Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԷՄԻԼԸ…



Երբ Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին ներկայացրի առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորների ու սպաների հետ մեր հանդիպումներից ստացած դրական տպավորությունը, չմոռանալով առանձնացնել նրանցից մի քանիսին, նախարարն ընդգծված հանգով ուղղեց տողերիս հեղինակին՝ ասելով. «Արցախի բանակում բոլորն էլ լավ են ծառայում՝ իրենց նպաստը բերելով մեր երկրի պաշտպանության վեհ գործին»։ Եվ զարմանալին այն էր, որ նախարարը առաջնագծում ծառայություն տանող դասակի, վաշտի ու գումարտակի հրամանատարներին ճանաչում էր անուն առ անուն, որոնցից մեկին՝ մայոր Է. Ավետիսյանին ես հանդիպեցի սահմանին։

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ մայոր Էմիլ Ավետիսյանի զինվորական ծառայության քսան տարին կլրանա շուտով։ Գումարտակի հրամանատարը նրան բնութագրելիս ասաց. «Խիզախ, անսահման հայրենասեր, իր գործի իսկական նվիրյալ է մեր Էմիլը։ 40-ը նոր է լրացել, նա մեր վաստակաշատ վետերաններից է»։

Էմիլը հակառակի պես սակավախոս դուրս եկավ, թեպետ զգացվում էր՝ շատ բան է գլխով անցել…

-Որտե՞ղ ես ծնվել,- փորձում եմ զրույցի բռնվել հետը։

-Մարտակերտում,- պատասխանեց։

-Վաղո՞ւց ես զինվորական գործի մեջ,- հարցնում եմ նորից։

-1993 թվականից, երբ անդամագրվեցի Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատին։

Զրուցում եմ Էմիլի հետ և հայացքս սահելով անցնում է թշնամու դիրքերի ու հենակետերի վրայով։ Անծայրածիր, հարթ տարածություն է, շուրջբոլորը՝ ոչ մի կենդանի շունչ։ Հեռվում նշմարվում է մի կանաչ զանգված… Գեղեցիկ, երկնասլաց բարդիներից հայացքս չեմ կտրում։

-Բարդիները ո՞ւմն են,- հետաքրքրվում եմ՝ ներսումս մի առանձնահատուկ ջերմություն զգալով։

-Դրանք մեր պապերի ձեռքով տնկված ծառեր են… Բարդիներից այն կողմ գերության մեջ մնացած մեր տարածքներն են։

-Էմիլ, լսել եմ, որ այս կողմերում կռիվները թեժ են եղել։

-Այստեղ հողի ամեն թիզ հիշեցնում է պատերազմի մասին։ Այսօր էլ ճանապարհներին կհանդիպես պատերազմի լուռ ու համր վկաների՝ խփված ու վառված տանկերի թրթուրներ, պարկուճներ ինչքան ասես…

-Ես արդեն գիտեմ, որ երեք անգամ վիրավորվել ես, այն էլ մեկ տարվա մեջ։ Մի քիչ շատ չի մի մարդու համար։

-Ի՞նչ կարող եմ անել։

-Հիշո՞ւմ ես՝ երբ ես առաջին անգամ, երկրորդ, երրորդ անգամ վիրավորվել։

-Առաջին անգամ վիրավորվեցի 1993-ի հունվարի 10-ին՝ Կիչանի պաշտպանության ժամանակ, երկրորդ անգամ՝ մարտի 3-ին Սարսանգի ջրամբարի մոտ՝ գլխից։ Չորս ամիս տևեց մինչև ապաքինվեցի… Ապաքինման ժամանակահատվածն էր թերևս ինձ համար ամենածանրը… Ընկերներդ կռվում են, իսկ դու՝ կարծես «հանգստանում»։ Երրորդ անգամ էլ վիրավորվեցի Մարտակերտի ազատագրման ժամանակ՝ ընկերներիս հետ։ Նահանջող թշնամուն հետապնդելիս մեր մեքենան պայթեց հակատանկային ականի վրա։

Անկեղծ ասած, ես մարդկանց այնքան էլ լավ չեմ ճանաչում։ Զինվորականներին հատկապես։ Դե, բոլորն էլ նույն համազգեստով են, բոլորն էլ քաջ են։ Բայց լինում է այնպես, որ նրանցից մեկին սիրտդ ուզում է առանձնացնել։ Գիտեք, միշտ չէ, որ հերոսին գտնելու համար պարտադիր է գնալ այս կամ այն հասցեով։ Հաճախ մեր ժամանակի հերոսին կարող ես հանդիպել լրիվ պատահական, ինչպես հանդիպեցի մայոր Էմիլ Ավետիսյանին։

-Էմի՛լ, դու, քո մարտական ընկերները, բոլորդ էլ հերոսներ եք, որովհետև ազատագրված հող ու խաղաղություն եք մեզ պարգևել։

-Ով էլ իր տեղում ծառայությունը, աշխատանքը կատարի սիրով ու նվիրումով, նա էլ նման պատվի կարժանանա։

-Այսինքն։

-Հայրենիքը պաշտպանող զինվորն էլ է հերոս, արվեստի գործեր ստեղծող նկարիչն ու քանդակագործն էլ են հերոսներ, գյուտարարն էլ, հայրենասեր սերունդ կրթող մանկավարժն էլ, սահմանում առավոտից իրիկուն թշնամու նշանառուի կրակի տակ բանող հողի մշակն էլ նույնպես հերոս է։ Հայրենիքին զինվոր պարգևած ծնողը՝ առավել ևս…

-Ուզում ես ասել, որ միայն զինվորականների մեջ հերոս փնտրելը ճիշտ չէ։

-Իհարկե։ Չեմ սիրում, երբ տարբերակում են։ Առանց մեկի մյուսը կարծես արժեզրկվում է։

-Էմիլ, ի՞նչ է հայրենիքը քեզ համար։

-Հայրենիքը ինձ համար ազատագրված հող է, որի վրա մենք կանգնած ենք, ու որը պահելու համար կյանքս էլ չեմ խնայի։

Ինչ խոսք, Էմիլն իրավացի է, սակայն ինձ համար մեր ժամանակի իսկական հերոսը այն հայորդին է, որ զենքը ձեռքին մարտնչեց մեր այսօրվա համար։ Իսկական հերոսը հայրենիքը այսօր էլ իր կյանքի գնով պաշտպանող զինվորն է։ Մայոր Էմիլ Ավետիսյանը դրանցից մեկն է, որ երիտասարդ տարիներին, հիմա էլ արթուն հսկում է իր հայրենիքի սահմանները։ Անկեղծորեն հպարտ եմ, որ մայոր Էմիլ Ավետիսյանի ժամանակակիցն եմ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2012