Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ



70 տարի անց մեդալը գտավ տիրոջը

Հրաչյա Բաբայանը պատմաբան չէ, մանավանդ ռազմական պատմաբան, սակայն կարողացել է իր հոր՝ Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի մարտական ուղին, որը ձգվում է Մոսկվայից մինչեւ Բեռլին, վերականգնել բառիս բուն իմաստով, ժամ առ ժամ, կիլոմետր առ կիլոմետր։ Սեղանին փռված են տասնյակ գունավոր ձեռագիր քարտեզներ, հարյուրավոր փաստաթղթեր, արխիվային նյութեր, հսկայածավալ զինվորական գրականություն, տարբեր ժամանակներում, տարբեր լեզուներով տպագրված թերթերից առանձնացված հոդվածների ծավալուն տրցակներ… Այս ամենը նրա կատարած տիտանական աշխատանքի խոսուն վկաներն են… Առանձին հաստափոր մեքենագիր հատոր է կազմում ահա հերոսի անցած մարտական ուղին ըստ բնակավայրերի։ Տրվում է բնակավայրից յուրաքանչյուրի ամբողջական անվանումը, նկարագրում է տեղանքը, նշում տվյալ պահին ունեցած ռազմավարական դերն ու նշանակությունը… Եւ այդպես մի քանի հազար գյուղերի, քաղաքների, ավանների, խուտորների անվանուններ… Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանը կռվել է 6 ռազմաճակատներում, 11 բանակներում եւ 4 դիվիզիաներում։ Մի ստվարածավալ հատորում Հրաչյա Բաբայանը ռազմական պատմաբանի բծախնդրությամբ ներկայացրել է ռազմաճակատներից, բանակներից, դիվիզիաներից յուրաքանչյուրի կազմավորման պատմությունը, մեծ ու փոքր բոլոր ճակատամարտերը, հաղթանակներն ու պարտությունները… Խորհրդային Միության հերոսի կուրծքը զարդարող շքանշաններից եւ մեդալներից յուրաքանչյուրի նկարագրությունը, պարգեւատրման տարեթվերը, հանգամանքները, սխրագործությունների նկարագրությունները կազմում են մի առանձին հաստափոր մեքենագիր հատոր… Եվ ամենազարմանալին՝ այդ իսկապես հսկայածավալ նյութը հերոսի որդին համարյա թե անգիր, բերանացի գիտե, ասես հենց երեկ է տարբեր բանակների, ռազմաճակատների, դիվիզիաների կազմում ոտքով կտրել պատերազմական ճանապարհները՝ որպես Մոսկվայի ժողովրդական աշխարհազորային դիվիզիայի գնդացրային դասակի հրամանատար…

-Եվ այս ամբողջ աշխատանքը դուք կատարե՞լ եք հանուն մի մեդալի, որ ձեր հորը պետք է տրվեր 70 տարի առաջ… Ախր ձեր հոր կրծքին հերոսի ոսկե աստղի կողքին շողշողում են տասնյակ այլ շքանշաններ եւ մեդալներ,-անկեղծորեն զարմանում եմ ես։

-Ոչ թե հանու՛ն մեդալի, այլ հանուն արդարության, ճշմարտության, հանու՛ն պատմության։

Հրաչյա Բաբայանի ժամանակին, մարդկային հիշողությանն ու ինքն իրեն նետած մարտահրավերը սկսվում է այն օրը, երբ Հայրենական մեծ պատերազմին նվիրված գրքերից մեկում կարդում է Մոսկվայի պաշտպանությանը մասնակցած բոլոր զինվորներին «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգեւատրելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1944 թ. մայիսի 1-ի հրամանագիրը։

-Հայրս 1939թ. կամավոր մեկնում է բանակ եւ սովորում է Բելոռուսիայի Կալինկովիչի քաղաքի հետեւակային ուսումնարանում։ Ավարտելուց երկու ամիս առաջ սկսվում է Մեծ հայրենականը։ Ուսումնարանը ուղարկվում է Մոսկվայի մարզի Վիշնի Վոլոչեկ քաղաք։ Շուտով արձակվում է ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատի թիվ 0230 «Զինվորական ուսումնարանների ավագ կուրսերի կուրսանտներին ժամանակից շուտ արձակելու մասին» հրամանը։ Կուրսանտներին շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում։ Հայրս նշանակվում է Մոսկվայի Կիրովի շրջանի աշխարհազորային 9-րդ դիվիզիայի գնդացրային դասակի հրամանատար։ Հետո հայրս 9-րդ գնդից տեղափոխվում է Մոսկվայի Կիեւյան շրջանի ժողովրդական աշխարհազորի 21-րդ դիվիզիա եւ նշանակվում գնդացրային դասակի հրամանատար ու ակտիվ մասնակցություն է ունենում Մոսկվայի համար մղված մարտին։ Ավելին, Հրանտ Բաբայանը Մոսկվայի պաշտպանության ժամանակ 194-րդ դիվիզիայի կազմում գործած մարտական սխրանքի համար (նրա հրամանատարությամբ գործող խումբը գերեվարում է թշնամու բարձրաստիճան հրամանատարի՝ գեներալի) արտահերթ արժանանում է ավագ լեյտենանտի կոչման։ Իսկ ավելի ուշ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի 13.11.1941թ. «Ազգային կազմավորումներ ստեղծելու մասին» որոշման համաձայն՝ հայրս տեղափոխվում է Հայաստան։ Այսուհանդերձ, հայրս իր մարտական առաջին մկրտությունը եւ առաջին զինվորական սխրանքը գործել է Մոսկվայի պաշտպանության ժամանակ։ Երբ տոնվում էր Մոսկվայի պաշտպանության 45-ամյակը, հայրս դեռ ողջ էր։ Հիշում եմ, երբ հարցրին, թե ինչու՞ այդ մեդալը ինքը չի ստացել, բարկացած ձեռքը թափ տվեց. «Մենք մեդալի համար չէինք կռվում, այլ հայրենիքի»։

Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի խնդրին որդին կրկին վերադառնում է Մոսկվայի պաշտպանության 70-ամյա հոբելյանի օրերին… Այդ օրվանից էլ սկսվում է, այսպես կոչված, հանուն հայրական մեդալի նրա ոդիսականը… ԽՍՀՄ պաշտպանության նախարարության արխիվից նրա նամակին ի պատասխան հայտնում են, որ պետք է դիմել բնակության վայրի զինվորական կոմիսարիատին։ Մինչ այդ, արդեն Հրաչյան հոր արխիվում հայտնաբերել էր 70-ամյա վաղեմության երկու փաստաթուղթ, երկու անհերքելի ապացույց առ այն, որ հայրը կռվել է Մոսկվայի պաշտպանության համար մղված մարտերում. խոսքը 29.07.1941թ. Հ. Բաբայանի Մոսկվայի Կիրովի շրջանի աշխարհազորային 9-րդ դիվիզիայի գնդացրային դասակի եւ 16.08.41թ. Մոսկվայի Կիեւյան շրջանի ժողովրդական աշխարհազորի 21-րդ դիվիզիայում գնդացրային դասակի հրամանատար նշանակելու մասին վկայականները։ Եվ որքան մեծ է լինում Հրաչյա Բաբայանի զարմանքը, երբ զինկոմիսարիատից տեղեկացնում են, որ վերոհիշյալ դիվիզիաները նշված չեն Մոսկվայի պաշտպանությանը մասնակցած դիվիզիաների թվում։

– Ավելի շատ եմ զարմանում, երբ բացում եմ Հայրենական պատերազմի մասին գրականությունն ու տեսնում, որ իսկապես վերոհիշյալ դիվիզիաները նշված չեն Մոսկվայի պաշտպանությանը մասնակցած դիվիզիաների կազմում։ Սակայն ես չեմ հիասթափվում, թեեւ իմ ընկերները վաղուց ինձ համոզում էին, որ ձեռք քաշեմ 70-ամյա վաղեմության պատմությունը փորփրելուց… Շարունակում եմ իմ պրպտումները։ Պարզվում է, որ, իսկապես որ, 21-րդ դիվիզիան չի մասնակցել Մոսկվայի պաշտպանության մարտերին, որովհետեւ այն արդեն անվանափոխված է եղել 173-րդ հետեւակային դիվիզիայի։ Իսկ ինչ վերաբերում է 194-րդ հրաձգային դիվիզիային, որտեղ հայրս 41 թ. հոկտեմբերի 25-ի հրամանով նշանակված է գնդացրային վաշտի հրամանատար, բացահայտվում է, որ 1949թ., երբ վերագրանցվում են մեր շրջանի զինկոմիսարիատի հին գործերը, 194-րդ դիվիզիայի փոխարեն սխալմամբ գրվել է 94-րդ դիվիզիա, որը նույնպես Մոսկվայի պաշտպանության հետ որեւէ առնչություն չունի… Այս նոր «հայտնագործություններս» ես առանձին ծրարով, ընդարձակ առաջաբանով եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ուղարկում եմ «Կրասնայա զվեզդա» թերթին՝ համոզված, որ այս անգամ անպայման կհասնեմ իմ նպատակին եւ ի վերջո կստանամ հորս հասանելիք մեդալը, թեկուզեւ 70 տարի անց… Առանձին նամակներ էլ ուղարկում եմ ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի եւ ՌԴ ՊՆ ռազմական պատմության ինստիտուտի հասցեներով՝ եւ նույն խնդրանքով՝ օգնե՛ք ստանալ հորս հասանելիք մեդալը, որին արժանացել է 1944թ. մայիսի 1-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով…

