Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՏՐԱԾ ՊԱՅՏԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Աոաջին գծում Վարազդատի կողքին միշտ Իվանն էր՝ շեկ, համարյա սպիտակամազ մի անվախ ու ուժեղ սիբիրցի։ Մի անգամ ցեխի մեջ խրված սայլը ուսերով բարձրացրեց, հանեց ճանապարհ։ Կարճ հրադադարի ժամանակ նա կիպ նստում էր հրամանատարի կողքին։ Վարազդատը գեղեցիկ տենորով երգում էր։ Թեեւ մեղեդին անծանոթ էր Իվանին, բայց անսահման հաճելի էր։ Նա հմայված նայում էր Վարազդատին, կարծես ուրախանում էր, որ կա եւս մեկը՝ ճիշտ իր նման՝ խենթ ու խելառ, անկախ նրանից, որ հարավից էր ու թուխ։

Իվանի նախնիները եղել էին ցարական սպաներ՝ հայրենիքի, սպայական պատվի նվիրյալներ։ Հալածվելով ու տեղ չգտնելով անծայրածիր Ռուսիայում՝ հասել էին Խարբին, հետո Չինաստանի արեւելք, հետո էլի ինչ-որ տեղ։ Հարազատները չէին խոսում նրանց մասին, վտանգավոր էր. հարկադրված վտարանդիները նույնպես դավաճաններ էին համարվում։ Իվանը լսել էր, որ պանդխտության մեջ այդ հպարտ մարդիկ մյուսների նման իրենց օրվա հացը վաստակելու համար ծառայում էին օտարներին, շատ դեպքերում՝ որպես տաքսու վարորդներ կամ գարսոններ։ Նրանց երբեմնի շքեղ, բայց արդեն մաշված համազգեստներն ընկալվում էին որպես ծաղրածուի հանդերձանք։

Իվանը բնազդով զգում էր, որ այլևս չպետք է թույլ տա որեւէ մեկին տիրելու, տնօրինելու իր երկրում, լինի դա ներսից, թե՝ դրսից։ Նա ժպիտով կրկնում էր. «Կա՛մ կուրծքս խաչերի մեջ, կա՛մ գլուխս՝ մացառների…»։ Նրա սիրած արտահայտություններից էր նաև. «Երկու անգամ մահ չկա, իսկ մեկից չես խուսափի…»։ Նրանք Վարազդատի հետ տարեկիցներ էին, երկուսն էլ կամավորներ։

Վարազդատը ավելորդ խոսակցությունների չէր մասնակցում, չարամիտ ակնարկները հոր, հորեղբոր մասին անտեսում էր։ Կային մարդիկ, որ վեճեր էին բացում կոլխոզների, ինդուստրալիզացիայի սխալների մասին։ Նա գիտեր, որ դա արվում է միտումնավոր, պատասխաններում սխալ գտնելու, քաղաքական աստառ տալու, այնուհետև թեքման մեջ գցելու, որին անկախ տարիքից կհաջորդեր եռյակի դատը եւ անպայման 58/10 հոդվածը «Հակասովետական ագիտացիա»՝ տասը տարվա ազատազրկումով՝ առանց նամակագրության իրավունքի։

Այսօր ով իր կողքին կռվում էր, ինքը նրանց հետ էր ՝ Իվանը, թաթար Մուսան, ղազախ Արմունը, վրացի Գիվին, ուսուցիչ Թորգոմը, բուժքույր Վալյան, էլի ուրիշներ։ Կռվում էին քաջաբար, պահում էին ճակատը։ Նա միշտ հիշում էր մորը՝ էլիզային, որը հորը տանելուց հետո երեկոները դռան քարին մենակ էր նստում, հարեւանները վախենում էին օգնել ու ցավակցել։ Հայացքը հեռու՜, հեռու՜ մեղմիկ երգում էր:

Նա հիշում էր, թե ինչպես գարնանային մի առավոտ հարեւան քրդերը, իրար հետ մրցելով, թալանեցին իրենց ունեցվածքը՝ անասունները, կահկարասին, գորգերը, ամանեղենը։ Երիտասարդ տղամարդկանց վաղուց էին տարել։ Թուրք զինվորները կանանցից, ծերերից, երեխաներից շարասյուներ կազմեցին, տեղահանեցին առանց ջրի, սննդի, անօգնական քշեցին դեպի հարավ՝ անապատ։ Մի գիշեր, երբ սովահար եւ ուժասպառ հանգրվանել էին գետափին, մոտեցան ձիավոր քրդեր, սկսեցին ջոկել գեղեցիկ աղջիկներին, հետո ընտրեցին մանուկների՝ իրենց ծառա կամ անասնապահ դարձնելու համար։ էլիզային նույնպես տարան։ Աղջնակն ամբողջ գիշեր լաց էր լինում, մեծ մայրիկին էր ուզում։

Անցան տարիներ, եւ երբ եղբայրը՝ Բենոն, իր ֆիդայիների հետ մտավ գյուղ, գտավ քրոջը, աղջնակն այլևս չէր ճանաչում եղբորը, չէր ուզում գնալ նրա հետ։ էլիզային փրկագնով վերցրին ամերիկյան միսիոներները։ Հետո հանդիպեց քաջ խմբապետ Հովակին։ Նա տարիքով մեծ էր իրենից, բայց սիրեցին իրար։ Անդրանիկ զավակը Վարազդատն էր։

