Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



Ճանապարհին գնդապետ Դ. Միքայելյանը ասում է. «Լավ է, որ անցնենք այս թեւի բոլոր հենակետերով, ճիշտ է, ճանապարհը երկարում է, սակայն զինվորները շատ կուրախանան, կոգեւորվեն, մանավանդ որ իմանան «Հայ զինվոր» թերթից եք»։ Մեքենայի ձայնից արդեն կացարանի առջեւ կազմ ու պատրաստ շարվել են զինվորները։ Հենակետի ավագ, լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի զեկույցից հետո մտնում ենք կացարան։ Այն մաքուր է, կահավորված։ Հենակետի ավագը ներկայացնում-ծանոթացնում է տղաներին։

Լեյտենանտ Ա. Ալեքսանյանը նոր է ավարտել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Հրամանատարության կողմից արդեն արժանացել է խրախուսանքի։

Կուրսանտ ժամանակ, երբ ստաժավորման էինք գալիս զորամաս, ծանոթանում մարտական հենակետերում տարվող ծառայությանը, դա հետագայում տեսանելի ու հեշտ դարձրեց մեր ծառայությունը,- ասում է լեյտենանտը։

Տղաները մեկը մյուսին ընդհատելով պատմում են իրենց ծառայությունից, հիշում են իրենց հարազատներին, եւ կարոտի հետ համարյա բոլորն էլ իրենց խոսքն ավարտում են այսպես. «Մի՛ մտածեք, ամեն ինչ կարգին է, մենք պատվով կպաշտպանենք մեր հայրենիքի սահմանները եւ բացճակատ ու հպարտ տուն կդառնանք»։

Կրտսեր սերժանտ, հենակետի ավագի օգնական Հարություն Ավետիսյանը, շարքայիններ- գնդացրորդներ Հակոբ Վարդանյանն ու Հովհաննես Ղարախանյանը, դիպուկահար Նարեկ Սարգսյանը, ավագ հրաձիգ Արսեն Աբրահամյանը զորակոչվել են Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Երեւան, Խաչիկ, Եղեգնաձոր, Վեդի, Իջեւան, Մասիս. Մարալիկ, եւ յուրաքանչյուրն իր հետ բերել է ծննդավայրի բառ ու բանը, հումորը, մանկության հիշողությունները։ Եվ զգացվում է, որ նրանց ընկերությունը, նրանց միությունը կառուցվել-միահյուսվել է հազարավոր թելերով։ Քիչ անց դիտորդներ Հայկ Մինասյանին ու Հակոբ Ասատրյանին փոխարինում են Հակոբ Սարգսյանն ու Հովհաննես Ղարախանյանը։ Զինվորները ջերմ, անկաշկանդ զրույցի են բռնվում գնդապետ Դ. Միքայելյանի հետ։ Մինչ այդ, գնդապետը արդեն ստուգել էր զենք-զինամթերքի հետ կապված անվտանգության պահպանումը, նայել-ստուգել էր մատյանների գրառումները։ Ուշադրություն դարձրել նրանց հագուստի, հիգիենայի հետ կապված խնդիրներին։ Զգացվում էր, որ գոհ է եւ սիրով սկսեց զրույցը զինվորների հետ։ Հետո զինվորները հրավիրում են կացարանի կողքի ճաշարան, որտեղ իրենք պատրաստվում էին ճաշելու։

Գնդապետ Դ. Միքայելյանը համտեսում է ճաշատեսակը, փլավը, ապա զրույցի բռնվում խոհարար Արամայիս Բեգինյանի հետ։ Գնդապետի խոհարարական խորհուրդները հետաքրքրությամբ լսում էին տղաները։ Գնդապետը զինվորների հետ զրույցի ընթացքում սովորության համաձայն հարցնում է, թե որտեղից է զորակոչվել։ Ու այս անգամ էլ, երբ իմացավ, որ խոհարարը Իջեւանի Գանձաքար գյուղից է, հարցրեց.

