Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

… ՈՒ ԻՄ ՔԱՂԱՔՆ ԻՆՁ ՀԶՈՐ ԿԹՎԱ



Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…

Նրանք մարզվում էին ուժասպառ լինելու աստիճան, կոփում էին իրենց մարմինն ու հոգին, դիմանում էին իրենք իրենց պարտադրած սովին, ծարավին… ու օրերն էին հաշվում, թե երբ են ճակատ հասնելու… Նրանք ջանասիրաբար կատարում էին իրենց ղեկավարի՝ Լյովա Գեւորգյանի բոլոր հանձնարարությունները։ Ու կռիվ գնալուց առաջ տիրապետում էին 40 զինատեսակի։ Նրանք պայծառ, ազնիվ, ուժեղ, խիզախ հայրենասեր տղաներ էին՝ 15-16 տարեկան, մեծ մասը արվեստի աշխարհից՝ երգիչ, նկարիչ, դերասան, քանդակագործ…

Նա չի ասում «մենք», ասում է՝ «նրանք». այդպես ավելի հեշտ է բնութագրել նրանց, ովքեր ազնիվ էին, պայծառ, ուժեղ, խիզախ, հայրենասեր… Բայց ինքը նրանցից մեկն էր՝ նույնպես արվեստի աշխարհից (գեղարվեստական ուսումնարանի սան, ապագա խեցեգործ) եւ ընդամենը 16 տարեկան։
Ես հատված եմ կարդում «Արծիվ-4» գումարտակի ռազմիկներից մեկի օրագրից. «ԱԳՍ հաստոցային ավտոմատ նռնականետ էին բերել։ Կռվի փորձառություն ունեցող մարտիկներից շատերը այդ զենքը տեսած չկային։ Մեկ էլ 15-16 տարեկան մի խումբ տղաներ մրջյունների պես թափվեցին զենքի վրա, ու մի քանի րոպեից ԱԳՍ-ը հավաքած-պատրաստ էր»։

Արտյոմը ժպտում է՝ հիշում եմ այդ օրը, ազատամարտիկները զարմացան, գովեցին մեզ… ու չհամաձայնեցին տանել ճակատ։ Բայց մենք ելքը գտանք…

Ես ընթերցում եմ «Մարտական ուղի» վերտառությամբ գրությունը՝ Իջեւան, Շուռնուխ, Գյուլիբերդ, Խոջալու, Մատաղիս, Թալիշ, Տոնաշեն, Չայլուներ… Ես բարձրաձայն կարդում եմ՝ շեշտելով ամեն մի բառը… Սրանք սոսկ տեղանուններ չեն, սրանք ճակատամարտեր են, կորուստներ, հաղթանակներ…ցավ, կարոտ, սպասում, հրճվանք… Նա մի պահ լռում է, հետո բարձրացնում է հայացքն ու շեշտակի նայում ինձ… Եվ ես հասկանում եմ, որ իմ փոքրիկ աշխատասենյակում, մի քանի քառակուսի մետր տարածքի վրա մենք արդեն երեքով ենք՝ նախկին ազատամարտիկը, ես ու… պատերազմը.

-Ես, Մուկուչն ու Ցուլը խրամատում էինք։ Գյուլիբերդ գյուղի մոտակայքում ազերիները մեծ ուժեր էին կուտակել։ Հեռվի կրակոցները վայրկյան առ վայրկյան մոտենում էին։ Սկզբից ինչ-որ գոռոց լսեցինք, հետո երեւաց թշնամին՝ «Գորշ գայլի» սեւ համազգեստով։ Բարձր բղավելով, անկանոն կրակ բացած՝ դեպի մեզ էր գալիս, առաջնորդելով ընկերներին։ Ես սպասեցի, որ ընդհուպ մոտենա։ Երբ մի քանի մետր էր բաժանում մեզ իրարից, հասակով մեկ կանգնեցի ու սկսեցի դիմահար կրակել։ «Գորշ գայլն» ընկավ։ Ես տեսա, թե ինչպես ընկերները նրան հանեցին մարտադաշտից։ Դա իմ առաջին «ռեզուլտատն» էր։

… Չէի նկատել, աչքերը մոխրագույն են։ Նուրբ դիմագծերով, գեղեցիկ երիտասարդ տղամարդ է, ավելի շատ արվեստագետի է նման, քան ռազմիկի։ Ես ակամա ժպտում եմ…

-Բայց իմ «ռեզուլտատը» չհաշվեցին,- Արտյոմը «պատասխանում է» ժպիտիս։

-Հա, «ռեզուլտատը»,- ես վերադառնում եմ անցյալ, որտեղ ոչ ոք չի նկատում քո աչքերի գույնը, որտեղ կա զենք, հարձակում, կրակոց ու… «ռեզուլտատ»…

Արտյոմը անխռով շարունակում է.

-Հրամանատարս սառը ջուր լցրեց իմ խանդավառության վրա, ասաց՝ չի բացառվում, որ էդ «գորշ գայլը» ապաքինվի ու վերադառնա մարտադաշտ։ Կապացուցե՞ս, որ մահացու ես խոցել։

Հաջորդ «ռեզուլտատը» անհնար էր չհաշվել։ Հակոբ Կամարիի մատույցներում էլի երեքով էին՝ Արտյոմ Պողոսյանը, Մկրտիչ Տոնոյանը (Մուկուչ) եւ Արման Զոհրաբյանը (Ցուլը)։ Ազերիները վրա էին տվել։ Տղաներն «աշխատում էին» իրենց հավատարիմ ԱԳՍ-ով։ Զենքը տեղավորել էին բլուրի հետեւում ու կրակելիս չէին կարող պատկերացնել, թե ինչ ռեզուլտատ է առջեւում։ Հետո, երբ ազերիները արդեն նահանջել էին, գնացին ուսումնասիրելու մարտադաշտը ու տեսնելու «ռեզուլտատը»։

-Ես սարսռացի, տարածքը կորել էր արյան մեջ։ Էս ի՜նչ եք արել, այ անխիղճներ՝ ասաց հրամանատարս…

… Հետո պատերազմը դարձավ առօրյա։ Հետո կյանքը տեղափոխվեց մի ուրիշ չափագրություն, որտեղ ցավն ու հրճվանքը, ծիծաղն ու արցունքը կողք կողքի էին… Տարիներ անց Արտյոմը ժպտալով կպատմի.

-Դաժան մարտեր էին։ Թշնամին հարձակվում էր բոլոր զինատեսակներով։ Ես տեսա, թե ինչպես ազերիների տանկը կողքով հրեց ու շուռ տվեց մեր տանկը։ Շրջապատման մեջ էինք։ Ազերիների տանկը հաջողեց անցնել մեր թիկունքը։ Փրկվելու հավանականություն գրեթե չկար։ Ու երբ անակնկալ հայտնված թշնամու ուղղաթիռը շատ ցածր դիրքից մոտեցավ մեզ, ես հասկացա, որ կյանքի հետ հաշիվներս փակեցի, որ պատերազմն ավարտվեց ինձ համար։ Ուղղաթիռը այնքան մոտ էր, որ ես տեսա օդաչուի դեմքը։ Շիկամազ, կապուտաչյա տղա էր, ռուսի նման։ Նա կարող էր մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել բոլորիս, բայց նայեց, հետո «խփեց» դիմացի սարին ու գնաց..

… Ես բազմաթիվ պատասխաններ եմ լսել ու չեմ հանգել որեւէ ավարտուն բանաձեւի։ Ես հարցրել եմ հազար անգամ ու էլի պիտի հարցնեմ.
-Ինչպե՞ս էիք կարողանում վանել մահվան սարսափը…
Արտյոմը ժպտում է.
-Երբեմն հոգեբանական գրոհներ էինք կազմակերպում։ Մի անգամ հրամանատարս ասաց՝՝ եթե ուզում եք համերգ լսել, հետեւիցս եկեք։ Երբ հեռվից լսվեց ազերու կլկլան բայաթին, հասկացա, թե ինչ «համերգ» եմ լսելու։ Քիչ անց երեւացին նաեւ ազերիները՝ ավելի քան 20 հոգի։ Հավաքվել էին խարույկի շուրջը եւ երգում էին։ Դուք մնացեք՝ ասաց հրամանատարս ու առաջ շարժվեց։ Քիչ անց սուլոց լսվեց։ Ազերիները շրջվեցին դեպի Լյովա Գեւորգյանը… Հրամանատարս կարող էր մի քանի վայրկյանում սպանել բոլորին, բայց… Նա կրակեց ուղիղ խարույկի մեջ։ Խլացնող պայթյուն լսվեց, դժվար է ասել, թե քանի զոհ ու քանի վիրավոր ունեցան ազերիները։
… Մենք հետ էինք դառնում անտառի միջով։ Ազերիները կրակում էին մեր հետեւից, փամփուշտները դժժալով անցնում էին մեր կողքով…
-Միթե պատերազմի դաշտում ռազմիկի կյանքը ոչինչ չարժե,- հարցնում եմ ես։
-Հոգեբանական գրոհն ավելին արժե,- պատասխանում է հին ռազմիկը,- 20-25 վախեցած, բարոյալքված, ստորացված ազերին «ավելին արժե»… Նրանք պատմելու էին իրենց ընկերներին, ընկերները իրենց ընկերներին, որ մի քանի հայ եկան- հասան մեր դիրքերը, «խաղ արին» մեզ հետ ու հետ դարձան…
… Ես նայում եմ այս լուսավոր, ուժեղ, ինքնավստահ երիտասարդ տղամարդուն ու … չեմ կարողանում հարցնել… Ես գիտեմ, որ նա կորցրել է ոտքը, բայց…
Ասես կարդում է միտքս.

-Ծանր մարտեր էին սպասվում։ Ես, Մուկուչը, Ցուլն ու վարորդը «УАЗ»-ով անցանք բլուրի հետեւը, տեղադրեցինք ԱԳՍ-ը ու հետդարձի ճանապարհին հայտնվեցինք հակատանկային ականի վրա։ «УАЗ»-ի վարորդն ու Ցուլը տեղում զոհվեցին, Մուկուչը հրաշքով փրկվեց, ես զրկվեցի ոտքից…

Տղաները երկար ժամանակ թաքցնում էին Արտյոմից ընկերոջ մահվան բոթը։ Երբ Արտյոմը հարցնում էր, թե ինչու Արմանը տեսության չի գալիս իրեն, զանազան պատմություններ էին հորինում…

-Երբ դուռը բացվեց, ու Արմանի մայրը ժպտալով մտավ հիվանդասենյակ, թեթեւացած շունչ քաշեցի։ Համոզվեցի, որ ընկերս ողջ է… Ինչպե՞ս կարող էր այդպես անխռով ու քաջալերող ժպտալ օրեր առաջ որդի կորցրած մայրը…

Քանի տարի էլ անցնի, ինչ ջրեր էլ հոսեն, Արտյոմ Պողոսյանի ձայնը կթրթռա զոհված ընկերոջ մորը հիշելիս.

-Աշխարհում ոչինչ ինձ այդպես չի ցնցել։ Որտեղի՞ց այդքան ուժ, այդքան բարություն, այդքան սեր…

… Ես հայացքով ուղեկցում եմ նրան. այնպես է քայլում, որ չի նկատվում ոտքի բացակայությունը։ Քիչ հետո նա դուրս կգա խմբագրության շենքից, կդառնա մեզանից մեկը, կձուլվի քաղաքի համայնապատկերին…

Ես կմոտենամ աշխատասենյակիս պատուհանին, կնայեմ իմ քաղաքին… ՈՒ իմ քաղաքն ինձ անհամեմատ հզոր, գեղեցիկ ու լուսավոր կթվա…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


29/08/2012