Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ-2012



Արդեն քանի տարի ավանդույթ դարձած այս ուխտագնացությունը պատգամ է ապագային, թե ինչպես կարելի է կռվել, հող ու հայրենիք պաշտպանել, հավատ ներշնչել քեզանից հետո եկողներին, որ մարդու կյանքում կարեւորը հողի, հայրենիքի եւ պետության կայունությունն է, որի համար միշտ կլինեն հերոսներ ծնող մայրեր, իրենց կյանքը զոհաբերող հերոսներ։

Ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ։ Այդ պատմությունն արձանագրված է խաչքարերի վրա եւ խաչքարերից մեզ նայող խիզախ նահատակների հայացքների մեջ։ Ամեն տարի ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ անցնում են այն վայրերով, որտեղ մեր ընկերներն են զոհվել, եւ այդ վայրերը դարձել են ուխտատեղի ու սրբավայր։ Ուխտագնացությունը նվիրված է մեր անկախ հայրենիքի՝ ՀՀ եւ ԼՂՀ 21-րդ տարեդարձին, մեր ապագային՝ մեր երեխաներին, սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան, պատանի եւ երիտասարդ երկրապահներին, ովքեր շարունակելու են Հայրենիքին ծառայելու սուրբ գործը։

Տարիներ շարունակ ուխտագնացությանը մասնակցում են հանրապետությունում ճանաչված երգ ու պարի տարբեր համույթներ, անհատ երգիչ երգչուհիներ։ Գորիսում, Մարտակերտում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում, Տողում, Մեծ Թաղլարում, Ստեփանակերտում, Շուշիում, Բերձորում իրենց ելույթներով խանդավառություն բերեցին ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը, Էջմիածնի «Վաղարշապատ» համույթը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ գուսան Հայկազունն ու իր համույթը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ աշուղ Ռազմար Սասունցին։ Իրենց ցուցադրական վարժանքներով հանդես եկան «Պատանի երկրապահներ» ակումբի Էջմիածնի ստորաբաժանման սաները՝ Սամվել Գրիգորյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրի բոլոր մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով։

Այս ամենին զուգահեռ ուխտագնացության ժամանակ օգնություն կազմակերպվեց զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, աջակցություն ցուցաբերվեց սոցիալապես անապահով բնակչությանը։

Նոր բարեկամություն ծնվեց գեներալ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարանի եւ ԵԿՄ պատանի երկրապահների միջեւ։ Իսկ Ստեփանակերտի մանկական տուն-ինտերնատը ինչպես միշտ հարազատորեն է ընդունում ու կարոտով բաժանվում ուխտագնացներից։ ԼՂՀ Հադրութի վարչատարածքի Տողաձորի «Նոր կյանք» ջրաշխարհում տեղի ունեցավ միջոցառումների ամփոփումը, որին ներկա էին ԼՂՀ իշխանությունները, վարչակազմերի ղեկավարները, երկրապահների՝ արցախցի մարտական ընկերներն ու մտավորականները։

ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵԿՄ անդամ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


05/09/2012