Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՐՔ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ



«ԼՂՀ ազգային-ազատագրական պայքար. 1988-2009» գրքի հեղինակը Զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գալյա Առստամյանն է։
Իրոք դրվատանքի արժանի, շնորհակալ աշխատանք է կատարվել։ Առանց վարանելու կարելի է ասել՝ այս գիրքը մի ամբողջ ժամանակաշրջանի, մեր ժողովրդի կյանքում վճռորոշ նշանակություն ունեցող մի ողջ տասնամյակի (լի փորձություններով, պատմական իրադարձություններով) պատմությունն է, տարեգրությունը։ Սա գիրք չէ, այլ փառքի հուշամատյան, որին կարելի է ու պետք է ՁԵՌՔ ՏԱԼ ակնածանքով ու սրտի թրթիռով, երկյուղածությամբ ու հպարտությամբ։
-Այս հուշամատյանը սովորական գիրք կամ մատյան չէ։ Այն հավաքվել ու գրվել է ցավով, տառապանքով, կսկիծով։ Ամեն ծնվողի հետ ծնվել, ամեն զոհվողի հետ զոհվել եմ,- գրում է հեղինակը։
Անչափ հուզիչ, սրտառուչ բառեր, շատ բան ասող, շատ բան հուշող, ընթերցողի հոգում ու սրտում հույզ ու կարոտ, սեր ու մորմոք արթնացնող խոսքեր։ Ես այն կարծիքին եմ, որ ոչ ոք չի կարող հենց այնպես, առանց հուզմունքի նայել ու թերթել այս փառահեղ մատյանը։ Չի՛ կարող, որովհետեւ ամեն մի էջից, ասես, ժպտում, թախծոտ աչքերով մեզ է նայում մե՛կը հազարավոր այն կտրիճներից, այն անմահներից, որոնք ընկան Արցախ աշխարհի ազատության ու անկախության համար։ Մեր ցավի ու տառապանքի, մեր հպարտության մասին է պատմում այս մատյանը։ Ինչու չէ, գրքում անթեղված է նաեւ հեղինակի՝ տիկին Առստամյանի մորմոքը. հանուն հայրենիքի ազատության մատաղ կյանքը զոհաբերած հազարավորներից մեկն էլ նրա որդին է՝ Գրիգորը։
Կարդում ես «Զրույց անմահների հետ» խորագրի տակ զետեղված ջերմ ու մտերմիկ, սրտամոտ խոսքերը եւ նորից ու նորից համոզվում, որ մայրական սիրտը դեռ մխում է ցավից ու վշտից։ Համոզվում ես նաեւ, որ ոչինչ ու ոչ մի բան չի կարող սասանել հայ մարդու, հայ կնոջ անկոտրում կամքը, անսասան հավատը՝ ապագայի, անսահման սերը՝ հայրենիքի, հայրենի եզերքի հանդեպ։
«Ամեն ոք ցավն իր ձեւով է տանում… Քայլում ենք ժողովրդի հետ, թաքուն լաց լինում, սակայն մերձավորին բարեւում ժպտալով… Մենք պատասխանատու ենք մեր հայրենի հողի, մեր սուրբ գերեզմանների ու գալիք սերունդների ճակատագրի համար… Ուրիշ ելք չկա… Սա է հանուն ազատության մղվող պայքարի դաժան օրենքը, ուստի հպարտանում ենք, որ ունեցել ենք նման հերոսներ։ Մեր սիրելի որդիներ, ձեր գործն անմահ է, ձեր սուրբ անունները միշտ կթեւածեն Արցախի երկնակամարում, հայ ժողովրդի երգերում, դարերում…»,- գրում է մատյանի հեղինակը։
Գրքում պատշաճ տեղ են գտել նաեւ Հայաստանից եկած ու հանուն Արցախի զոհված ազատամարտիկների, ազատագրական պայքարի ժամանակ նահատակված խաղաղ բնակիչների, 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական օմօնի ստորաբաժանումների կողմից սպանված հայ բնակիչների, 1988թ.-ի փետրվարի 28-29-ը Սումգայիթի կոտորածին զոհ գնացած հայերի, Հայաստանի սահմանամերձ շրջաններում զոհված ազատամարտիկների անուն-ազգանունները։
Մատյանն ստեղծվել է խնամքով, պատասխանատվության բարձր զգացումով։ Այն հնարավորություն է ընձեռում տեսնելու, «շոշափելու» գոյամարտի ամբողջական պատկերը։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Ի դեպ, հուշամատյանին մի առանձին շուք, գեղեցկություն են տալիս պատերազմում ուշագրավ դրվագների, հանրապետության շատ ու շատ գյուղերում կանգնեցված հուշարձան-կոթողների գունավոր պատկերները։
Մատյանի էջերից մեկում կան այսպիսի տողեր. «Հեղինակն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս գրքի տպագրությանն աջակցել են նյութապես, տրամադրել լուսանկարներ եւ այլ արժեքավոր տվյալներ»։
Ըստ երեւույթին, օգնողներ, աջակցողներ քիչ չեն եղել։ Եվ անչափ ուրախալի է, որ հովանավորողներից, աջակցողներից մեկը (եթե չասենք՝ առաջինը) ԼՂՀ նախագահն է եղել։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/02/2011