Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ



Ընդհանրապես, կարգապահություն ասելիս հասկանում ենք որոշակի միջավայրում ձևավորված և սահմանված վարքագծի կանոններ և դրանց պահպանում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության համաձայն, զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից ՀՀ Սահմանադրությամբ, կարգապահական կանոնադրության, ՀՀ այլ օրենքներով, զինված ուժերում գործող կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով uահմանված պարտականությունների և կարգուկանոնի խuտիվ ու ճշգրիտ պահպանումն է:

Անհրաժեշտ է առանձնացնել զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումների բաղադրիչները և գործուն ու հետևողական քայլերի միջոցով հասնել բանակում ամուր և գիտակցված կարգապահության հաստատմանը: Զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումները ունեն չորս բաղադրիչ` զինվորական-ծառայողական, դաստիարակչական-հոգեբանական, իրավական և սոցիալական: Այս բաղադրիչները ամուր կապի մեջ են միմյանց հետ, և դրանց իրագործման մեխանիզմները պետք է գործի դրվեն միաժամանակ, այլապես վերջնական նպատակին հասնելը հեշտ չի լինի:

Զինվորական-ծառայողական բաղադրիչը ենթադրում է, որ պետական իշխանություն կրողների կողմից պետք է ստեղծվեն զինծառայություն անցնելու համար համապատասխան պայմաններ` պատշաճ զորանոց, կենցաղ, անվտանգություն և այլն: Այս ուղղությամբ համապատասխան քայլերը զինված ուժերի հրամանատարության կողմից հետևողականորեն իրականացվում են, և ընդամենը 20 տարվա պատմություն ունեցող մեր բանակը այսօր ունի բավական լավ պայմաններ: Սակայն չպետք է բավարարվել եղածով, և կարելի է ու պետք է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ է՛լ ավելի բարելավելու զինվորական ծառայության պայմանները:

Դաստիարակչական-հոգեբանական բաղադրիչի էությունը հետեւյալն է. զինծառայողներին պարզաբանվում են զինծառայության նպատակները, բանակի հիմնական խնդիրը, դաստիարակվում է պետության պաշտպանի մտածելակերպ, վերհանվում է յուրաքանչյուր զինծառայողի հոգեբանական պատկերը և յուրաքանչյուրի հետ տարվում է համապատասխան աշխատանք: Չնայած ձեռնարկված լայնածավալ աշխատանքներին, այս ոլորտում դեռևս կան բավականին խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումը: Դրանք շատ են քննարկվել և գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Միայն հոգեբանորեն առողջ քաղաքացու հետ համապատասխան դաստիարակչական աշխատանքներ տանելու դեպքում նա կարող է գիտակցաբար դառնալ պետության պաշտպան, այլապես զինծառայությունը կնմանվի ընդամենը պետության հանդեպ կատարվելիք պարտականության կամ բավական բարձր աշխատավարձով աշխատանքի:

Սոցիալական բաղադրիչը կարևոր դեր է խաղում զինվորական կարգապահության ամրապնդման գործում: Այն իր մեջ ներառում է թե՛ բարձր դրամական բավարարում, թե՛ բարձրակարգ և որակյալ բուժսպասարկում, թե՛ հանգստի պատշաճ կազմակերպում, թե՛ նորմալ բնակարանային պայմաններ և մշակութային ժամանց:

Զինվորական ծառայությունը ենթադրում է դժվարություններ, իսկ դժվարությունները կարող են հաղթահարել միայն կամքով և ֆիզիկապես ուժեղները: Սակայն ցանկացած դժվարության հաղթահարում պետք է վարձատրվի ըստ արժանվույն: Զինվորական ծառայությունը պետք է դարձնել հրապուրիչ և պատվաբեր: Իսկ դրա ապահովմամբ բանակը պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ սկզբունքի հիման վրա: Օբյեկտիվ պատճառներով այսօր մեր պետությունը դեռևս հնարավորություններ չունի անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի, սակայն այսօր արդեն մենք ունենք պրոֆեսիոնալ սպայական կազմ, որի դերը շատ բարձր է զինվորական կարգապահության ամրապնդման գործում: Չպետք է մոռանալ, որ այսօր ՌՈՒՀ ավարտած լեյտենանտը վաղը զորամասի հրամանատար և գեներալ է դառնալու: Բանակում չի կարող լինել իրավիճակի հետ համակերպում. զինծառայողը, առավել ևս սպան, պետք է գիտակցի իր առաքելությունը և գործի կարևորությունը, կարողանա վերլուծել իրեն տրված հրամանները և իր օղակում կայացնել ինքնուրույն որոշում: Այս խնդիրը կարևորում է նաև պաշտպանության նախարարը, երբ սահմանում է հրամանի տրման և ստորադաս օղակներում դրանց կատարման կարգը:

