Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՏՐԱԾ ՊԱՅՏԸ



Վարազդատ քեռուս հիշատակին

-Շու՜ն, շա՞նորդիներ, ձեր մե՛րը, թուրքը դռան ետեւում դարան է մտել, սպասում է, թե մենք երբ պետք է ընկնենք…

-Դու՝ Գալու՛ստ, վախկոտ ես, չլսե՛մ քո լալկան երգը, «Հենց որ մտա Կերչի հողը, սիրտս ընկավ մահվան դողը…»։ Եթե դու ուզբեկ Սելիմի կամ Էլդարի նման ինքնավնասում անես՝ կրակես աջ ձեռքիդ, քեզ ինքս կգնդակահարեմ, ինչպես նրանց գնդակահարեց օսոբիստ Գուդմանը։ Նա ճիշտ արեց, պատերազմ է, կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Եթե որեւէ մեկիդ մոտ գերմանական թռուցիկ գտնեմ՝ կլինի նույնը…

Վարազդատը վաշտի հրամանատարն էր, այդ պարտականությունը նրա վրա էր ընկել նախորդի զոհվելուց հետո։ Տասնութամյա այս պատանին կամավոր էր եկել ճակատ։ Իր հատվածում առաջավոր գիծը հազիվ էր դիմանում։ Նա մեկիկ-մեկիկ ստուգեց մարտիկներին ու հետո սողաց ետ՝ դեպի առաջին հենակետը՝ գնդացրի մոտ։ Զինամթերքը վերջանում էր, շուրջը ճահիճներ էին՝ հոտած կանաչավուն ջրով, այս ու այնտեղ լողում էին սպանված ձիերի ուռած դիակները։ Խմելու ջուր չկար, շատերի շուրթերը ճաքել էին, մարմինները պատված էին թարախոտ վերքերով։ Թիկունքը մնացել էր հեռու, կապը համարյա կտրված էր։ Երբեմն-երբեմն մեծ դժվարությամբ զինամթերք, պահածոներ, ջուր եւ դեղամիջոց էր հասցվում։ Թշնամին ձգտում էր օղակի մեջ առնել ճակատի այդ հատվածը, այնուհետեւ ճեղքել ու ոչնչացնել։ Ինքնաթիռը փորձեց ինչ-որ բան գցել, խփվեց ուղղակի զինվորների աչքի առջեւ եւ ընկավ ճահիճը։ Վիրավոր, կիսաայրված օդաչուին հազիվ հանեցին, ռուս ջահել աղջիկ էր։

Մի առավոտ բանակի շտաբից հրաման եկավ. «Անցնե՛լ հակահարձակման»։ Այն պետք է նախապատրաստվեր Վարազդատի վաշտի չոր մասում, որի դիմացի հատվածը թշնամին ամբողջովին ականապատել էր։ Ճակատի երկու թեւերը ետ քաշվեցին՝ առաջամարտիկներին տեղ տալու համար։ Նրանք գալիս էին թիկունքից։ Դա խուռներամ մի ամբոխ էր՝ տարբեր ազգերից բաղկացած, քրքրված հագուստներով, կեղտոտ վիրակապերով, գրեթե բոլորը ոտաբոբիկ էին, շատերը նույնիսկ հրազեն չունեին, զինված էին միայն նռնակներով։

Նրանք գնում էին արագաքայլ, շրջապատին անհաղորդ, կարծես շտապում էին դեպի սարսափելի ավարտը՝ գերադասելով այն անվերջ տանջանքներից։ Այդ մահապարտներից շատերը հանցագործներ ու դասալիքներ էին։ Նրանք տուգանային գումարտակի մարտիկներն էին։ Ոչ մեկը ետ նայելու, հապաղելու իրավունք չուներ։ Այլապես… Նրանք պետք է արյունով քավեին իրենց մեղքերը, ճանապարհ հարթեին հարձակվողների համար։ Թշնամին դիմահար կրակով դիմավորեց նրանց։ Իրար հաջորդեցին ականների պայթյունները։ Տուգանային գումարտակից համարյա ոչ ոք չփրկվեց։ Առջեւից լսվում էին վիրավորների աղերսող ձայները։ Հետո հանգիստ տիրեց։ Սպասվում էր թշնամու հարձակումը։ Վարազդատը արագ անցավ դիրքերով. թշնամու առաջացման դեպքում մնում էր անցնել ձեռնամարտի։

-Պատրաստվե՛լ սվինամարտի, ամրացնե՛լ սվինները,- խելահեղ գոռաց նա։

Մարտիկները հապճեպ հրացաններին ամրացրին ժանգոտված սվինները։ Թշնամին հապաղում էր, ժամանակն անցնում էր, բոլորը լարված էին։

-Թողնե՛լ,- հնչեց հրամանը։

Այս հրամանը թուլացրեց բոլորին, զինվորների մեծ մասը վազեց դեպի հետեւի մացառները, մյուսները մի կողմ նետեցին սվինավոր հրացանները։ Դիրքերի վրա տարածվեց քրտինքի ու մախորկայի գաղջ հոտը. ոչ ոք ոչինչ չէր խոսում։

Գլխավերեւում նորից պտտվում էր թշնամու ինքնաթիռը՝ անսովոր շրջանաձեւ, որը հաճախ շատ ցածր էր թռչում։ Երեւում էր օդաչուի ինքնագոհ ժպտացող դեմքը։ Ձիերը վրնջում էին, ծառս էին լինում, բայց ինքնաթիռը կարծես գնդակոծելու կամ ռումբ նետելու նպատակ չուներ. նա դիտում էր, հետախուզում, թռուցիկներ թափում։

-«Վա՜յ, Վարազդա՛տ, Վարո՜, Վարո՜,- մտածում էր համագյուղացի պայտար Գալուստը.- ինչպես է կռվում, կարծես պատերազմի ելքը միայն իրենից է կախված։ Մոռացել է, թե ինչպես հորը եւ հորեղբորը մի գիշեր տարան, եւ այլեւս ո՛չ մի լուր, այդպես էլ կորան։ Նրանց մատնել էր համագյուղացի Արսենը, որ հիմա որպես գաղափարի զինվոր մնացել էր թիկունքում։ Ասենք՝ մատնելու բան էլ չկար։ Ով չգիտեր խմբապետ Հովակին, եղբորը՝ տասնապետ Արմենակին։ Նրանց ամբողջ գերդաստանը Կարինի շրջանի Դերջան գյուղում կոտորվել, թալանվել ու պղծվել էր թուրքերի ու հարեւան քրդերի կողմից։ Նրանք հազիվ փախել էին սարերը, դարձել վրիժառուներ»։

Գալուստը նայեց ձիերի կողմը, նրանց ջրելու ժամանակն էր, կերակրելու համար այլեւս վարսակ չկար։ Շրջապատման օղակը նեղանում էր, գիշերները թշնամու դիրքերի կողմից անհասկանալի խոսակցություններ, ծիծաղի ձայներ էին հասնում, շրթհարմոնի մեղեդի, օ՜, Աստվա՜ծ, նաեւ ձիերի վրնջյուն…

Գալուստը շոշափեց շինելի փեշի մեջ պահած թշնամու նետած թռուցիկը, որի վրա Ստալինի ծաղրանկարն էր՝ նստած բազկաթոռին, հենված էնկավեդեշնիկների վրա։ Գրված էր. «Զինվո՛ր, դու սրանց ստրուկն ես, հանձնվի՛ր, աշխատանք ու հող կունենաս»։ Ներքեւում՝ ուղղանկյան մեջ, նշված էր, որ այդ թռուցիկը նաեւ անցաթուղթ է՝ գերի հանձնվելու համար։ Աստված հեռու պահի, եթե Վարազդատն այն գտնի, անմիջապես կգնդակահարի։

Մի անգամ Գալուստին ձիերի մոտից առաջին գիծ էին տարել։ Ճահիճների պատճառով տանկեր չկային։ Գրոհային «Յունկերսները» խոյահարում էին, գնդակոծում դիրքերն ու հատուկենտ ամրությունները։ Սպանվածներն ու վիրավորները շատ էին, թիկունքից գալիս էին նորանոր անփորձ երիտասարդներ ու համալրում զինվորների շարքերը։

Գալուստի հրացանը հանկարծ լռեց, չաշխատեց մշտապես անսարք փակաղակը։ Դիմեց Վարազդատին, որ օգտագործի ձեռքն ընկած թշնամու ինքնաձիգը։

-Ո՛չ, չի՛ կարելի…

Փոխհրաձգությունն անսպասելի դադարեց, տիրեց անսովոր անդորր։ Բնությունը, կարծես անհաղորդ մարդկային դաժանություններին, անմիջապես անցավ իր բնականոն ընթացքին։ Ջրային թռչունները լողում էին, ճայերը սրընթաց անցնում էին եղեգների վրայով։ Գզվռտոցով հայտնվեց վայրի խոզերի մի բոլուկ, որոնք ձագերի հետ խուժեցին խրամատները, այնուհետեւ արագ դուրս թռան, հրմշտոցով կորան թշնամու կողմի եղեգների մեջ։ Բլինդաժի միջից լսվում էին Վարազդատի եւ բուժքույր Վալյայի սիրախաղի ձայները։ Վալյան Դոնի կազակներից էր՝ սլավոնական գեղեցկության տիպար՝ երկար ոտքերով, կապույտ աչքերով, բարձր ճակատով, արտահայտիչ գծագրված շրթունքներով։ Զինվորական կոպիտ արտահագուստը չէր խաթարում, այլ ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Նա իսկական քույր էր բոլորի համար։ Վարազդատի ու նրա միջեւ բռնկվել էր պատանեկան սիրո իսկական կրակը։ Զինվորները, ծխելով դառը մախորկան, մեղմ ժպտում էին, իրար աչքով անում։

Առջեւում մահն էր, շուրջը՝ կյանքն ու սերը, թիկունքում՝ պաշտպանություն հայցող երկիրը…

(շարունակելի)

ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Հոգևոր-մշակութային


29/08/2012