Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 185-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ



Արմավիրի մարզի Օշականի հուշահամալիրի մոտ տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Օշականի ճակատամարտում պարսկական տասնապատիկ գերազանցություն ունեցող բանակի նկատմամբ՝ գեներալ Աֆանասի Կրասնովսկու ջոկատի մարտիկների տարած հաղթանակի և հայության գլխավոր հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փրկության 185-ամյակին:

Ի նշանավորումն 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմում ռուս ռազմիկների տարած ամենափայլուն հաղթանակներից մեկի՝ զորամիավորման հրամանատարությունը, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան ու Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ զորքերի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի և ՀՀ ՊՆ պատվո պահակախմբերը ծաղիկներ և պսակներ դրեցին Օշականի հերոսների հուշարձանին: Հավարտ հանդիսության՝ հիշատակի կարգ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ծիսակարգերով:

Ծանոթություն
Օշականի ճակատամարտ. 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի ամենահուզիչ և միաժամանակ ամենահերոսական էջերից մեկը, որի ընթացքում Արևելյան Հայաստանն ազատվեց պարսկական ծանր լծից և միավորվեց Ռուսաստանին:

1827 թ. օգոստոսի 17-ին հայկական հինավուրց Օշական գյուղի մատույցներում ճակատամարտ եղավ պարսից գահաժառանգ Աբաս Միրզայի և պարսկական բանակի կողմից պաշարված Էջմիածնի վանքին օգնության շտապող՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասնովսկու միավորումների միջև:

Պարսկական բանակը բաղկացած էր մոտ 30.000 մարդուց, իսկ ռուսական ջոկատն ընդամենը 3.000: Բայց չնայած թշնամու թվային մեծ առավելությանը, ռուսական ջոկատի մարտիկները, որոնց շարքում էին նաև հայ և վրացի կամավորները, արտառոց քաջություն ու անձնազոհություն ցուցաբերելով՝ ետ շպրտեցին թշնամու կատաղի հարձակումները և ճեղքելով շրջապատման օղակը՝ հասան Վաղարշապատ՝ վանքը փրկելով ավերումից և կողոպուտից, իսկ փոքրաթիվ կայազորը, հոգևորականներին, տեղի բնակչությանն ու հարյուրավոր տկար ու վիրավոր զինվորներին՝ ոչնչացումից:

Պատրաստեց Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն


29/08/2012