Սպան այսօր ծառայության մեջ գտնվելու ժամանակի մեծ մասը մտածում է իր և իր ընտանիքի սոցիալական խնդիրների լուծման մասին, և շատ դեպքերում ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկություն չի ունենում ստեղծագործաբար մոտենալու առաջադրված խնդիրների լուծմանը:

Զինվորական կարգապահության բարձր ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է սպայական կազմի դրամական բավարարումը բարձրացնել։ Սպան չպետք է ապրի նվազագույն կենսամակարդակով:

Պետք է մշակել և զորամասերի տեղակայման վայրերում սկսել զինավանների, դրանց ենթակառուցվածքների (խանութներ, սպայական ակումբներ, մանկապարտեզ, հետագայում նաև դպրոց) կառուցումը:

Ցանկալի է ստեղծել աշխատատեղեր ամուսնացած սպաների կանանց համար (զորամասերի ակումբներում, գրադարաններում, զինավանների խանութներում, մանկապարտեզներում և այլն): Դրանով որոշակիորեն կլուծվի նաև նրանց կանանց զբաղվածության և ընտանիքի կենսամակարդակի բարելավման հարցը:

Հրապուրիչ դարձնելով զինծառայությունը, անհրաժեշտություն է առաջանալու նաև ապահովել որակյալ սպայական կադրերի ճիշտ ընտրությունը: Այդ նպատակով կարելի է քննարկել ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների համար, բացի միասնական քննական գնահատականների, ֆիզպատրաստության և առողջական վիճակի չափորոշիչներից, սահմանել նաև հոգեբանական վիճակի ուսումնասիրման թեստավորում։

Միաժամանակ, պետք է լուրջ ուշադրություն դարձնել սպայական կազմի սոցիալական ապահովության երաշխիքների հստակ իրականացմանը: Այսօր միջին ամսական աշխատավարձի պայմաններում երկարամյա ծառայության կենսաթոշակը կազմում է ընդամենը 70-80 հազար դրամ։ Կարելի է ասել, որ գործնականում չի պահպանվում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով ամրագրված սպայի` արձակուրդի ժամանակ անվճար հանգստանալու և առողջարանային բուժման իրավունքը: Գերատեսչական «Լեռնային Հայաստան» առողջարանի հնարավորությունը երևի հերիքում է միայն սպայական և ենթասպայական կազմի ողջ թվաքանակի 1-2 տոկոսին, իսկ ՀՀ տարածքում գործող մյուս հանգստյան տներում հանգստյան ծախսերի փոխհատուցման կարգը, չգիտես ինչու, արդեն 20 տարի է, չի ընդունվում: Սոցիալական փաթեթի ծրագրով առավելագույնը 80000 դրամի սահմաններում ՀՀ-ում ընտանիքով հանգստանալու մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է` դա կտևի միայն զինծառայողի համար լավագույն դեպքում 4-5 օր:

Հիշե՛նք, որ սոցիալական խնդիրները առաջնային դեր ունեն զինվորական կարգապահության ամրապնդման գործում։

Սոցիալական հարցերը պահանջում են կտրուկ լուծում. քայլ առ քայլ, մասնակի լուծումները չեն տալիս ցանկալի արդյունք։

Իրավական բաղադրիչը զինվորական կարգապահության ամրապնդման միջոցառումների կարևորագույն տարրն է: Ժամանակակից աշխարհում կարգապահությունը դարձել է իրավական կատեգորիա, և անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելով և դրանք համադրելով վերոհիշյալ մյուս երեք բաղադրիչների իրականացման հետ, հնարավոր է բանակում հաստատել ամուր կարգապահություն և այն պահել հաստատուն մակարդակի վրա:

Իրավական միջոցառումները բազմաթիվ են, դրանց մեջ մտնում են իրավական դաստիարակությունը, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, պարտականությունների հստակ սահմանումը, համապատասխան իրավական ակտերի ընդունումը, կարգապահական խրախուսանքների ու տույժերի ճիշտ սահմանումը և նպատակային կիրառումը և այլն:

(շարունակելի)

ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
փոխգնդապետ
ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի
անվան ռազմական
ավիացիոն ինստիտուտի
ավագ սպա-իրավաբան

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Սոցիալ-իրավական


05/09/2012