Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

2.4 Վթարներ ռադիոակտիվ նյութերի (ՌՆ) արտանետումով

* վթարներ ատոմակայաններում, արտադրական և հետազոտական նշանակության ատոմային էներգետիկական կայանքներում ՌՆ-ի արտանետումով (արտանետման վտանգով), վթարներ միջուկա-վառելիքային ցիկլի ձեռնարկություններում ՌՆ-ի արտանետումներով (արտանետման վտանգով).
* միջուկային կայանքներով կամ ՌՆ-ի բեռով տրանսպորտային միջոցների և տիեզերական ապարատների վթարներ:

2.5 Վթարներ կենսաբանական վտանգավոր նյութերի (ԿՎՆ) արտանետումով (արտանետման վտանգով)

* վթարներ ձեռնարկություններում և գիտահետազոտական հիմնարկներում (լաբորատորիաներում) ԿՎՆ-ի արտանետումով (արտանետման վտանգով).
* վթարներ տրանսպորտում:

2.6 Շենքերի, կառուցվածքների հանկարծակի փլուզում

* տրանսպորտային հաղորդակցուղիների փլուզում.
* արտադրական շենքերի և կառուցվածքների փլուզում.
* բնակելի, սոցիալ-կենցաղային և մշակույթի շենքերի և կառուցվածքների փլուզում:

2.7 Վթարներ էլեկտրաէներգետիկական համակարգերում

* վթարներ ատոմային էլեկտրակայաններում բոլոր սպառողների էլեկտրամատակարարման երկարատև ընդմիջումով.
* վթարներ էլեկտրաէներգետիկական համակարգերում (ցանցերում) հիմնական սպառողների կամ ընդարձակ տարածքների էլեկտրամատակարարման երկարատև ընդմիջումով.
* տրանսպորտային էլեկտրակոնտակտային ցանցերի շարքից դուրս գալը:

2.8 Վթարներ կենսապահովման կոմունալ համակարգերում

* վթարներ կոյուղու համակարգերում աղտոտող նյութերի զանգվածային արտանետումով.
* վթարներ ջերմային ցանցերում (տաք ջերմամատակարարման համակարգեր) տարվա ցուրտ եղանակներին.
* վթարներ բնակչության խմելու ջրով ապահովման համակարգերում.
* վթարներ կոմունալ գազատարներում:

2.9 Վթարներ մաքրման կառուցվածքներում

* վթարներ արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերի մաքրման կառուցվածքներում աղտոտող նյութերի զանգվածային արտանետումով.
* վթարներ բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կառուցվածքներում աղտոտող նյութերի զանգվածային արտանետումով.
* վթարներ արդյունաբերական գազերի մաքրման կառուցվածքներում աղտոտող նյութերի զանգվածային արտանետումով:

2.10 Հիդրոդինամիկական վթարներ

* ամբարտակների (պատնեշների, անջրպետների և այլն) ճեղքումներ ճեղքման ալիքների և աղետալի ջրածածկումների առաջացմամբ.
* ամբարտակների (պատնեշների, անջրպետների և այլն) ճեղքումներ ճեղքումնային վարարումների առաջացմամբ.
* ամբարտակների (պատնեշների, անջրպետների և այլն) ճեղքումներ բերրի հողերի ողողմամբ կամ ընդարձակ տարածքների վրա ջրաբերուկների տեղադրմամբ.
* պոչամբարների պատվարների ճեղքումներ ընդարձակ տարածքների վրա հանքամնացուկների տեղադրմամբ, շրջակա միջավայրի աղտոտմամբ:

3. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Բնապահպանական բնույթի արտակարգ իրավիճակը ցամաքի, մթնոլորտի, ջրային միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի խոշորամասշտաբ փոփոխության հետևանքով առաջացած իրադրություն է (մարդածին գործոնների ազդեցության տակ), որը բացասական ազդեցություն է գործում շրջակա միջավայրի վիճակի և մարդկանց առողջության վրա:

3.1 Ցամաքի (հողի, ընդերքի, լանդշաֆտի) վիճակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակներ

* օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ աղետալի նստվածքներ, սողանքներ, ընդերքի մշակման և մարդու այլ գործունեության հետևանքով երկրագնդի մակերևույթի փլուզումներ.
* հողում (գրունտում) ծանր մետաղների (այդ թվում ռադիոնուկլիդների) և այլ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից բարձր պարունակություն.
* ընդարձակ տարածքներում հողերի ուժգին վատթարացում, էրոզիայի, աղտոտման, ճահճացման և այլ պատճառով անապատացում.
* ճգնաժամային իրավիճակներ` կապված չվերականգնվող բնական հանածոների սպառման հետ.
* կրիտիկական իրավիճակներ` ծագած արդյունաբերական և կենցաղային թափոններով պահեստարանների (կույտերի) գերլցման, նրանցով շրջակա միջավայրի աղտոտման հետ:

3.2 Մթնոլորտի (օդային միջավայրի) կազմի և հատկությունների փոփոխման հետ կապված արտակարգ իրավիճակներ

