Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ



Փոխգնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը պետական սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատարի (գնդապետ Հ. Ավագյան) տեղակալն է անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով։ Զրույցը նրա հետ զորամասում տարվող կրթական, հոգևոր-մշակութային, հայրենասիրական, ծառայողական կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքների, բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայողի կարգավիճակի ու խնդիրների մասին է։

-Սահմանի պահպանություն կատարող զորամասի համար գլխավորը սահմանի անվտանգության ապահովումն է։ Եթե հակառակորդը զգաց, որ իր ոտնձգությունները մնում են անպատիժ, նա կդառնա ավելի սանձարձակ։ Վերջին շրջանում մենք առաջնագծում ինժեներական աշխատանքներ ենք տանում մարտական հերթապահության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց որքան էլ այդ պայմանները լավը լինեն, այնուամենայնիվ, գլխավորը մարդկային գործոնն է։ Բանակ եկած երիտասարդ զինվորների հետ մենք տանում ենք համապատասխան աշխատանքներ, որպեսզի նրանք ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերեն մասնագիտական գիտելիքներ, փորձ և պատրաստ լինեն ստորաբաժանման կազմում կատարել ինչպես մարտական հերթապահություն, այնպես էլ մարտական այլ առաջադրանքներ։ Չմոռանանք, որ բանակ են գալիս նաև ցածր կամ ոչ բավարար գիտելիքներ ունեցող տղաներ, և մենք լուրջ աշխատանք ենք տանում նրանց գիտելիքները հարստացնելու, կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Մեզ, այսինքն՝ բանակին, զորամասին, անհրաժեշտ են բանիմաց, ռազմական առաջադրանքի իմաստը ճիշտ ընկալող և առաջադրանքը ճիշտ կատարելու ունակ զինվորներ։ Զորամասում հենց ԱՀՏԱ-ի գծով հրամանատարի տեղակալն է նախաձեռնում ու կազմակերպում այն միջոցառումները, որոնք միտված են բարձրացնելու կամ բավարարելու զինծառայողների հոգևոր-մշակութային պահանջմունքները։ Կազմակերպում եմ կուլտուրմասսայական միջոցառումներ, անձնակազմերի հետ անցկացնում հասարակական-պետական պատրաստության պարապմունքներ, տանում եմ նաև դաստիարակչական աշխատանքներ, կատարում անձնակազմի իրազեկում և այլն։ Միաժամանակ զորամասի կանանց, սերժանտների և էլի մի քանի խորհուրդների նախագահ եմ։ Այսպիսի հասարակական աշխատանքներ են կատարում նաև զորամասի հրամանատարը, շտաբի և թիկունքի պետերը, որոնք էլ իրենց խորհուրդներն ունեն։ Այսօր բանակում չկան անտեսված հարցեր, «մանրուքներ»։ Ամեն ինչ հաշվարկված է, ամեն ինչ դառնում է քննարկման առարկա։

-Շատ է խոսվել այն մասին, որ առավել հեռու, սահմանային զորամասերը համալրվում են ավելի ցածր կրթական ցենզ ունեցող, հիմնականում անապահով ընտանիքներից եկող նորակոչիկներով։ Դուք զինվորների շրջանում ունե՞ք ունակ ուժերի այն կորիզը, որը կարողանում է ձեզ օգնել հասարակական ակտիվների աշխատանքը կարգավորելու հարցերում։

-Իհարկե, բանիմաց, կրթված զինվորները զորամասի հարստությունն են, և մենք շատ ուրախ ենք, որ այս զորակոչի ընթացքում լիովին պահպանվել են արդարության սկզբունքները, և բոլոր զորամասերը, այդ թվում նաև մենք, ստացել ենք բավական լավ համալրում։ Իհարկե, կան օժտված, աշխատելու, օգնելու պատրաստ տղաներ, իսկ բուհերում սովորող, կամ արդեն դրանք ավարտած տղաները կներգրավվեն հասարակական ակտիվներում, և այդ ակտիվները կդառնան իրականում գործող խմբեր։

-Սովորաբար սահմանամերձ զորամասերն ավելի լավ են համագործակցում տեղի համայնքների հետ։

-Միայն այն իրողությունը, որ մեր զորամասի զինծառայողների մի զգալի մասը պայմանագրայիններ են, հիմնականում տեղական համայնքներից, արդեն շատ բանի մասին է խոսում։ Ծառայելով զորամասում՝ նրանք իրենց գյուղերի, գյուղացիների կյանքը, ունեցվածքն են պաշտպանում, դաշտում աշխատող մարդկանց անվտանգությունն են ապահովում։ Ասեմ, որ նրանց մեջ շատ են Արցախյան պատերազմի մասնակիցները, և նրանց ներկայությունը զորամասում շատ օգտակար է երիտասարդ զինվորների համար։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք ինչպես համայնքային իշխանությունների, այնպես էլ տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների հետ։ Շեֆական աշխատանքներ ենք տանում տարածաշրջանի տասնվեց դպրոցներում։ Աշակերտների համար կարդում ենք ռազմահայրենասիրական թեմաներով դասախոսություններ, անցկացնում ենք կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Համագործակցում ենք նաև մշակութային խմբերի հետ։

-Պարոն Հովհաննիսյան, Դուք նշեցիք, որ մեծ թիվ են կազմում տեղացի պայմանագրայինները. մենք զրուցում էինք նրանց հետ, և նրանք չէին թաքցնում բանակից դուրս գալու, արտագնա աշխատանքի մեկնելու մտադրությունները։

-Այո՛, հոսք կա, այն երկկողմանի է՝ և գնում են, և գալիս. մարդիկ դժգոհում են ապրանքների գների աճից, գումարը, որն իրենք ստանում են, արդեն չի բավարարում, մանավանդ որ՝ հողն էլ կայուն եկամուտ չի տալիս, ամեն տարի կարկուտն իր գործն անում է, կա նաև ստացվող բերքի իրացման խնդիր։ Շուկայից հեռու սահմանամերձ գյուղերում չլուծված հարցերը շատ են։ Համոզված եմ, որ եթե տնտեսական վիճակը ինչ-որ կերպ բարելավվի, պայմանագրային ծառայության մեջ գտնվող մարդիկ ոչ մի տեղ էլ չեն գնա, որովհետև իրենց համար գլխավորը հենց բանակն է, երկիրը, իրենց գյուղն ու տունը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ


15/08/2012