-Իսկ դու ճանաչու՞մ ես իջեւանցի Սարոյին՝ հրամանատար Սարիբեկ Օհանյանին։

-Սարոյին ո՞վ չի ճանաչում, նրան ողջ Հայաստանը գիտի, նա մեր ազգի հերոսներից է,- ասաց խոհարարը։

Գնդապետը ոգեւորվեց, ուրախացավ։

-Ապրե՛ս, մենք պետք է ճանաչենք մեր հերոսներին։

Չկար մի ազատամարտիկ, հրամանատար, ում չճանաչեր հրամանատարը։ «Դա էլ իմ հարստությունն է, հայրենիքի առաջին կանչով թողեցի իմ ծառայությունը եւ եկա հայրենիքին իմ պարտքը տալու»։

Այն ստորաբաժանումներում, որտեղ 1992-95թթ. ծառայել է գնդապետ Դ. Միքայելյանը՝ որպես հրամանատարի տեղակալ, մեծ աշխատանքներ են կատարվել՝ նոր ինժեներական պաշտպանական կառույցներ, անձնակազմի մարտական պատրաստականության բարձրացման, ուսուցման, կենցաղի բարելավման ուղղությամբ։ Որպես մարտական հրամանատար, նա անմիջական մասնակցություն է ունեցել Նոյեմբերյան-Իջեւան սահմանագծի գրեթե բոլոր մարտական գործողությունների մշակմանն ու ամրապնդմանը, աչքի է ընկել անձնական խիզախությամբ ու հայրենասիրությամբ։

Բոլոր ազատամարտիկներին հիշում էր հրամանատարը։ Երբ իմանում էր, թե զինվորը որ բնակավայրից է զորակոչվել, հարցնում էր այդ բնակավայրում ապրող ազատամարտիկներից, նրանց առողջական վիճակից։ Պատահում էր, որ իր տված հարցերին ինքն էլ պատասխանում էր, եւ զինվորները ուշադրությամբ լսում էին նրան։ Անշուշտ, ուսանելի շատ բաներ կային այդ պատմություններում։

Շարքային Ա. Աբրահամյանը սահմանամերձ Խաչիկ գյուղից է, զորակոչվել է համալսարանի 2-րդ կուրսից։ Նա պատմում է իր հայրիկից, Անդրանիկ հողեղբորից, որոնք մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական մարտերին, որից հետո անցել ծառայության։

Իմանալով, որ գնդացրորդ Ղարախանյանը Մարալիկից է, ասում է.- Տե՛ս՝ ինչ հերոս տղա է, որտեղից որտեղ է եկել ծառայության, իր պարտքը տալու,- եւ հետո հարցով դիմում է զինվորին.

-Կարո՞ղ ես ասել մեր գեներալներից ո՞վ է ծնունդով մարալիկցի։

Եվ լսելով ճիշտ պատասխանը՝ գնդապետը գովեստի խոսքեր է ասում Հ. Ղարախանյանի հասցեին։

Օրն արդեն թեքվում էր մայրամուտ։ Սարերին արդեն մշուշ էր նստել։

-Այդ մշուշը մութն ընկնելուն պես մինչ այգաբաց գալիս-փաթաթվում է մեր ոտքերին ու առավոտյան արեւի լույսի հետ նորից բարձրանում է բարձր լեռան գագաթները,- ասում է լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, որը ծնունդով Աշոցքից է, եւ այդ պատկերները շատ սովորական են իր համար։

-Սակայն լեռների գագաթներին արեւը երկար է մնում, օրերը երկարում են,- ասում է ավագի օգնական, կրտսեր սերժանտ Ռուբեն Ավագյանը, որն էլ ծնունդով Գորիսից է, Զանգեզուր աշխարհից։

Ասում է՝ հայացքը բարձրիկ լեռներին…

-Ձեր փոխարեն ժամանակին այս բարձունքներին կանգնած էին ազատամարտիկները։ Ինչե՜ր եղան, ի՜նչ հերոսական կռիվներ։ Սակայն այս անգամ ամոթահար չենք նայի աշխարհին, որովհետեւ պատվով դուրս եկանք փորձությունից,- ասում է հրամանատարը՝ հրաժեշտին ամուր սեղմելով տղաների ձեռքերը.

-Հիմա ձեր հերթն է, ձեր ծառայությունից է կախված, որպեսզի պատվով եւ հպարտ նայենք աշխարհին։

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Լուս. ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ազգային բանակ


29/08/2012