Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ



Զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Դ. Միքայելյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Գնդապետի ցանկությունը միայն մեզ ուղեկցելը չէր. մարտական հենակետեր բարձրանալը փորձառու զինվորականի ամենօրյա աշխատանքային գրաֆիկի մի մասն է։

Մեքենան դանդաղ բարձրանում է, ու մենք ունկնդիր գնդապետի պատմություններին, որոնք հիմնականում տարիներ առաջ այստեղ տեղի ունեցած թեժ մարտերի հիշողություններ են՝ ասես չենք նկատում բնության բազմագույն գեղեցկությունը։

Հեռվում սարն է՝ ճերմակ ամպերի իր հովանիով։ Հազարերանգ ծաղիկներն ու ալպյան բուսածածկույթը վաղուց ջնջել են պատերազմական բոլոր հետքերը։

«Միայն հիշողությունները չեն ջնջվում,- ասում է գնդապետը,- միշտ էլ հակառակորդը գերազանցել է թե՛ թվաքանակով, թե՛ տեխնիկայով, սակայն հայ զինվորն ու ազատամարտիկը թշնամուն հակադրել են իրենց ոգու ամրությունը։

Զգացվում է, որ հաճախակի տեղացող անձրեւներից առաջացած փոսերն ու խանդակները վերացնելու համար մշտապես նորոգվում են հենակետեր տանող այս ճանապարհները։ Ավելին՝ հարկ եղած դեպքում կառուցվում են նորերը։ Երկար ճանապարհից հետո հասնում ենք առաջին հենակետ, որտեղ մեզ է դիմավորում հենակետի ավագ կապիտան Ա. Սարգսյանը։ Կապիտանը արհեստավարժ սպա է, ռազմական ինստիտուտի շրջանավարտներից։ Եղել է դասակի հրամանատար, այժմ վաշտի հրամանատար է։ Հենակետի ավագի զեկույցից հետո ողջունում ենք արդեն կազմ ու պատրաստ կանգնած զինվոր տղաներին։ Մեծ պատիվ է սեղմել հայրենի լեռներում հպարտ, ժպիտը դեմքներին կանգնած զինվորների առնական, կոշտացած ձեռքերը, զրույցի բռնվել նրանց հետ։

Հենակետը թե՛ իր հարմարավետությամբ, թե՛ շրջակայքի ձեւավորումով լավ տպավորություն թողեց։ Կացարանը ամուր է, լուսավոր, մաքուր եւ կահավորված ըստ ժամանակակից պահանջների։ Այն իր մեջ ներառում էր ննջարան, զինվորական ճաշարան, խոհանոցային բաժին, առանձնացված զինանոց եւ այլ հարմարանքներ։ Մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարտական ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների սննդի պահպանմանը։ Այդ նպատակով տեղադրված են սառնարան-պահարաններ, որտեղ պահպանվում է սննդամթերքի ե՛ւ թարմությունը, ե՛ւ որակը։ Բլինդաժների կացարանային հատվածի մի մասում առանձնացված էր ընթերցանության, ժամանցի անկյունը, որտեղ կային գրքեր, թերթեր, ամսագրեր, շաշկի, շախմատ։ Կար նաեւ մարզագույք, պտտաձողեր։

Ակներեւ է վերջին տարիներին այստեղ կատարված ինժեներական եւ ամրաշինական աշխատանքները։ Խրամուղիների ճակատային հատվածները ամրացվել են, բարձրացվել, եւ զինվորները հակառակորդի կողմից աննկատ են մնում։ Նոր տիպի դիտակետեր, կրակակետեր եւ ամրախորշեր են կառուցվել։ Ավելի քան 2200 մ բարձրությունից գնդապետ Դ. Միքայելյանը ցույց է տալիս մեր պաշտպանական գծի հենակետերը, նաեւ այն հատվածները, որտեղ դիրքավորված են հակառակորդի զինվորները։

-Կրակոցներ լինում են, սակայն անհասցե ու անկանոն,- ասում է հրամանատարը։- Մեր տղաները աչալուրջ են։

Այնուհետեւ գնդապետը ստուգում է կացարանի եւ դիրքերի ինժեներական աշխատանքները։ Տալիս է հանձնարարական կացարանի դիտորդի տեղի փոփոխության եւ հակահետեւակային անցումների պատրաստում ձեռքի տակ եղած միջոցներով։ Նշվում է հանձնարարականի կատարման ժամկետը։

Հրաժեշտ ենք տալիս խիզախ տղաներին, հայրենիքի իսկական պաշտպաններին՝ կտրսեր սերժանտներ Երեմ Սերգոյանին ու Տիգրան Բաշոյանին, շարքայիններ Գոռ Կարապետյանին, Վարուժան Գեւորգյանին, Վիգեն Մայիլյանին, Ավետիք Պողոսյանին, Հովսեփ Իսկանդարյանին ու շարժվում ենք մյուս հենակետ։ Նրանք արծվի պես մնում են բարձունքում կանգնած։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2012