ԾԱՆՈԹ ՈՒ ԼՍԵԼԻ ՁԱՅՆԵՐ
Արշալույս գյուղում ասեղ գցելու տեղ չկա։ Մահացել է Նազիկ մայրիկը։ Թաղման թափորը բազմամարդ է, անթիվ-անհամար։ Բարկ արեւը խումբ-խումբ կանգնած մարդկանց վերհուշ-պատմություններն է ամբարում-հավաքում, որ պահ տա դարերին։
Երբ պատերազմն սկսվեց, Նազիկ մայրը դուրս եկավ գյուղամեջ ու որոտաց. «Հա՛յ տղամարդիկ, դուրս եկեք կռվի, թե՛ վախենում եք թշնամուց՝ հայոց կանայք կզինվեն, դուրս կգան պայքարի»,- այսպես ասաց իր որդիներին, իր տոհմին, իր ազգակից հայերին. ձայնը տարածվեց Հայաստան աշխարհով մեկ… Ու որդիները, համագյուղացիները դուրս եկան պայքարի։ 40 զինվոր տվեց տոհմը, 40 նվիրյալ… Զինվոր էր գրվել նաեւ դպրոցահասակ թոռը՝ Կարենը…
Մեկ էլ պատերազմական թեժ պահերին լուր էին տալիս, թե Նազիկ մայրը եկել է։ Եկել-հասել է մարտադաշտ։ Եկել է իր ձեռքով մի կտոր հաց տալու տղաներին։ Եկել է մայրական իր օրհնանքը տալու եւ ոգին, ոգին՝ տարիներով ննջող ոգին նորոգելու…
Այսպես հուղարկավորության մասնակից խումբ-խումբ հավաքված տղաները պատմում են, պատմում Նազիկ մայրիկից… Իսկ Նազիկ մայրը վերջին հրաժեշտն է տալիս Հայաստան աշխարհին, իր հարազատներին՝ պառկած իր մահճում՝ վեհանձն ու հպարտ… Այդպես է մնում ապրողներիս հիշողության մեջ, որովհետեւ մեծ սիրտ ունի, հզոր սիրտ, գուցե վիրավոր ու դառնացած՝ ոչ մեկը չիմացավ… վիրավոր սրտի այդ դասը միայն հայտնի էր վաղամեռիկ իր ամուսնուն, զոհված Սամվել, Ղազար զավակներին, իր հերոս Մանվել որդուն, ով այդ օրը Արարատների հայացքի, Սարդարապատի ու Սուրբ Էջմիածնի զանգերի ղողանջով դեպի հավերժություն էր ուղեկցում Նազիկ մայրիկին…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային