Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ



Տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։

Սկիզբը՝ նախորդ համարում

Ամանորի տոներից հետո գնացինք «Հայէլեկտրո» գործարան, արտադրության բաժնի պետ, այսօր արդեն գործարանի տնօրեն Սեյրան Մաթեւոսյանի՝ բառիս բուն իմաստով հայրենասեր մի անձնավորություն, մոտ եւ խնդրեցինք մի տարածք հատկացնել։ Նրա միջնորդությամբ՝ տնօրենը գործարանի տարածքում գտնվող պանսիոնատի շենքը ամբողջությամբ տրամադրեց նոր կազմավորվող մեր ջոկատի շտաբին։

Երասխի կռվից հետո ձեռնամուխ եղանք «Տիգրան Մեծ» ջոկատի կազմավորմանը։ Շտաբում, 22 կամավորական ջոկատների հրամանատարների մասնակցությամբ, ժողով գումարվեց, եւ փակ գաղտնի քվեարկությամբ 17 կողմ ձայնով հրամանատար ընտրվեցի ես, ինչը, խոստովանում եմ, անակնկալ էր ինձ համար։

Գուբերնատոր Սամվելի առաջարկությամբ միացյալ ջոկատը անվանակոչեցինք «Տիգրան Մեծ»։ Անմիջապես էլ ձեռնամուխ եղանք ջոկատի վերազինմանը։ Ավելի ճիշտ՝ գնդի վերազինմանը, քանի որ արդեն զենքի տակ 900-ից ավելի մարդ կար։ Վատ էլ զինված չէինք, անգամ «Ստրելլա» ունեինք։

15 փետրվարի, 1990թ.
Սիսիանի Սոֆլու գյուղում անցկացրինք գնդի երդման եւ մարտական դրոշի օծման արարողությունը, որը անցկացրեց ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տիրայրը։ Սուրբ Ավետարանի եւ դրոշի վրա ողջ գունդը երդվեց մինչեւ արյան վերջին կաթիլը կռվել, կռվել մինչ վերջնական հաղթանակ, կռվել հանուն Արցախի, վերջնական ազատության՝ հանուն վերջնական հաղթանակի։

27 փետրվարի
Այդ օրը հարձակվեցինք Նախիջեւանի Գարմ Չարթաղ գյուղի վրա։ Ի դեպ, մինչեւ մեր հարձակումը ադրբեջանցիները Նախիջեւանի կողմից հարձակվել էին Վայքի Բարձրունի գյուղի վրա։ Մեր գործողությունը դրա պատասխանն էր, եւ բավականին հմուտ կազմակերպված։ Հարձակումը սկսեցինք ժամը 12.00-ին։ Մեր հրետանու պետ Դերենիկ Բաղդասարյանի հրամանով 15 համազարկ եղավ, որից հետո հարձակվեցինք ու մտանք Գարմ Չարթաղ։ Մեր հարձակումից հետո էր, որ տխրահռչակ Գորբաչովը «Ժամանակ» լրատվական ծրագրով հայտարարեց, որ մի խումբ էքստրեմիստներ հարձակվել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա։ Ահա այսպես աղավաղված, միակողմանի էր կենտրոնը ամեն ինչ ներկայացնում ողջ աշխարհին։