* մարդկային գործունեության հետևանքով եղանակի կամ կլիմայի կտրուկ փոփոխություններ.
* մթնոլորտում վնասակար խառնուրդների սահմանային թույլատրելի խտությունների գերազանցում.
* քաղաքների վրա ջերմաստիճանային կարգափոխումներ (ինվերսիաներ), քաղաքներում սուր «թթվածնային» քաղց.
* քաղաքային աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակի նշանակալի գերազանցում.
* թթվային տեղումների ընդլայնված գոտու առաջացում.
* մթնոլորտի թթվածնային շերտի քայքայում, մթնոլորտի թափանցիկության զգալի փոփոխում:

3.3 Հիդրոսֆերայի (ջրային միջավայրի) վիճակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակներ

* ջրային աղբյուրների սպառման կամ նրանց աղտոտման հետևանքով խմելու ջրի պակաս.
* տնտեսական-կենցաղային ջրամատակարարման կազմակերպման և տեխնոլոգիական գործընթացների ապահովման համար անհրաժեշտ ջրային պաշարների սպառում.
* ներքին ծովերի և համաշխարհային օվկիանոսի գոտիների աղտոտման հետևանքով տնտեսական գործունեության և բնապահպանական հավասարակշռության խախտում:

3.4 Կենսոլորտի վիճակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակներ

* բնակության միջավայրի պայմանների փոփոխման նկատմամբ զգայուն կենդանիների, բույսերի տեսակների անհետացում.
* կենսոլորտի` վերականգնելի պաշարների վերարտադրության ունակության կտրուկ փոփոխություն.
* կենդանիների զանգվածային ոչնչացում:

4. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Կենսաբանական-սոցիալական բնույթի արտակարգ իրավիճակը իրադրություն է, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է մարդկանց, գյուղատնտեսական և այլ կենդանիների վարակիչ հիվանդացման, գյուղատնտեսական բույսերի` հիվանդություններից և վնասատուներից տուժման:

4.1 Մարդկանց վարակիչ հիվանդացում

* էկզոտիկ և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների եզակի դեպքեր.
* վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակային բռնկումներ.
* համաճարակներ.
* պանդեմիաներ.
* մարդկանց` չբացահայտված ծագման վարակիչ հիվանդություններ:

4.2 Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդացում

* էկզոտիկ և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների եզակի դեպքեր.
* էպիզոոտիաներ.
* էնզոոտիաներ.
* պանզոոտիաներ.
* գյուղատնտեսական կենդանիների չբացահայտված ծագման վարակիչ հիվանդություններ:

4.3 Գյուղատնտեսական բույսերի վնասում հիվանդություններով և վնասատուներով

* զարգացող էպիֆիտոտիա.
* պանֆիտոտիա.
* գյուղատնտեսական բույսերի չբացահայտված ծագման հիվանդություններ.
* բույսերի վնասատուների զանգվածային տարածում:

5. ՍՈՑԻԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Սրանք արտակարգ իրավիճակներ են` առաջացած սոցիալական խմբերի, անհատների գործողությունների, տարերային զանգվածային գործողությունների հետևանքով.
* ահաբեկչություն.
* միտումնավոր կամ տարերային մարդկային անկարգություններ.
* ազգային հակամարտություններ.
* մարդկանց զանգվածային ջարդեր.
* մարդկանց զանգվածային կուտակումներ.
* մարդկանց առևանգումներ:

Իհարկե, Հայաստանի Հանրապետության տարածքում խաղաղ ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակների բերված դասակարգումը վերջնական չէ: Այն կարող է լրացվել այս կամ այն բնագավառին առանձնահատուկ կամ Հայաստանի համար նոր կառուցվածքների, համակարգերի ստեղծման, տեխնոլոգիաների ներդրման հետևանքով ծագող արտակարգ իրավիճակներով: Չի բացառվում նաև վերոհիշյալ դասակարգումից այս կամ այն արտակարգ իրավիճակի կրճատումը դրանց առաջացման պատճառների վերացման հետևանքով:

Իհարկե, վերը բերվածներից հետևում է, որ յուրաքանչյուր բնական երևույթ, վթար կամ սոցիածին երևույթ չէ, որ արտակարգ իրավիճակ է, այլ միայն որոշակի մասշտաբների, ուժգնության և մի շարք այլ ցուցանիշների, առանձնահատկությունների դեպքում, երբ առկա են նաև մարդկային և նյութական որոշակի կորուստներ:

Արտակարգ իրավիճակներ, բնական է, տեղի են ունենում բոլոր երկրներում, սակայն էականը դրանց բազմազանությունն է, մասշտաբները, դրսևորումները, հետևանքները, առանձնահատկությունները և այլն: Վերջիններս առաջին հերթին պայմանավորված են տվյալ երկրի բնակլիմայական պայմանների բազմազանությամբ, բարդությամբ, այդ երկրի տարածքում վտանգավոր օբյեկտների առկայությամբ, խոցելիությամբ և այլն:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տարածքին, նշենք, որ այստեղ բնակլիմայական պայմանները խիստ բազմազան են (Հայաստանի տարածքում առկա է 10 բնակլիմայական լանդշաֆտային գոտի), առկա են էներգետիկական, քիմիական, լեռնամետալուրգիական և այլ օբյեկտներ, պոչամբարներ, բազմաթիվ ջրամբարներ և այլն: Իսկ խոցելիությունը (հասարակության, տարբեր օբյեկտների, տարածքների և այլն) շատ դեպքերում բարձր է:

Այստեղից էլ բխում է մեր երկրի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բազմազանությունը:

Շարունակելի

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ռազմական


05/09/2012