ԱՐՄԵՆՍ ՈՐ ԻՄԱՆԱ՝ ԿՆԵՂԱՆԱ…
Պատմում է Պողոս Խամոյանը
Մարտունու Մաճկալաշեն գյուղի տղաներից կազմված ջոկատը գյուղը պաշտպանում էր ադրբեջանցի ելուզակներից։ Գյուղից եւ ընդհանրապես Մարտունու ողջ ճակատից ոչ մի կին ու երեխա դուրս չէին բերել։ Մոնթեն միշտ ասում էր. «Եթե ընտանիքը, երեխաները դուրս են գալիս՝ զինվորի ոգին, ուժը հիսուն տոկոսով թուլանում է»։ Ջոկատի հրամանատար Արմեն Մելքումյանի մայրը՝ տիկին Լաուրան, մեր խոհարարն էր։ Ընդհանրապես, այդ օրերին մաճկալաշենցի բոլոր մայրերը իրենց որդիներին ուղարկել էին կռվի, իսկ իրենք իրենց ուսերին էին վերցրել թիկունքային, շտաբային ընտանեկան բոլոր հոգսերը՝ լվացք, ճաշ, ավերված տների նորոգում…
Բոլոր մայրերին Այա էինք ասում։ Ասացի, որ մեր ջոկատի հրամանատար Արմեն Մելքումյանի մայրը՝ Լաուրա Այան, մեր խոհարարն էր։ Երբ չէինք կարողանում սահմանը թողնել ու գալ ճաշելու, մեկ էլ մեր Այան ավանակին բարձած ուտելիքը հասցնում էր սահման եւ դիրքից դիրք անցնելով՝ բաժանում տղաներին։ Երբ որդին՝ Արմենը, զոհվեց, գիշերային լուռ հուղարկավորությունից հետո մենք վերադարձանք դիրքեր եւ առավոտյան էլ չեկանք նախաճաշի։ Չէինք համարձակվում նայել Այայի աչքերի մեջ, չէինք ուզում նրան հանդիպել, մեզ մի տեսակ մեղավոր էինք զգում։ Օրը բացվել էր, ու տխուր, քաղցած նստած էինք դիրքերում, երբ նկատեցինք դեպի մեզ մոտեցող բեռնավորված ավանակը… Երբ մոտեցավ, ճանաչեցինք՝ Լաուրա մայրիկն էր՝ մեր Այան, մեր սիրելի հրամանատարի՝ Արմենի մայրը։ Մոտեցավ, բարեւեց ու սկսեց իջեցնել սնունդը։ Անխոս մոտեցանք, շրջապատեցինք ու փորձեցինք օգնել.
-Ա՛յ խոխեք, բա թուրքի դեմ քաղցած կռի՞վ կանեն։ Բա Արմենս որ իմանա, չի նեղանա՞…
Ասաց ու շարժվեց մյուս հենակետ…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր