Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ



Լույս է տեսել պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի «Հայրենական մեծ պատերազմը նաեւ հայության գոյամարտն էր» գիրքը, որը նվիրված է Երկրորդ աշխարհամարտին եւ առանձնապես՝ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Թեեւ 67 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից, սակայն այդ ժամանակաշրջանի հանդեպ հետաքրքրությունը չի մարել։ Գրքում առանձնապես շեշտվում է բաղձալի հաղթանակի կայացման գործում հայ ժողովրդի մեծ վաստակի մասին թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում։ Պրոֆեսոր Արմեն Հովսեփյանի այս գրքում տեղ են գտել պատերազմի մասին քիչ հայտնի եւ նորահայտ փաստեր ու տեղեկություններ։ Հեղինակը ներկայացնում է նաեւ Մեծ հայրենականի պատմության մերօրյա նենգափոխման փաստեր եւ ցավով նշում, որ «պատմական հիշողության կեղծումը պղծում է զոհերի հիշատակը»։ Գրքում լուսաբանվում են ոչ շատ հայտնի դեպքեր ֆաշիստական վերնախավի եւ պանթուրքական լիդերների միասնական ծրագրերի մասին, որոնք սկզբնավորվել էին դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ երիտթուրքերը կայզերական Գերմանիայի աչքի առջեւ նրա թողտվությամբ իրագործեցին Հայոց ցեղասպանությունը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փորձում էին շարունակել կիսատ թողածը։ Գրքում տեղ են գտել նաեւ քիչ հայտնի փաստեր այն մասին, թե ինչպես Թուրքիան իր հայատյաց ծրագրերն իրագործելիս պատրաստ էր (պատրաստ է) ամեն նենգադավ քայլի, անգամ հայերի մարդաբանությունն էր «սրբագրում»՝ գերմանացիների մոտ նրանց ներկայացնելով որպես ոչ արիական ծագում ունեցողների… Ներկայացված են նաեւ Արցախյան պատերազմում «արյունակից եղբորը»՝ Ադրբեջանին համակողմանի օգնություն ցուցաբերելու հայտնի եւ անհայտ դրվագներ։

Հեղինակը նաեւ որոշակի «հոգեւոր» կապ է տեսնում «թուրքերի դեմ իռեգուլյար զինված ինքնապաշտպանության եւ պապերի դիմադրության հիշողությունն արյան մեջ կրող եւ Բեռլինը գրոհող հայ զինվորների ու Արցախի հերոսների միջեւ… Հայրենական մեծ պատերազմի զինվորի որդին էր, որ ավանդված հիշողությամբ կռվել եւ հաղթել է Արցախում…»։

Գիրքը կարդացվում է հետաքրքրությամբ, զգացվում է, որ այս ամենի հետեւում հեղինակի տքնաջան աշխատանքն է, նյութի բազմակողմանի եւ խոր իմացությունը։ Գիրքն ունի կուռ կառուցվածք, պարզ եւ անպաճույճ շարադրանք, այն արժեքավոր ներդրում է հայրենական պատմագիտության մեջ։ Վերջում հավելենք միայն, որ Արմեն Հովսեփյանը հեղինակ (եւ համահեղինակ) է շուրջ 170 պատմաքաղաքագիտական, գիտական, գիտահրապարակախոսական հրատարակումների, այդ թվում՝ 20 գիրք, որոնցից 13-ը մենագրություն։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային


22/08/2012