Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ…



Չլդրան, Սեյիդշեն (այստեղ է ընդունել առաջին մարտը), Դրմբոն, Քոլատակ, Կոճողոտ, Վաղուհաս, Գետավան, Չափար, Հաթերք, Զարդախաչ, Սարսանգգէս, Կուսապատ, Պուշկենյալ, Տելեվըշկա, Լուլասազ , Մաղավուզ, Հակոբկամարի, Տոնաշեն, Մարտակերտ…

Ահա այն գյուղերը, այն տարածքները, որոնց ազատագրման համար համառ մարտեր է մղել Խաչատուրը։ Եթե այս տեղանուններին հավելենք նաեւ Աղդամը, Քարվաճառը, Ալըշանը, Սոլթանլուն, Ախմեդլին, Բոյուկ Ահմեդլին, կարծում եմ, պատկերը ավելի ամբողջական կլինի։ Եղել է՝ հաշվարկող, հրետանավորների աջ թեւը, մարտկոցի ոգին։

-Օր ու գիշեր հանգիստ չունեինք,- պատմում է։- Անվրեպ կրակով գնդակոծում էինք հակառակորդի դիրքերը, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, շարքից հանում անխոցելի թվացող թեժ կետերը։

Այսպես էր միշտ, այսպես էր ամենուր, լինում էին օրեր, երբ 300, 400 արկ էինք ուղղում նախապես հաշվված, ճշգրտված նշանակետին, այս կամ այն տեղանքին՝ լռեցնելով թշնամու կրակակետերը…

Մեզ համար թանկ էր հրամանատարության խրախուսական ամեն խոսքը։ Մեզ թեւ էր տալիս, հերոսության, նոր սխրանքների էր մղում հրետանու հրամանատար, գնդապետ Ժորա Գասպարյանը (արժանացել է գեներալ-մայորի կոչման ու դարձել ԼՂՀ ՊԲ հրետանու պետ)։ Մեր գործին, մեր պայքարին անսահմանորեն նվիրված մարդ էր գնդապետը։ Մի ժամ անգամ հանգիստ չուներ։ Նույնը պահանջում էր մեզնից։ Պատահել է, ուշ երեկոյան մեքենայով ինձ բերել է տուն ու առավոտ ծեգին, լույսը դեռ չբացված՝ էլի դիրքերը տարել։ Իմացեք, ասում էր, մեզ համար րոպեն անգամ կարող է ճակատագրական լինել…

-Բայցեւայնպես, կուզենայի երկու խոսք լսել Ձեր անցած մարտական ուղու, Ձեր առաջին մարտի եւ, ընդհանրապես Ձեր կյանքի մասին։

-Դե՛, ի՞նչ ասեմ… սովորական, շա՜տ սովորական կենսագրություն ունեմ։ Ծնվել եմ 1958-ի սեպտեմբերի 14-ին, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում։ 77-79 թթ. ծառայել եմ ԽՍՀՄ բանակում, ավտոմոբիլային գումարտակում։ Զորացրվելուց հետո (1979թ.) սովորել եմ Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումի ճանապարհային շահագործման բաժնում։ Հետո եկել եմ գյուղ, ապա տեղափոխվել Ստեփանակերտ։ 91-ի սկզբներին, երբ սկսվել էր Շարժումը, կանգնել եմ ժողովրդի կողքին։ Ավելի ուշ միացել եմ կամավորական ջոկատներին։ Առաջին (ու նաեւ՝ վերջին) անգամ վիրավորվել եմ 1991թ. նոյեմբերի 8-ին։ Ու չզարմանաք, ո՛չ թե կռվի դաշտում, այլ… Չլդրան-Կիչան ճանապարհահատվածում։ Հրադադարից հետո էլի մնացել եմ բանակում։ Իմ ցանկությամբ եւ իրենց առաջարկությամբ։ Մինչեւ 1998թ. նոյեմբեր ամիսը։ Ահա՛. վերցրե՛ք, նայե՛ք։

Ասում, դարակից հանում ու ինձ է մեկնում զինվորական գրքույկը, որում գրված է.

Հաշվարկող – 01-10-92թ. – 94 դեկտեմբեր
Վաշտի հրամանատար – 94 դեկտ.- 10.03.97
Պաշտ.շրջան. հրետանու շտաբի պետ – 10.03.97թ. – 01.11.98թ.

Առաջին հայացքից սովորական թվացող այս չոր տվյալները, կարծում եմ, քիչ բան չեն ասում հասարակ շինականի ընտանիքում աչք բացած, Վաղուհասի սուրբ հողից ու ջրից սերված Խաչատուր Զաքարյանի մասին, մի մարդու մասին, որը մեր ազային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում եղել է առաջինների շարքում եւ իր պարտաճանաչությամբ օրինակ ծառայել շատերի համար։

Քաջ հայորդու ծառայությունները աննկատ չեն մնացել եւ գնահատվել են բանակի հրամանատարության ու ԼՂՀ ղեկավարության, իշխանությունների կողմից։ ԼՂՀ նախագահի թիվ 97 հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

… Հիմա Խաչատուրը է՛լ զինվորական համազգեստ չի հագնում, բայց բնավորությամբ մնացել նույնը՝ պարզ ու հասարակ, անկեղծ ու շիտակ, լավատես, գործին, հայրենի եզերքին հոգով ու սրտով նվիրված նույն մարդն ու զինվորը։

Կուզենայի, որ «իրենք իրենց համար» ապրողները քիչ լինեին, կուզենայի, որ «ոտնատակ չտայինք» մեր անցած ճանապարհը, գիտակցեինք, որ մերն է այդ ցավատանջ ճանապարհի ամեն մի մետրը,- որպես հրաժեշտի խոսք ասում է Խաչատուրն ու ձեռքը մեկնում ինձ։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ,
գ. Մեծ Թաղեր, ԼՂՀ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ճակատագրեր


22/08/2012