Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



Ավագ սերժանտ պայմանագրային զինծառայող Հայկ Գրիգորյանի հետ զրույցը տեղի ունեցավ գումարտակի գեղեցիկ կահավորված լսարանում։ Պատերին հայրենասիրական խորագրերով ցուցանակներ են, ազգային հերոսների, մեր ազատամարտի նվիրյալների լուսանկարները…

Հայկը ծնվել է 1985թ. Սիսիան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարանը։ 2003 թվականին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում եւ ծառայությունը շարունակել սահմանային զորամասերից մեկում, որպես տանկի հրամանատար։ Տանկիստի օրվա առթիվ հրամանատարության կողմից խրախուսվել է եւ ստացել սերժանտ կոչում։ Ծառայությունը ավարտելուց մի քանի ամիս առաջ ստացել է ավագ սերժանտի կոչում։

-Ժամկետային ծառայությունը ավարտել եմ 2005-ին եւ հինգ տարի անց նորից որոշել եմ անցնել ծառայության։ Պիտի խոստովանեմ, որ ինձ համար պատիվ է ծառայել այս գնդում։ Որոշումս միանգամից չի եղել։ Ծառայությունից հետո տարբեր աշխատանքներ եմ կատարել, սակայն բոլորիս է հայտնի, որ այսօր կայուն աշխատավարձով մշտական աշխատատեղ այնքան էլ հեշտ չէ գտնել։ Մյուս կողմից էլ ներքուստ միշտ սիրել եմ զինվորական գործը։ Այսպես կայացավ իմ որոշումը։ Չորսամսյա դասընթացներից հետո անցա ծառայության, որպես ջոկի հրամանատար։ Եվ հրամանատարությունը դժգոհ չէ իմ ջոկի տղաների ծառայությունից։

-Ո՞րն է գաղտնիքը։

-Ամենակարեւորը առողջ բարոյահոգեբանական մթնոլորտն է։ Գիտե՞ք ոնց, զինվորը զինվորի հետ, ինձ թվում է, միշտ լեզու կգտնի, կհարմարվեն իրենց ծառայության այս երկու տարիների ընթացքում։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր՝ զինվոր-սպա փոխհարաբերությունները։ Բարոյահոգեբանական մթնոլորտն ինձ թվում է կայանում է, երբ ամուր է այդ կապը։ Իսկ այդ փոխհարաբերություններում մեծ է դերը ներքին օղակների հրամանատարների, ինչպես նաեւ պայմանագրային սերժանտների դերը, որովհետեւ թե՛ նրանց ժամկետային ծառայության տարիները, թե՛ կյանքի փորձը չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ։

-Ի՞նչ կասես ծառայության, քո զինակից ընկերների մասին։

-Ինչպես դիրքերում, այնպես էլ զորամասում, միշտ իրար կողքի ենք, իրար թիկունքի։ Կոլեկտիվը համախմբված է, մեկի հոգսը բոլորինս է, ինչպես նաեւ յուրաքանչյուրի ուրախությունն է բոլորինս։ Ծառայում ենք ինչպես պահանջվում է, իրար օգնում ենք։ Ամեն ինչ հոգատարության եւ խստապահանջության մթնոլորտում է։ Զինվորը գիտի, որ եթե թերանա իր պարտականությունների մեջ, պետք է պատժվի, որովհետեւ սահմանային հատվածում ծառայող զինվորի համար դա աններելի է։ Քիչ առաջ խոսում էինք կարգապահ, օրինակելի կոլեկտիվի մասին, օրինակ, հիմա մեր զորամասում կարանտին են անցնում նորակոչիկիները։ Մենք պետք է հոգատարությամբ ընդունենք նրանց։ Ինձ այդպես են ընդունել զորամասում, երբ ես ժամկետային զինծառայող էի։ Դա ինձ համար անմոռաց է։ Ամեն դեպքում, զորամաս ոտք դրած զինվորի կյանքում առաջին հանդիպումը բարի հիշողություններ պետք է թողնի։

-Ինչպե՞ս է անցնում ծառայությունը դիրքերում։

-Դիրքերում ես հենակետի ավագ եմ։ Այնտեղ ամեն մեկս գիտի իր գործը, մարտական խնդիրը։ Վերկացը, դիտորդի կարգապահությունը, աչալրջությունը, նրան ճիշտ ժամանակին փոխարինելը, ուշադիր հետեւելը տարածքին եւ այն ինչ կասկածելի է՝ զեկուցել հրամանատարությանը։ Դիրքերում եղած ժամանակ ինչպես մեր, այնպես էլ վերադաս հրամանատարության հսկողությունը կրկնապատկվում է։

-Իսկ ի՞նչ խնդիրներից կցանկանայիք խոսել։

-Խնդիրներ կան, որոնք, վստահ եմ, աստիճանաբար կլուծվեն՝ բնակարանային, աշխատավարձի…

Վերջերս զորամասի հրամանատար գնդապետ Ա. Ցականյանի առաջարկով որոշվեց գարնանային եւ աշնանային ժամանակահատվածներում արձակուրդ տրամադրել պայմանագրային զինծառայողներին։ Դա մեծ ոգեւորություն առաջացրեց, որովհետեւ ինչպես գարնանային գյուղատնտեսական, այնպես էլ աշնան բերքահավաքի, խոտհնձի աշխատանքները մինչ այդ պայմանագրայինները կամ չէին կատարում, կամ էլ մնում էին անավարտ։ Դա իր բացասական ազդեցությունն է թողնում ծառայության վրա։ Դա լուրջ խնդիր էր, որովհետեւ շատերը, ընտանեկան պայմաններից ելնելով, ուզում էին թողնել ծառայությունը։ Իսկ հրամանատարի այդ քայլը ճիշտ ժամանակին էր։ Դա վստահություն առաջացրեց, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի հետ աստիճանաբար կգտնեն իրենց լուծումը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ


15/08/2012