***
Վաղ առավոտյան սկսվեց հրետանային ականանետային անընդհատ գնդակոծում, հողի առանձին կղզյակներն այրվում էին, գետինը դողում էր, ամեն ինչ փոշու ու ծխի մեջ էր։ Շատ մոտիկից լսվեց արկի խլացնող սուլոցը, եւ մի ցնցող պայթյուն հողը բարձրացրեց երկինք՝ մարդկանց, ձիերի ու մետաղի կտորների հետ միասին։ Եվ երբ անցավ դեղնավուն ու դառնահոտ ծուխը, շուրջն ամեն ինչ բզկտված էր։ Վարազդատը բաց աչքերով պառկած էր մեջքի վրա, բայց … մի ոտքը երկարաճիտ կոշիկով ընկած էր հեռու, հեռու ճահճուտի մեջ…

Սողեսող մոտեցավ սանիտար Եֆիմը։ Նրանք Վալյայի հետ Վարազդատին մի կերպ տեղավորեցին թիկունք գնացող սայլակի մեջ։ Գալուստն ու թաթար Հասանը խրամատի մեջ իրար նայեցին, ինչ- որ թեթեւություն զգացին, շունչ քաշեցին՝ երևի պրծան Վարազդատից։

ճահիճների միջով արդեն շղթայաձեւ դեպի իրենց էին գալիս գերմանացիները՝ բարձրաձայն խոսելով եւ այլեւս կարծես ոչ մի բանից չէին վախենում։ Բոլոր գերիներին հավաքեցին մի բացատում, շարք կանգնեցրին, վիրավորներ չկային, նրանց գնդակահարել էին անմիջապես։

Շարքի առջեւով, հերթով բոլորին զննելով, անցնում էր սեւ համազգեստով մի սպա, նրան ուղեկցում էր ուկրաինացի Կոստյան, որը երեւի քիչ գերմաներեն գիտեր։ Յուրաքանչյուրին հարցնում էին առաջին հերթին ազգությունը, կոմունիստ լինելը, հետո նախապատերազմյան մասնագիտությունը։ Կոստյայի ցուցումով դարձյալ մի քանիսին հանեցին շարքից և առանց որեւէ խոսքի գնդակահարեցին։ Իվանը, Մուսան եւ Թորգոմը նրանց մեջ չէին։ Հերթը Գալուստինն էր՝ նա մի կերպ հասկացրեց, որ պայտար է։

Բացատում խմբված ձիերի մոտից կանչեցին մեկին։ Դա հաղթանդամ մի զինվոր էր, երկար շեկ բեղերով, կաշվե գոգնոցով։ Նա մատով կանչեց Գալուստին ու լուռ գնացին դեպի ձիերը։ Ինչքան շատ էին այդ ձիերը, խոշոր, մեծագավակ, ամուր ոտքերով, մաքուր սանրված բաշերով, երասանները՝ պինդ կաշվից, մետաղյա զարդերով, գրվածքներով։ Բայց հետաքրքիր էին պայտերը՝ գետնից բարձր, հատուկ ամուր ելունդների վրա։

Երկուսով անզեն, լուռ քայլելով գնացին ճահճոտ արահետով։ Խորքում երեւաց մի կիսաքանդ ու մրոտ շինություն։

«Սա դարբնոց է»,- անցավ Գալուստի մտքով։ Գերմանացին աոաջինը մտավ, մոտեցավ քուրային, որի հարթակին կային ածուխի փոքրիկ կույտեր։ Մեջտեղում՝ բարձր քոթուկի վրա, արեւի շողերից փայլում էր ծանր զնդանը։ Գալուստը հանկարծ հանգիստ զգաց, սա աշխատելու տեղ էր…

Գիշերեց դարբնոցում, դրսում ժամապահն էր, ամեն ինչ խաղաղ էր, լսվում էր միայն ծղրիդների ձայնը։ Առավոտյան բերեցին երեք քաշող ձիեր, ետեւի խոշոր սմբակների պայտերը համարյա մաշված էին։

Հանսը զգուշությամբ կտրեց գամերի ծռվածքները, հանեց պայտը, նորը չափեց մաքուր քերված՝ համարյա սպիտակ սմբակի տակ։ Մի քիչ ծուռ էր. քուրայի մեջ կարմրացրեց, մուրճի մի քանի հարվածով շտկեց, դրեց ջրով լի դույլի մեջ։ Սկսեց գամել պայտը, բոլոր գործողությունները նա կատարում էր որոշակի հաջորդականությամբ, կարծես դա արարողակարգ էր։ Հանսը եւ Գալուստը աշխատում էին լռելյայն, արհեստի ընդհանրությունն առանց լեզվի իմացության բերել էր անսպասելի համերաշխության։ Երեկվա մահացու թշնամիներն աշխատանքով լրացնում էին մեկմեկու։

Հանսը վարպետ էր. նրա մուրճի հարվածը որոշակի դաջվածք էր, արդյունքում՝ ավարտուն, գեղեցիկ գործ։ Նա շատ խնայող էր, մետաղի յուրաքանչյուր մաս, ածուխի կտոր գործի համար էին, ավելորդ ոչինչ չկար, անգամ հանված ծուռ մեխերը կրկին կոփվում էին, դասավորվում։ Ամեն գործիք իր տեղն ուներ։ Աշխատանքային օրն ավարտելուց հետո մաքրությունն արվում էր ամենայն բծախնդրությամբ, կարծես դա ոչ թե դարբնոց էր, այլ ՝ բուժարան։

Շարունակելի

ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Հոգևոր-մշակութային


05/09/2012