Չսպասելով իր նամակների պատասխաններին, Հրաչյա Բաբայանը համառորեն շարունակում է իր հոր մարտական կենսագրության ուսումնասիրությունը։ Պրպտումների արդյունքում բացահայտում է Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի մարտական կենսագրության մինչ այդ անհայտ եւս մեկ էջ։ «Պոդվիգ նարոդա» կայքում տեղադրված փաստաթղթերից մեկում նա հայտնաբերում է, որ իր հայրը Լեհաստանի «Ռուսկի բրուտ» բնակավայրի, ինչպես նաեւ Օդերի պլացդարմում թշնամու գերազանցող ուժերի արժանի հակահարված տալու համար Թամանյան 89-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի զեկուցագրով ներկայացված է եղել Լենինի շքանշանի, սակայն, ինչ-ինչ պատճառներով արժանանում է «Բոգդան Խմելնիցկի» 3-րդ աստիճանի շքանշանի:

-Եվ երկար սպասեցնել չտվեցին պատասխանները… ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվից եկած նամակը հաստատում էր իմ հոր մասնակցությունը Մոսկվայի պաշտպանության մարտերին։ Մի ուրիշ նամակ էլ՝ ՊՆ կադրերի գլխավոր վարչության 3-րդ վարչությունից տեղեկացնում էր, որ իմ նամակը քննարկվել է վարչության նիստում եւ միանշանակորեն հաստատվել Հրանտ Բաբայանի մասնակցությունը Մոսկվայի պաշտպանությանը։ Վերջին նամակը միաժամանակ հուշում էր, որ Հայրենական պատերազմի ժամանակվա հրամանագրերով մեդալներ շնորհելու իրավունք ունի միայն Ռուսաստանի Դաշնության նախագահը… Ոգեւորված իմ համառ ու երկարատեւ աշխատանքի արդյունքով, ես իմ ունեցած բոլոր փաստաթղթերն ուղարկում եմ ՌԴ նախագահի աշխատակազմի պարգեւատրությունների վարչություն… Եվ բառացիորեն վերջերս՝ հուլիսի 12-ին, չեք հավատա, իմ ծննդյան օրը, ես կանչվում եմ Հայաստանում ՌԴ դեսպանատուն։ Այնտեղ հանդիսավոր պայմաններում ինձ՝ Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի որդուն, տրվում է «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի վկայականը։ Այդ փաստաթուղթն ընդամենը մեկ ստորագրություն ունի՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւ։ Տուն եմ վերադառնում եւ արդեն հավաքված իմ հարազատներին հայտարարում. «Այսօր մենք ծնունդ չենք անում, այլ տոնելու ենք հորս պատերազմական մեդալը, որին նա արժանացել էր 70 տարի առաջ, այն ժամանակ, երբ մեզանից ոչ ոք դեռ չէր ծնվել»… Դա իմ կյանքի մեծագույն հաղթանակն էր։ Ես հպարտ էի, որ մոռացությունից կարողացել էի փրկել իմ հոր՝ հայ զինվորի հերոսական պայքարի նվիրական էջը։ Ես երբեք այնպես բաց ճակատով չեմ կանգնել իմ երեխաների, իմ թոռների առջեւ, ինչպես այդ օրը։ Ես հաղթեցի, որովհետեւ համոզված էի զինվորի սխրագործությունը չի կարող մոռացվել, եւ որ անգամ ժամանակը ի զորու չէ ծածկել մոռացության փոշով… Ես կատարել եմ իմ պարտքը ոչ միայն իմ հոր, այլեւ պատերազմի դաշտում արյուն թափած հազար-հազարավոր զինվորների հիշատակի առջեւ։ Այս մեդալը, ավաղ, այլեւս իմ հորը պետք չէ, այն պետք է մեզ, բոլորիս, մեր երեխաներին։ Ես կարողացա մոռացությունից փրկել պատմության մեկ էջը:

***
Երբ բաժանվում էինք Հրաչյա Բաբայանից, նա հետաքրքրվեց. «Պապայի մասին նյութը մոտավորապես ե՞րբ է տպագրվելու»։ Ես բարձրաձայն պատասխանեցի՝ շուտով, բայց մտքիս մեջ ասացի. «Սակայն այս անգամ հոդվածը նվիրված կլինի ոչ թե Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի պատերազմական սխրագործություններին, այլ նրա որդու՝ Հրաչյա Բաբայանի քաղաքացիական արիությանն ու մարդկային վեհ նկարագրին»։

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը տպագրվելուց առաջ տեղեկացա, որ Հրաչյա Բաբայանը արժանացել է «Ժողովրդական աշխարհազորայինների հիշատակին» մեդալի, որը տրվում է Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնելու գործում մեծ ներդրում ունեցած անձանց։ Արծաթապատ այդ մեդալը ձուլված է աշխարհազորային դիվիզիաների մարտական վայրերից պեղած արկերի պարկուճներից… Հիշյալ մեդալով մինչ օրս պարգեւատրվել է 1500 հոգի։
Հրաչյա Բաբայանը այդ մեդալով պարգեւատրված առաջին հայն է։
Գ.Ա.

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


22/08/2012