Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿ



Սիրելի Արիկ, ամառային մեղմ երեկո է Երեւանում։ Քո սիրած ժամանակը, իսկ ես քայլում եմ ու անցորդների մեջ փորձում գտնել քեզ, որովհետեւ ինձ միշտ թվում է՝ դու կաս, ապրում ես իմ ու մեր դստեր կողքին. որն ինձ դիմելով հաճախ է հիշեցնում. «Ինձ սիրիր, գրկիր հայրիկի պես»։ Եվ իրար այդպես պինդ-պինդ սեղմված՝ քայլերը մեզ տանում են Եռաբլուր…

Ամուսինս՝ մայոր Արկադի Սեմերջյանը, գիտաշխատող էր, ինժեներ-շինարար։ Ծնվել էր Երեւանում, սովորել Բելինսկու անվան դպրոցում, այնուհետեւ ավարտել Ուկրաինայի Կոմունարսկ քաղաքի լեռնամետալուրգիական ինստիտուտը։ Աշխատում էր Երեւանի ռետինատեխնիկական գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ։

Երբ սկսվեց շարժումը, Արիկին դժվար էր տանը գտնել։ Նա հեռահար զինտեխնիկայի (ականանետ, հրանոթ) մասնագետ էր, եւ արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե նրա մասնագիտական ունակությունները որքան անհրաժեշտ էին նոր-նոր կազմավորված, թշնամու դեմ դուրս եկած մեր ջոկատներին։ Սահմանի որ հատվածում էլ սկսվեր կռիվը, Արիկն այնտեղ էր։ Քուն ու դադար չուներ։ Խաղաղ ժամանակ զինվորներին սովորեցնում էր իր մասնագիտությունը։ Ինչպես ինքն էր սիրում կրկնել. «Հրետանին պատերազմի աստվածն է, իսկ մեր լեռնային տարածքում՝ անհրաժեշտություն»։ Ահա պաշտոնական այն ցուցակը, որտեղ նշված է, թե Արիկը Լաչինի մարտերում քանի միավոր զրահատեխնիկա է ոչնչացրել՝ 2 տանկ, 2 զինամթերքով բեռնամեքենա, թշնամու շտաբ, կրակակետեր։

Տանն ամեն ինչ նրան է հիշեցնում։ Սիրում էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքով։ Երջանիկ էինք, կես խոսքից հասկանում էինք մեկմեկու։ Որքան էլ աշխատանքից հետո հոգնած լինեինք, միեւնույն է, պետք է երեկոները գնայինք թատրոն, օպերա, բաց չէինք թողնում ոչ մի ցուցահանդես։ Այդ բոլորից հետո հանկարծ… գուցե իր վանեցի նախնիների արյունն էր, որ նրան հանգիստ չէր տալիս։ Որքան էր սիրում պատմել Վանի՝ նախնիների ծննդավայրի մասին։ Իր ծննդավայրը Վանն էր համարում։ «Եթե այսօր չպաշտպանենք Ղարաբաղը, չենք կարող նույնիսկ հիշել մեր նախնիների ծննդավայրերը»։

1992-ի դեկտեմբերի 18-ին Արիկը զոհվեց Լաչինում՝ 35 տարեկան հասակում։ Մահից հետո ինձ հանձնեցին նամակը, որը նա գրել էր դեռեւս Երասխում. «Նելլի՛, սիրելի՛ս, թանկագի՛նս, ների՛ր։ Ներիր ամեն ինչի համար… Երեւի մեզ վիճակված չէր միասին ծերանալ։ Դու իրավունք ունես իմ արարքը դատապարտելու, Լենոչկան ինձ կհասկանա, երբ մեծանա։ Թող Աստված պահպանի քեզ ու նրան։ Համբուրում եմ պինդ-պինդ, Աստված ձեզ փրկի, պահպանի։ Համբուրում եմ՝ քո Արիկ։ 17 մայիսի 1992թ.»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Հոգևոր-մշակութային


05/09/2012