Մարտի 7
Այդ օրը մենք Սիսիանի ջոկատի տղաների հետ, որոնց հրամանատարը Ազոյան Վովան էր, Սիսիանի Նորավան գյուղի գոմերի մոտ, Քարվաճառի սահմանին ընկանք շրջապատման մեջ։ Տխրահռչակ գեներալ Սաֆոնովը հանձնվելու համար մեզ տվեց 5 րոպե ժամանակ։ Այնուամենայնիվ, բանակցությունները ձգվեցին մինչեւ երեկոյան ժամը 17.00։
Շրջապատումից մեզ ազատեց այն ժամանակվա Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը՝ Առաքելյանը։ Այս դեպքից հետո ես մեկնեցի Շահումյան՝ Շահեն Մեղրյանի մոտ։
1992թ. նոյեմբերի 18-ին մեր կազմավորած «Արծիվ-9» գումարտակով մտանք ազգային բանակի կազմի մեջ։
***
Ամբողջ պատերազմի ընթացքում ինքս ինձ երկու խոստում եմ տվել, առաջին՝ ցորեն ցանել, եւ երկրորդ՝ հիմնել ռազմակրթական վարժարան։ Ինչու՞ հատկապես ցորեն ցանել։ 1992թ. օգոստոսի 23-ին ադրբեջանցիները Գրադ կայանքով ոչնչացրին մոտ 600 հեկտար ցորենի արտեր։ Այդ ժամանակ ես խոստացա , որ հենց տուն վերադառնամ, շրջանի մի տարածքում ցորեն եմ ցանելու եւ ողջ բերքը ուղարկելու եմ Արցախ։ Այն ժամանակվա գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Պետրոսյանի անմիջական օժանդակությամբ 20 տոննա հայկական «Բեզոստյա» տեսակի ցորենի սերմացու բերեցինք Ախուրյանի շրջանի Հովունի գյուղի սերմնաբուծարանից եւ Արմավիրի թռչնաբուծականի տարածքում ցանեցինք։ Ցավոք, մտահղացումս չկարողացա ամբողջովին իրականացնել։

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»-Ի ՀՅՈՒՐԱՍՐԱՀՈՒՄ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԿՈՐՅՈՒՆ ՂՈՒՄԱՇՅԱՆՆ Է

-Չնայած Ձեր դպրոցը ենթարկվում է կրթության եւ գիտության նախարարությանը, բայց եւ այնպես, Ձեր շրջանավարտները հիմնականում համալրում են ազգային բանակի շարքերը, ասել է թե՝ «Տիգրան Մեծը» հայոց զինված ուժերի համար զինվորական կադրեր պատրաստող իսկական դարբնոց է։ Ե՞րբ մտահղացաք զինվորական դպրոց բացելու գաղափարը։

-Ուղիղ 20 տարի առաջ, 1992թ. օգոստոսի 27-ին։ Այդ օրը Հորադիսի Գյուրզա Կոբրա դիրքերում թշնամու հրետանային համազարկից զոհվեցին մայրաքաղաքային գնդի զինվորները, որոնք մեր ազգային բանակի առաջին ծիծեռնակներն էին։ Եվ ես նրանց դիակների վրա երդվեցի՝ եթե ողջ մնամ, զինվորական դպրոց եմ հիմնելու, որտեղ մեր պատանիները ե՛ւ ուսում կստանան, ե՛ւ կմարզվեն, կկոփվեն, եւ որ ամենակարեւորն է՝ քաջածանոթ կդառնան զինվորական գործին։

-Դպրոցի տարածքի հարցը ինչպե՞ս լուծվեց։

-1995 թվականին ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի եւ այն ժամանակ Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանի աջակցությամբ մեզ տրամադրվեց լրիվ ավերակների վերածված թիվ 15 գիշերօթիկ դպրոցի տարածքը, որտեղ մենք հիմնեցինք նախնական զինվորական պատրաստության տարածքային կենտրոն, որի կանոնադրությունը հաստատելուն մեզ աջակցեց Աշոտ Բլեյանը։ Ի դեպ, «Ռազմագիտություն» առարկան ՀՀ դպրոցներում որպես պարտադիր ուսուցման առարկա առաջին անգամ դասավանդվեց Հոկտեմբերյան քաղաքի թվով 11 միջնակարգ դպրոցների 9-րդ եւ 10-րդ դասարաններում, որոնք մեկշաբաթյա պարտադիր նախնական զինվորական պատրաստության դասընթացներ էին անցկացնում մեր կենտրոնում, որտեղ գիշերեցին մեկ շաբաթ։ Մեկ շաբաթյա դասընթացներից հետո քննություն հանձնեցին շարային պատրաստությունից, մարտավարական հիմունքներից՝ անցկացնելով մարտական հրաձգություն, եւ ներքին կանոնադրությունից։ Մեր կողմից գնահատվեցին, եւ այդ գնահատականը անցկացվեց ավարտական վկայականի մեջ։ Հետո այս գործընթացին ներգրավվեց ողջ շրջանը, ապա նաեւ մարզի դպրոցները։

