ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԱԲԵԲԱՆԵՐԻՑ
(Մի «գեներալի» պատմություն)
Խաբեբաներ, ցավոք, մեր շրջապատում քիչ չեն։ Նրանց համար գոյություն չունի, ավաղ, ոչ մի սրբություն։ Շատ դեպքերի մասին կարելի է խոսել, երբ այդպիսիք մարդուց բնակարան են խլել, յուրացրել մարդկանց հալալ քրտինքով աշխատած գումարները, կեղծված փաստաթղթերով «բարեգործական» նպատակներով դրամ շորթել… Բայց որ օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, հանգանակություն արվի… բանակի կարիքների համար, հավատացեք, վեր է սպասվածից։ Եվ ամեն անգամ զարմանում ես մարդկանց դյուրահավատության, մարդկային անտարբերության վրա։
Անկեղծ ասած՝ մտքովս չէր անցնի, որ մի օր էլ ինքս եմ դեմ առ դեմ հանդիպելու նման մեկին։ Եվ դեռ հարց է, եթե զինված ուժերի սպա չլինեի, լրագրողական փորձառություն չունենայի, կնկատե՞ի սրճարան ներխուժած խաբեբային։ Բայց, ամեն ինչ հերթով։
Ընդմիջման ժամին սրճարաններից մեկում սուրճ էի խմում, երբ ուշադրությունս գրավեց ներս մտած այցելուն։ Սպիտակ ճմռթված կոստյումով, անհանգիստ շարժ ու ձեւով զանգվածեղ տղամարդը իրեն մոտեցած աշխատակցուհուն հազիվ լսելի ձայնով ներկայացավ.
-Պաշտպանության նախարարությունից գեներալ-մայոր Իսախանյա՛ն, տնօրենին եմ ուզում։
Զարմացա. ես, որ մեր բանակի գրեթե բոլոր գեներալներին գիտեմ, նման ազգանունով գեներալ ինչ-որ չմտաբերեցի։
-Տնօրենը տեղում չէ, կուզեք՝ մենեջերին կանչեմ,- սիրալիր պատասխանեց բարետես աշխատակցուհին ու փութաց մենեջերի հետեւից։
Րոպե չանցած՝ եկավ մենեջերը եւ ընդգծված սիրալիրությամբ ու հարգանքով ինքնակոչ գեներալին ուղեկցեց դեպի սրճարանի անկյունի ազատ սեղաններից մեկը։
Արդեն սիրտս սողոսկած կասկածը ինձ ստիպեց հետեւել այդ սեղանի շուրջ ընթացող բանակցություններին։ Խորհրդավոր այցելուն թղթապանակից մի թուղթ հանեց ու մեկնեց մենեջերին, իսկ վերջինս այն աչքի անցկացնելուց հետո դրեց սեղանի մի անկյունում։ Տեղս չէի գտնում։ Ինձ համար պարզ էր, որ հայոց բանակի գեներալ ներկայացած տղամարդը մի սովորական խաբեբա է, շառլատան։
Երբ հանդիպումը ավարտվեց, ինքնակոչ գեներալը հեռացավ, իսկ ես մոտեցա մենեջերին եւ խնդրեցի ցույց տալ այն թուղթը, որ իրեն էր տվել խաբեբան։ Գրության մեջ սեւով սպիտակի վրա գրված էր.
Շտապեցի խմբագրություն, միջադեպի մասին զեկուցեցի գլխավոր խմբագրին, որից հետո զանգահարեցինք ռազմական ոստիկանություն։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր էր։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները բաժին բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի բնակիչ. ինչպես հետո պարզվեց պրոֆեսիոնալ խաբեբա, յոթ անգամ դատապարտված 37-ամյա Ա. Իսախանյանին։
Բայց այստեղ խնդիրը այն չէ, թե ով է այս արարքի հեղինակը։ Ավելի շատ մտահոգում եւ անհանգստացնում է նմանատիպ երեւույթների գոյությունը մեր կյանքում։ Յուրաքանչյուր ոք ապրելու, կյանքում տեղ գտնելու իր ճանապարհն է ընտրում, մեկը ազնիվ գործերով, մյուսը՝ խարդախությամբ ու խաբեբայությամբ։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր