Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ



Զրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ ԱՐՏԱՇԵՍ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն Փարսադանյան, ցանկանում եմ զրույցն սկսել 2012-ի առաջին կիսամյակում արձանագրված մահվան ելքով դեպքերի վերլուծությամբ։ Նախ կցանկանայի իմանալ, այս տարի հիվանդության հետևանքով մահվան ելքով դեպքերի քանակը աճե՞լ է, թե՞ նվազել, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

-Նվազել է։

-2012-ի սկզբներին մի շարք զորամասերում բռնկվեց թոքաբորբի համաճարակ, մի քանի զինվորների մոտ հիվանդությունը շատ ծանր ընթացք ունեցավ, ընդհուպ ավարտվեց զինվորների զորացրմամբ: Ցավոք, ունեցանք նաև մահվան դեպք։ Կարելի՞ էր կանխել համաճարակը, կամ դրա տարածվածության աստիճանը։ Արդյոք որոշ զինվորների ծանր վիճակը պայմանավորված չէ՞ր բուժծառայության կազմակերպման կամ որոշ բժիշկների թերի աշխատանքով։ Երկար ժամանակ է անցել, և արդեն կարող ենք պատասխանել շատ հարցերի։

-2012-ի սկզբին զորքերում բռնկվեց ատիպիկ թոքաբորբ։ Այսինքն` դա սովորական, բոլորին քաջ հայտնի թոքաբորբը չէր։ Ատիպիկ թոքաբորբը ունի մահացության շատ բարձր աստիճան ամբողջ աշխարհում։ Ատիպիկ թոքաբորբը էապես տարբերվում է դասական թոքաբորբից բազմաթիվ բնութագրիչներով, և՛ նախանշաններով, և՛ ախտանիշներով, և՛ հայտնաբերման հնարավորություններով, և՛ բուժման ընթացքով, և՛ վերականգնման միջոցներով։ Մենք կատարում ենք պատվաստում 23 տեսակի թոքային հարուցիչների դեմ, սակայն այդ ամենով հանդերձ չկա ատիպիկ թոքաբորբի կանխարգելման և բուժման լիովին երաշխավորված բանաձեւ։ Ատիպիկ թոքաբորբը ուղեկցվում է գաղտնի երկարատև շրջանով` հնարավոր է, առանց որևէ ախտանիշի։ Առաջին հայտնաբերումից հետո արդեն ստիպված ենք լինում բախվել համաճարակի, որովհետև հիվանդությունը խիստ վարակիչ է։ Շատ հաճախ, երբ հիվանդությունը հայտնաբերվում է, արդեն թոքերում ձևավորված են լինում օջախներ, գաղտնիության ցուցանիշներով, հիվանդներն էլ պրակտիկ առողջ են լինում։

-Ինչո՞վ է պայմանավորված հիվանդության դրական կամ բացասական ելքը։

-Վիրուլետությամբ (վիրուսի հատկություններով), օրգանիզմի դիմադրողականությամբ, կլիմայով, սանիտարահիգիենիկ պայմաններով, օրվա ռեժիմով, անհատական հիգիենայի պահպանումով և այլն։

-Սա ատիպիկ թոքաբորբի առաջին բռնկումը չէր զորքերում։

-Այս տարածաշրջանում ատիպիկ թոքաբորբը եզակի երևույթ է։ Այո՛, զորքերում ատիպիկ թոքաբորբ է բռնկվել նաև 2000-ին, և մենք հնարավորություն ենք ունեցել, համադրելով այս երկու ժամանակաշրջանների տվյալները, մշակել միջոցառումների համալիր ծրագիր` հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման ընթացքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Կատարվում են ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ՝ զորքերի հարյուր տոկոս ընդգրկումով, զորամասեր են գործուղվում հատուկ բժշկական խմբեր, սանիտարահամաճարակային անվտանգության ծառայության փորձառու մասնագետներ, լաբորատորիաներ։ Կատարվում են հիվանդության ակտիվ հայտնաբերման աշխատանքներ։ Ձեռք են առնվում վարակի տարածումը սահմանափակող միջոցառումներ` կախված համաճարակային իրավիճակից։

-Պարոն Փարսադանյան, փաստորեն, համաճարակի բռնկումը չի մարել։

-Մարել է, բայց դեռեւս կան հատուկենտ դեպքեր։

-Ատիպիկ թոքաբորբով հիվանդացած զինվորներից մեկի կյանքը չհաջողվեց փրկել։ Հենց սկզբից շրջանառվում էին ենթադրություններ, որ զինվորի կորուստը բժշկական սխալի կամ թերացման հետևանք էր։

-Հարուցվել է քրեական գործ։

-Որպես ռազմաբժշկական վարչության պետ և որպես բժիշկ, անշուշտ, Դուք ունեք Ձեր կարծիքը։

-Թերություններ եղել են, որոնց պատճառով մեկ բժիշկ հեռացվել է համակարգից, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի տույժեր։ Սակայն այդ թերացումները չէին կարող ազդեցություն ունենալ հիվանդության ընթացքի վրա, առավել ևս` չէին կարող մահվան պատճառ դառնալ։ Ես նշեցի, որ ատիպիկ թոքաբորբի ընթացքը կարող է կախված լինել մի շարք չվերահսկվող գործոններից, ինչպես օրինակ՝ վիրուսի կենսունակությունից և հիվանդի օրգանիզմի դիմադրողականությունից։ Զինվորը, որին կորցրինք, հոսպիտալացվեց շատ ծանր վիճակում։ Մենք խորապես սգում ենք մեր զինվորի մահը, բայց արել ենք հնարավոր ամեն ինչ նրա կյանքը փրկելու համար։ Պահը եկել է, ու պիտի ասեմ, որ անբարո է այս ողբերգությունը շահարկել, պղտոր ջրում ձուկ որսալու և անձնական նկրտումների համար։ Արժեքներ կան, որոնք պետք է լինեն անձեռնմխելի և շահարկումների առիթ չտան։ Զինվորական բժիշկները զինվորի կողքին են գիշեր ու ցերեկ։ Նրանք բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը, սրտացավ են։ Փրկում են կյանքեր անձնվեր աշխատանքով, ու պետք չէ քավության նոխազ դարձնել բժշկին։ Մենք ունեցել ենք մահվան ելքով ատիպիկ թոքաբորբի ընդամենը մեկ դեպք։

-Ոչ ոք չի վիճարկում, որ զինվորական բժիշկները շնորհակալ գործ են կատարում. դա նրանց մասնագիտական պարտքն է։ Բայց մենք չենք կարող չհիշել, որ բժիշկը հարվածել էր հիվանդ զինվորին։ Պարոն Փարսադանյան, այս տարի ունեցել ենք նաև ջրծաղիկի բռնկում զորքերում։ Այդ հիվանդությունից մեկ զինվոր է մահացել։

-Տվյալ դեպքում մենք բախվեցինք վիրուսի տեղակայման վիսցերալ (ընդերային) ձևի հետ, որը կանխորոշում է մահացության բարձր մակարդակ ամբողջ աշխարհում։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ զինվորի կյանքը փրկելու համար, կիրառեցինք բոլոր հնարավոր միջոցները` դեղորայքային բուժում, սիրտանոթային համակարգի պահպանում, արհեստական շնչառության ապարատների կիրառում և այլն։

-Այդ դեպքում ինչի՞ համար է կալանավորվել բժիշկը, ի՞նչ մեղադրանքով։ Արդյոք կա՞ մասնագիտական սխալ։

-Այդ հարցը ինձ չէ, որ պիտի տաք։ Ես նույնպես սպասում եմ քրեական գործի քննության ավարտին։

-Պիտի խնդրեմ, որ խոսեք նաև մահվան ելքով մյուս դեպքի մասին, երբ կորցրինք մինինգիտով հիվանդ զինվորին։

-Կայծակնային մինինգիտով։ Այն օդակաթիլային ինֆեկցիա է, երբեմն ունենում է կայծակնային ընթացք։ Մի քանի ժամվա ընթացքում մեր զինվորի վիճակը դարձավ ծայրահեղ ծանր։ Նա ժամանակին հոսպիտալացվել է։ Ե՛վ զորամասային օղակում, և՛ հոսպիտալում բժիշկները գործել են օպերատիվ և արդյունավետ, մասնագիտական առումով` ճիշտ, ցուցաբերել են լիարժեք բուժօգնություն լավագույն դեղորայքով։

-Պարոն Փարսադանյան, ի՞նչ է արվել վերջին 6 ամիսների ընթացքում բանակում ռազմաբժշկական ծառայության եւ բուժօգնության կազմակերպումն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու համար։

-Ես կարծում եմ, որ բուժօգնության արդյունավետ կազմակերպումը առաջին հերթին պայմանավորված է կադրերի մասնագիտական պատրաստվածությամբ։ Ուստի մեծ ուշադրություն ենք դարձնում կադրերի վերապատրաստման խնդրին։ Անցած 6 ամիսների ընթացքում մի քանի տասնյակ բժիշկներ են վերապատրաստվել Հայատանի առողջապահության նախարարության կլինիկաներում, ինչպես նաև Գերմանիայում, Չինաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Համակարգը համալրվել է նոր բժշկական սարքավորումներով, մասնավորապես` հոսպիտալներին տրամադրվեցին էնդոսկոպիկ վիրաբուժական սարքավորումներ` անզգայացման, արհեստական շնչառության ապարատներ, զորամասերի բուժմասերը հագեցվել են դաշտային բժշկական գույքով։

-Ավարտվե՞լ են զորամասերի բուժկետերի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։

-Դեռ 2-3 զորամասում բուժկետերը վերանորոգման կարիք ունեն։ Մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն։

-Զորամասերը ապահովվա՞ծ են համապատասխան մասնագետներով։

-Յուրաքանչյուր զորամասում ծառայում է հինգ բժիշկ, այսօր արդեն ունենք լիարժեք համալրում։ Զորամասերի բուժկետերը ապահովվել են սանիտարական անհրաժեշտ մեքենաներով, գույքով, դեղորայքով։

-Պարոն Փարսադանյան, հիվանդությունների կանխարգելման առաջնային երաշխիքներից մեկը հիվանդացության նախադրյալների վերացումն է. անորակ սնունդ, սխալ ռեժիմ, սանիտարահիգիենիկ վատ պայմաններ։

-Հիվանդացության նախադրյալները հասցված են նվազագույնի, սակայն կատարելագործումը շարունակական է։
Վերջում ուզում եմ նշել, որ ռազմաբժշկական ծառայության զարգացման տեմպերը գոհացուցիչ են։ Այսօր մենք ունենք մի շարք ծառայություններ, որոնք եզակի են տարածաշրջանում, ինչպես օրինակ՝ ծնոտների ոսկրերի տրանսպլանտացիան, թրթուրաբուժությունը, էնդոսկոպիկ նեյրովիրաբուժությունը։ Ռազմաբժշկական ծառայությունն ունի զարգացման ու կատարելագործման նոր հեռանկարներ, և այս ամենը միտված է առաջին հերթին զինվորի ու սպայի առողջության պահպանմանը։

-Պարոն Փարսադանյան, ինչպե՞ս է բանակի թիվ 1 բժշկի առողջությունը, կարողանո՞ւմ եք պահպանել սեփական մարմնի և հոգու առողջությունը։

-Հոգու մասին եկեք չխոսենք։ Առանց այդ էլ ծանր ելքով յուրաքանչյուր դեպք խորապես հուզում է ինձ։ Եվ երբ դրան գումարվում են զանազան շահարկումներ, հարվածներ յուրայինի կողմից, շատ ավելի ցավալի է դառնում։ Ես ժամանակին սպորտով եմ զբաղվել, վոլեյբոլով, հիմա ընդհանրապես հեռացել եմ սպորտից։ Մի խոսքով, պայմանների ընձեռած հնարավորությունների սահմանում լավ եմ։
Վերջում օգտվելով առիթից, ուզում եմ խնդրել զերծ մնալ շահարկումներից, երբ խոսքը վերաբերում է բանակին ու զինվորին, որովհետեւ բանակը մեր գոյության ու ապագայի առաջին երաշխավորն է։

-Առողջություն Ձեզ, Ձեր անձնակազմին և Ձեր բոլոր հիվանդներին։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/08/2012