-Հետաքրքիր է իմանալ կանոնադրությունն ո՞վ է հեղինակել։

-1996թ. Մոսկվայից բերեցինք Սուվորովյան կադետական դպրոցի կանոնադրությունը, թարգմանեցինք, ինչ-որ մեզ հարկավոր էր վերցրինք, կազմեցինք ռազմական վարժարանի կանոնադրությունը, եւ այն ժամանակվա կրթության նախարար Ա. Բլեյանի հրամանով բացվեց ռազմական վարժարանի 25 հոգանոց առաջին դասարանը։ Արդեն 1998թ. ճամբար-կենտրոնը վերակազմավորվեց որպես ռազմական վարժարան եւ 1998թ. հոկտեմբերի 17-ին կրթության նախարարի հրամանով անվանակոչվեց Տիգրան Մեծ թագավորի անունով։ Առ այսօր վարժարանը հայոց բանակին տվել է 264 սպա։ Մենք ուսանողներ ունենք ՀՀ բոլոր եւ ՌԴ 18 քաղաքների ռազմական բուհերում։

-Այս տարի քանի՞ շրջանավարտ տվեց «Տիգրան Մեծը», եւ քանի՞սը բուհ ընդունվեց։

-Այս տարի ունեցանք 54 շրջանավարտ, որից 43-ը հետագա ուսումը շարունակելու համար դիմեցին ՀՀ ռազմական բուհեր։ 43-ից 31-ը բուժզննում անցան զինկոմիսարիատներում, որից 16-ն ընդունվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ի դեպ, ասեմ, որ մեր շրջանավարտներից երկուսն էլ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում են դիմել եւ ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

-Հիմնականում ո՞ր խավի երեխաներն են դիմում վարժարան ընդունվելու համար։

-Հիմնականում մեզ դիմում են ՀՀ հայրենասեր գեն ունեցող քաղաքացիների երեխաները։ Կա թյուր կարծիք, որ ռազմական վարժարաններում սովորում են սոցիալապես անապահով, դժվար դաստիարակվող, փողոցային կյանքը սիրող երեխաները։ Ես համամիտ չեմ այդ մտածողությանը, քանի որ նշեցի, որ այդ երեխաները քաջ գիտակցում են, թե ուր են եկել եւ ինչու են եկել եւ պատրաստ են իրենց պատանեկությունը անցկացնելու վարժարանի պատերի ներսում, հետագայում հայոց բանակի սպա դառնալու նպատակով։ Նրանք պատանի հերոսներ են։ Խոսքս բոլոր ռազմական վարժարանների սաներին է վերաբերում։ Վարժարանում աշխատող մանկավարժները հայրենանվեր աշխատանք են կատարում, սաներին վերաբերվելով ինչպես իրենց հարազատ որդիներին։ Ի դեպ, այս պահին շարունակվում է ընդունելությունը «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի 8-12-րդ դասարաններում։

-Չնայած Ձեր գլխավորած կրթօջախը կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ է, բայց վարժարանի սաները հիմնականում ընդունվում են ռազմական բուհեր։ Ի՞նչ աջակցություն եւ օգնություն եք ստանում պաշտպանության նախարարությունից։

-Պատասխանը մեկ նախադասությամբ։ «Տիգրան Մեծ» վարժարանը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական, ամենօրյա հոգածության եւ ուշադրության կենտրոնում։

-Ձեր սաներով հետաքրքրվու՞մ եք. ու՞ր գնացին, ի՞նչ ճակատագիր ունեցան։

-Մշտապես կապի մեջ ենք, ես եմ զանգահարում, իրենք են զանգահարում, հետաքրքրվում ենք մեկս մյուսով, ես իրենց գործերով, իրենք «Տիգրան Մեծով»։ Հպարտորեն եմ ասում, որ մեր կրթօջախի սաները բոլորն էլ սերժանտներ են, դասակի հրամանատարի տեղակալներ։
Գնդապետ Ղումաշյանի խոսքը բերանում էր, երբ նրան զանգահարեց իր նախկին սանը՝ N զորամասում ծառայող դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Օրի Կարապետյանը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ զորամասի հրամանատարությունը որոշել է իրեն ուղարկել կապիտանի դասընթացների։

Պատրաստեց
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


05/09/2012