, չենք կարդում։ Բացենք Թումանյանի գրքերը, կարդանք «Մեծ ցավը», «Անկեղծ չենք», «Դառնացած ժողովուրդ» հոդվածները… Միայն նրանք, ովքեր լավ գիտեն իրենց ժողովրդին, չեն տառապում ազգային սնապարծությամբ։

Թումանյանն այս հոդվածները գրել է 20-րդ դարի սկզբին, եւ կարծես հարյուր տարի չի անցել այդ օրվանից, եւ մենք դեռ 21-րդ դար ոտք չենք դրել։

Առաջիկայում մեր երկրին ու ժողովրդին լրջագույն մարտահրավերներ են սպասում, եւ մենք պարտավոր ենք վերանայել հայրենասիրության մեր ըմբռնումները, վերջապես պետք է բացառապես ներքին սպառողին ուղղված հայրենասիրական ճամարտակություններից ձերբազատվենք եւ անցում կատարենք դեպի զգաստ, սթափ, համակարգված արտաքին քարոզչություն… Այլ ճանապարհ (եւ ժամանակ) պարզապես չունենք… Մոտենում է հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը…

Տպագրելով «Մեր քարոզչության հոգսերը» նյութը, կարծում ենք, որ քննարկվող՝ քարոզչության հարցերի շուրջ այլ կարծիքներ, տեսակետներ ունեցողներ եւս կլինեն։ Խմբագրությունը պատրաստ է քննարկման դնել բոլոր մոտեցումները։

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/08/2012