Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԱՓՈՐՁ ԻԼՀԱՄԻ ԴԵՄ



Ադրբեջանում ազդեցիկ Փաշաեւների` նախագահի տիկնոջ ազգակիցների կլանը օրերս խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է 2013թ. այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հայտնում է «Հանուն մեր եւ ձեր իրավունքների» ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպության կայքը` նշելով, որ խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Մոսկվայում վտարանդիությունից վերջերս Բաքու վերադարձած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը: Որոշ փորձագետների կարծիքով, ժողովրդավարական ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով քննարկվել է իշխանության միակ թեկնածուի` Իլհամ Ալիևի համար «գրպանի մրցակից» գտնելու հարցը: Միգուցե այդ դերն ստանձնի հենց Մութալիբովը:

Փաստորեն, Ադրբեջանում արդեն նախընտրական գործընթացներ են սկսվել: Այդ են վկայում նաև իշխանության նախաձեռնած քարոզչական-հոգեբանական միջոցառումները, որոնց նպատակը ժողովրդի ուշադրությունը իշխանական համակարգի արատներից շեղելն է և նրան ներշնչելը, թե Իլհամ Ալիևն այլընտրանք չունի:

Օրինակ` Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին 1999 թվականին, իբր, թունավորելու մասին քրեական գործ հարուցելը համընկավ Ադրբեջանից տասնյակ միլիարդավոր դոլարներ օֆշորային գոտիներ փոխանցելու մասին սկանդալային փաստերի հրապարակման հետ: Ադրբեջանի հասարակության ուշադրությունը մի պահ բևեռվեց Ալիևների ընտանիքի գողացած հարստության վրա. պարզվեց, որ գործնականում երկրի ամբողջ բանկային համակարգը, ոսկու հանքերը, տրանսպորտը եւ արտահանումը Ադրբեջանում իշխանական կլանի մենաշնորհն է: Չունենալով ոչ մի հակափաստարկ` իշխանությունը օրվա թեման փոխելու համար հրապարակ նետեց Էլչիբեյի «թունավորման» գործը. սա Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի վարկածն է:

Օրվա թեման փոխելու և Ալիևի անփոխարինելիության մասին առասպելն արմատավորելու նպատակով շրջանառության մեջ դրվեց մեկ այլ` Իլհամի դեմ իբր նախապատրաստվող մահափորձի մասին լուրը: Ադրբեջանական լրատվամիջոցները, իրավապահ մարմինների իրենց աղբյուրները վկայակոչելով, գրեցին, որ Ադրբեջանի ղեկավարի նկատմամբ մահափորձն իրականացվելու էր սույն թվականի ապրիլի 29-ին, երբ Բաքվի Ազգային այգում տեղի էր ունենալու Ալիևի փեսա, երգիչ Էմին Աղալարովի համերգը` նվիրված «Եվրատեսիլ 2012» մրցույթին: Անվտանգության ծառայությունն, իբր, ձերբակալել է մի քանի դիպուկահարների, որոնք մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերի տանիքներից ու հեռուստաաշտարակից պետք է կրակ բացեին Իլհամի ու նրա փեսայի վրա:

Ծիծաղելի են գործի մանրամասները. ըստ հաղորդագրության` «ձերբակալված դիպուկահարները հրաժարվում են ցուցմունքներ տալուց», ասես Ադրբեջանի հատուկ ծառայությունների քննիչները երդվել են մատով չդիպչել նրանց ու չզրկել ազատ կամարտահայտման իրավունքից:

Փորձագետների կարծիքով, սակայն, Ադրբեջանի նախագահի վարկանիշն ամենաշատը կբարձրանա, եթե նրան հաջողվի Հունգարիայի բանտից Ադրբեջան վերադարձնել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարելով սպանել էր քնած մարդուն` հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Ուշագրավ է, որ անցած տարվա նոյեմբերին Հունգարիայի Նախագահ Պալ Շմիդտի` Ադրբեջան պաշտոնական այցելությունից հետո ադրբեջանական մամուլում ակտիվացան խոսակցությունները Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու` էքստրադիցիայի մասին: Ըստ այդ հրապարակումների` Հունգարիան և Ադրբեջանը կարող են համաձայնության գալ այդ հարցում:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալափ Խալափովն այս տարվա փետրվարի վերջին-մարտի սկզբին գտնվելով Հունգարիայում, հայտարարեց, որ այնտեղ «քննարկվել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորության հարցը»:

Իսկ օրերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ձեռք բերել հունգարական կառավարության կողմից թողարկվող 2 և 3 տարի ժամկետայնության նպատակային սուվերեն պարտատոմսեր` վճարելով 2-3 մլրդ եվրո: Այն դեպքում, որ Հունգարիան ճգնաժամի մեջ է. նրա արտաքին պետական պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 80%-ը, և այդ երկրի կառավարությունը սնանկացումից փորձում է խուսափել լրացուցիչ վարկային պարտավորություններ ձեռք բերելու միջոցով: Ադրբեջանն էլ փորձում է օգուտ քաղել Հունգարիայի ծանր վիճակից: Հիմքից զուրկ չէ փորձագետների այն ենթադրությունը, որ իր օգնության դիմաց Ադրբեջանը կպահանջի Ռամիլ Սաֆարովին, այսինքն` կփորձի կաշառել հունգարական արդարադատությունը: Այլ հարց է` կհաջողվի՞ դա նրան:

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ռազմաքաղաքական


05/09/2012