Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ



● Կործանվել է ադրբեջանական «Су-25»-ը:
● Զանգվածային ծեծկռտուք զինվորական բարձրագույն դպրոցում:
● Սպաների շրջանում ավելացել են զոհերը:

ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ` ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱ՞Ռ

Ադրբեջանն ակտիվորեն փորձում է զարգացնել սեփական ռազմաօդային ուժերը, ինչը լիովին համահունչ է նրա ագրեսիվ նպատակներին: Բայց, դատելով ըստ ամենայնի, այդ գործում շեշտը դրված է ոչ թե որակի, այլ քանակի վրա:
Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ Չեխիան մասնակցելու է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների արդիականացմանը: Խոսքը, մասնավորապես, ուսումնամարտական «L-29» եւ «L-39» ինքնաթիռների մասին է, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում դրանց որոշ կարեւոր մասերի (դետալների) արտադրության, որի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի գլխավորած պատվիրակության` հունվարի 20-24-ը Չեխիա կատարած այցի ընթացքում («apa.az», 29.01.2011):
Ինչո՞ւ Չեխիան: Բանն այն է, որ ինչպես նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «L-29» եւ «L-39» ինքնաթիռները ստեղծվել են նախկին Չեխոսլովակիայում, առաջինը` 1958թ., երկրորդը` 1968թ.: «L-29»-ը եւ «L-39»-ը երկար ժամանակ ծառայել են որպես Վարշավայի պայմանագրի անդամ երկրների օդաչուների հիմնական ուսումնական ինքնաթիռ, իսկ մարտական պայմաններում կարող են կիրառվել որպես թեթեւ գրոհիչներ` կրելով մինչեւ 240 կգ («L-29») եւ 1200 կգ («L-39») մարտական բեռ (ռումբ):
«Իհարկե, այս ինքնաթիռները չեն կարող «փայլել» որպես գրոհիչներ եւ մարտադաշտում պիտանի են միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար,- ասում է Ա.Հովհաննիսյանը:- Ադրբեջանը դրանք գնում է, որովհետեւ քանակապես ավելացող իր ռազմաօդային ուժերի համար մեծ քանակով օդաչուներ պատրաստելու նպատակ ունի»:
Խնդիրներ են առաջանում, երբ ադրբեջանցի օդաչուն ուսումնամարտական ինքնաթիռից հետո նստում է մարտական ինքնաթիռի ղեկի առջեւ: Փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին մոտ, Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի Սոր-Սոր գյուղի տարածքում կործանվեց ուսումնավարժական թռիչք կատարող ադրբեջանական ռազմական «Су-25» ինքնաթիռը: Օդաչուները` փոխգնդապետ Զ.Յուսիֆլին եւ կապիտան Խ.Շուքյուրովը, կարողացել են փրկվել կատապուլտի միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների` վթարը տեղի է ունեցել վայրէջքի պահին` ինքնաթիռի անիվների չբացվելու պատճառով («apa.az», 03.01.2011):
«Թեպետ այդ ինքնաթիռները բավական հին են, այնքան էլ հաճախ վթարի չեն ենթարկվում: Անիվները կարող են չբացվել ինչպես մարդկային գործոնից անկախ՝ տեխնիկական պատճառներով, ինչը, գոնե, հարյուրից մեկ անգամ լինում է ցանկացած երկրում, այնպես էլ տեխնիկական անձնակազմի վատ սպասարկման հետեւանքով,- ասում է ռազմական փորձագետ Ա.Հովհաննիսյանը:- Ադրբեջանական ինքնաթիռների` վերջերս տեղի ունեցող վթարները, թերեւս, վկայում են, որ նրանք իրականացնում են ՌՕՈՒ-ի զարգացման եւ օդաչուների պատրաստման լայնածավալ ծրագիր, եւ այդ ճանապարհին նրանց մասնագիտական ցածր պատրաստությունը հանգեցնում է նման հետեւանքների»:
Ուշագրավ մի հանգամանք. վթարի պատճառի մասին նախնական տեղեկատվությունը (անիվների չբացվելը) ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրվեց դեպքից ընդամենը 3.5 ժամ հետո: Ակնհայտ է, որ այդքան կարճ ժամանակում հնարավոր չէր պարզել իրական պատճառը, եւ չի բացառվում, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կատարվածի այն բացատրությունը, որը նվազագույն չափով է ստվեր գցում Ադրբեջանի ՌՕՈՒ-ի վրա: Այն, որ «նախնական բացատրությունը» ժողովրդին հանգստացնելու եւ ադրբեջանական ԶՈՒ-ի «դեմքը փրկելու» նպատակ է հետապնդում, ակնառու է նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Է.Սաբիրօղլուի հայտարարությունից` «Կատարվածի մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»: Թող պատճառն էլ հաղորդվեր ավելի ուշ` ստուգվելուց հետո: Փորձը ցույց է տալիս, որ այդ «ավելի ուշ»-ը նշանակում է «երբեք»: Այսինքն` մինչեւ հասարակությունը մոռանա կատարվածի մասին եւ ոչ մի բացատրության կարիք էլ չլինի:
Իսկ ահա վթարի բուն պատճառը կարող է կապված լինել զինվորական ծանր հանցագործության հետ: Համենայն դեպս, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը ստուգում է նաեւ այդ վարկածը: Այդ է վկայում վթարի պատճառը բացահայտելու համար ստեղծված քննչական հանձնաժողովի կազմը, որում ընդգրկվել են Ադրբեջանի զինվորական դատախազության ծանր հանցագործությունների վարչության բաժնի պետը, քրեական հատուկ գործերով քննիչներ, դատախազ-քրեագետներ (կրիմինալիստներ) («apa.az», 03.02.2011): Չգիտես ինչու, նրանց շարքում թռիչքային տեխնիկայի ոչ մի մասնագետ չի նշվում: Միգուցե կարիքը չկա՞:

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ` ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Պետք է արձանագրել, որ 2011 թվականը Ադրբեջանի ԶՈՒ համար անհաջող է սկսվել, եւ «Су-25»-ի կործանումը, լինելով խոշորագույն արտակարգ պատահարը վերջին մեկ ամսվա ընթացքում, ընդամենը լրացնում է համանման դեպքերի շարքը: Հիշենք.
Հունվարի 15. Նախիջեւանում տեղակայված զորամասի երկու զինվոր ` Էլշադ Բայրամովը եւ Թեբրիզ Գամզաեւը, մնացել են ձնահոսքի տակ ու մահացել («novosti.az», 18.01.2011):
Հունվարի 19. Ղազախի շրջանի զորամասում 18-ամյա զինվոր Ռամին Գուլիեւը հրազենով վիրավորել է ինքն իրեն եւ միջին ծանրության վիճակում տեղափոխվել հոսպիտալ: Ըստ ՊՆ մամուլի ծառայության` պատճառը եղել է զենքի հետ անզգույշ վարվելը («vesti.az»):
Հունվարի 20. Թարթառի շրջանի Չիլյաբիրտ գյուղի մոտակայքում ծանր վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ կապիտան Թեյմուր Աբդուլաեւը: Կատարվածի համար ադրբեջանցիները մեղադրում են հայկական կողմին («novosti.az», 21.01.2011):
Հունվարի 24. Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Ալիյար Ջաֆարովը հոսպիտալում մահացել է: Մահվան պատճառը չի նշվում («apa.az», 25.01.2011):
Հունվարի 24. Ադրբեջանի ՊՆ ուսումնական կենտրոնում գազի արտահոսքի պատճառով մահացել է սպա Ռաֆայել Յուսիֆլին («trend.az», 25.01.2011):
Հունվարի 24. Շամխորի շրջանում, Բաքու-Ղազախ մայրուղու վրա «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի զինվորական մեքենային, երկուսն էլ շրջվել են, եւ մեկ զինծառայող վիրավորվել է («trend.az»):
Հունվարի 24. Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ադրբեջանի ՊՆ զինվորական բարձրագույն դպրոցում: Պատճառը եղել է կուրսանտների միջեւ առաջացած կոնֆլիկտը: Կուրսանտ Ջալիլովը դանակահարել է կուրսանտ Ալմամեդովին, որը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ («trend.az»):
Հունվարի 25. Աղդամի շրջանի Ջավախիրլի գյուղի մոտ զոհվել է ադրբեջանցի 26-ամյա սպա Զամին Մամեդովը: Ադրբեջանցիները մեղադրում են հայերին: «Բաքուն մշտապես փորձում է հայկական կողմի վրա բարդել այն միջադեպերը, որոնք բավականին հաճախ են տեղի ունենում ադրբեջանական բանակում` արատավոր երեւույթների, ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով»,- մեկնաբանելով կատարվածը` ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը («newsarmenia.ru», 26.01.2011):
Հունվարի 31. Բիլասուվարի շրջանի զորամասերից մեկում զորակոչվելուց 20 օր հետո մահացել է նորակոչիկ Նուրան Ֆարադլին: Մահվան պատճառը հայտնի չէ («Ենի մուսավաթ»):
Փետրվարի 1. «Բիզիմ յոլը» գրում է, որ Ադրբեջանի ներքին զորքերում տարածված են վարակիչ հիվանդություններ:
Փետրվարի 3. Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Գայբալ Մագերամովը հրազենով սպանել է զինծառայող Ջամալ Աբբասովին («apa.az», 03.02.2011):
Հեշտ է նկատել, որ ավելացել են մահացությունները ադրբեջանցի սպաների շրջանում:
«Ադրբեջանի իշխանությունը եւ հասարակության մի մասը գերի են դարձել այն պատրանքին, թե ժամանակն «աշխատում է» Ադրբեջանի օգտին: Իրականում ժամանակը նրա օգտին է, ով հաշվի է նստում ժամանակի պահանջների հետ,- գրում է ադրբեջանցի վերլուծաբան Զաֆար Գուլիեւը:- Միամտություն է հույսը դնել միայն տնտեսական ու ռազմական փաստարկների` նավթադոլարների հոսքի եւ բյուջեից բանակին հատկացվող գումարի վրա: Դրանք, իհարկե, կարող են ծանրակշիռ լինել, միայն թե ոչ դաժան բռնատիրության ու զանգվածային կոռուպցիայի պայմաններում» («regnum.ru», 02.02.2011):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Ռազմաքաղաքական


17/02/2011